Հայաստան. երկար ճանապարհ դեպի ժողովրդավարություն

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 5, 2011 15:35

Սպառնալիքների քաղաքականությունը խոչընդոտում է ավելի ժողովրդավարական հասարակության ստեղծմանը:

Թեպետ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գալիք տարվա գարնանը, ընդդիմադիր կուսակցությունները կոչ են անում իրենց կողմնակիցներին դուրս գալ բողոքի ցույցի:

Երկրում տարածված աղքատության եւ գնաճի կապակցությամբ բնակչության շրջանում աճում է դժգոհությունը: Սակայն փորձագետների գնահատականներով` այս ամենը սոցիալական բունտի չի վերածվում երկրի սահմաններից դուրս եղած խնդիրների պատճառով, որոնք գործող իշխանություններն անընդհատ շահարկում են Հայաստանում տիրող ավտորիտարիզմն արդարացնելու համար:

Հայաստանը դեռեւս պաշտոնապես Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է, իսկ հայկական ուժերը վերահսկում են Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանները. գործող իշխանություններն իրենց ռեժիմի նկատմամբ սպառնալիքների դեպքում կարող են շահարկել ազգային անվտանգության խաղաքարտը, ինչը թույլ է տալիս նրանց անտեսել ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ պահանջները:

Կառավարության` ավտորիտար ռեժիմ հաստատելու ձգտումներին եւ Ղարաբաղին աջակցելու վճռականությանը կողմ են նաեւ խոշոր ձեռնարկատերերը, ովքեր ձգտում են պահպանել իրենց մենաշնորհային դիրքերը տնտեսությունում` վախենալով թուրք եւ ադրբեջանցի ձեռներեցների մրցակցությունից, որը կստեղծվեր երկրում խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում:

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք փորձում են օգտագործել սոցիալական դժգոհությունը կառավարության դեմ, կարծում են, որ հասարակությունը միշտ չէ, որ պատրաստ կլինի լռել հանուն ազգային անվտանգության:

Ցույց տալու համար սոցիալական պայթյունի իրական հնարավորությունը Հայաստանում, արմատական ընդդիմություն համարվող Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը փետրվարին կայացած հանրահավաքում ասաց.

«Հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլեւս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, եւ թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա»:

Փորձագետների գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը Հայաստանում տիրող ավտորիտարիզմի միակ պատճառը չէ:

«Պարզ է, որ հայ հասարակություն մեջ խորությամբ է գիտակցվում Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման վտանգավորություն, ինչը ստիպում է հայ հասարակությանը եւ նաեւ քաղաքական ընդդիմությանը լինել առավել զուսպ, եւ շատ հարցերում քաղաքացիները ստիպված են լինում քաղաքական կայունությունը գերադասել դեմոկրատացումից», – նշում է Երեւանի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

Մասնագետները նշում են, որ Հայաստանում ազատությունները գործում են այնքանով, որքանով չեն սպառնում իշխանության վերարտադրությանը: Մինչդեռ ընդդիմության շարքերում եւս միաբանության չկա: Իշխանություններից դժգոհողները շատ են, բայց դժգոհողներից շատերը ՀԱԿ-ին չեն ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր համակիրների պատճառով:

ՀԱԿ-ը չի կարողանում հաջողության հասնել, որովհետեւ շատերը հիասթափվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանից դեռեւս 1990-ականներին` նրա նախագահության տարիներին:

29-ամյա Արթուրը, ով տաքսու վարորդ է, ասաց, որ չի սիրում Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց նրան համարում է «չարյաց փոքրագույնը» ներկա պայմաններում եւ դրա համար է գնում ՀԱԿ-ի հանրահավաքներին.

«Տենում ես` ինչ օրի են հասցրել սրանք (իշխանությունները). իրավաբանական կրթություն ունեմ, բայց տաքսի եմ քշում. զոռով մարդկանց լեւոնական են դարձնում. հիշում եմ Լեւոնի ժամանակ ոնց էր. ահավոր էր, բայց ինչ անենք, սրանք վաբշե են ձեռ են առնում»:

Որոշ վերլուծաբաններ անգամ նշում են, որ արմատական ընդդիմություն համարվող ՀԱԿ-ը համագործակցում է իշխանությունների հետ, քանի վերջին հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել էր, որ իրենք շախմատային պարտիա են խաղում ու չեն շտապում իշխանափոխություն անել:

Փորձագետների գնահատմամբ` Հայաստանում քաղաքական պայքարը ոչ թե միավորումների, այլ անձերի միջեւ է տեղի ունենում, ինչը քաղաքական մշակույթի բացակայության եւ քաղաքական համակարգի անկատարության հետեւանք է:

«ՀԱԿ-ը ունի, երեւի թե, մի քանի տասնյակ հազար համակիր: Ավելի քիչ են Ժառանգության համակիրները, քանի որ այն ձեւավորված կերպար չունի. դա ավելի շուտ անհատների հավաքածու է: Րաֆֆի վերջին քայլերը եւ զուգահեռ ՀԱԿ-ի կողմից Րաֆֆիին չընդունելը հնարավոր է` հանգեցնի Ժառանգության վարկանիշի որակապես բարձրացմանը», – նշում է տեղեկատվության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Մարտի 15-ից Ազատության հրապարակում հացադուլ էր անցկացնում Րաֆֆի Հովհաննիսյանը, ում մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ չի մոտեցել ու աջակցություն չի հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս հանգամանքը վեր է հանում ընդդիմության շարքերում եղած անմիաբանությունը:

Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության (ՀԵՔԳՄ) նախագահ Արման Վարդանյանը նշում է, որ 66-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, թե նա պատրաստվում է հրաժարվել ՀԱԿ-ի առաջնորդի ղեկից: Վարդանյանը ուշադրություն է հրավիրում Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը` «գիտեմ, որ ձեզնից շատերը ինձ «պապի» են ասում»:

Սա, ըստ քաղաքագետի, առաջին նախագահի կողմից իրեն ժառանգորդ պատրաստելու հստակ հաղորդագրություն էր. «Տեր-Պետրոսյանը դրանով փորձեց ցույց տալ, որ ինքն այլեւս ցանկություն չունի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում: Բայց, ըստ իս, որեւէ նոր կերպար (ժառանգորդ) 2013-ին չի կարող դառնալ գործող նախագահ Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից:

Արման Վարդանյանի խոսքերով` թեեւ կոալիցիոն «թիմը» ավելի ծանրակշիռ ներկայություն կունենա Խորհրդարանում, ֆորսմաժորի բացակայության դեպքում 2012 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը ԱԺ-ում կապահովի 20-25 տոկոսանոց ներկայություն, իսկ Դաշնակցությունն ու Ժառանգությունը կփորձեն հաղթահարել 5 տոկոսի շեմը:

Արդյունքում` իշխող կոալիցիան կպահպանի իր գերիշխող դիրքերը, իսկ ավելի ժողովրդավարական երկիր դառնալու գործընթացում լուրջ առաջընթաց չի արձանագրվի:

Ավելի ընդհանրացնելով Հայաստանի քաղաքական դրության պատկերը` քաղաքագետ Գարիկ Քեռյանը նշում է, որ անկախության նվաճումից մինչ օրս` 20 տարիների ընթացքում, լիարժեք ժողովրդավարական հասարակություն ստեղծել չկարողանալու համար կան եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ պատճառներ:

Ըստ Քեռյանի` օբյեկտիվ էին տնտեսական փլուզումը, կոմունիկացիոն շրջափակումը, Ղարաբաղյան հակամարտությունը եւ Ռուսաստանի եւ մյուս մեծ տերությունների շահերի բախումը տարածաշրջանում:

Վերլուծաբանները նշում են, որ օրինակ, ռուսական գործոնը Հայաստանի զարգացման վրա բացասական է ազդում, բայց Հայաստանն անվտանգության այլ երաշխավոր չունի:

«Չունենալով անվտանգության ապահովման այլ երաշխիքներ` Հայաստանն արդեն 20 տարի շարունակ իր անվտանգությունը տեսնում է Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցության եւ ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) անդամակցության մեջ», – նշում է Քեռյանը, ով այս համատեքստում բնական է համարում նախորդ տարի Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը:

«Դա կարող էր տեղի չունենալ միմիայն տարածաշրջանում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների հետեւանքով, իսկ նման փոփոխություններ առայժմ չկան, քանի որ կորցնելով Վրաստանը, Ռուսաստանը ձգտում է փոխլրացնել այն Հայաստանի վրա ազդեցության ավելի ամրապնդմամբ եւ Ադրբեջանում ազդեցություն ձեռք բերելու գնով», – ասում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

2010-ի ամռանը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն ստորագրեցին` ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացնելով 25 տարվա փոխարեն 49 տարով:

Հայաստանի Ազգային անվտանգության հայեցակարգը կարեւորում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում` որպես Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման գործոն, բայց միեւնույն ժամանակ սահմանում է, որ Հայաստանը հետամուտ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի (NATO) հետ ակտիվ եւ արդյունավետ հարաբերությունների զարգացմանը:

Քեռյանն, այնուամենայնիվ, համոզված է, որ Հայաստանի ցանկացած քայլ ռուսական ազդեցությունից դուրս գալու ուղղությամբ կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ ղարաբաղյան ճակատում. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը զսպիչ դեր է կատարում Ադրբեջանի հնարավոր ռազմական նախաձեռնությունների նկատմամբ»:

Միեւնույն ժամանակ, հայ-թուրքական վերջին տարիների մերձեցման գործընթացը, կարծես, փակուղու մեջ է հայտնվել:

Արտաքին փոփոխությունների բացակայության համատեքստում ոչ մի խթան չկա, որը թույլ կտար փոխել քաղաքական ներկա փոքր էլիտայի եւ տնտեսական շահերով ղեկավարվող, օրենքով պաշտպանված օլիգարխների կողմից վերահսկվող համակարգը:

«Մենք ունենք արտոնյալ խավ, որը ոչ միայն օրենքն է շրջանցում, այլեւ պետությունն է օգտագործում իր շահերի համար», – ասում է ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնտեսության եւ սփյուռքի հարցերով ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանն իրականությունը ավելի մութ գույներով է ներկայացնում. «Ի հեճուկս իրեն բարեփոխիչ հռչակած կառավարության ջանքերի` տնտեսությունը մնում է զավթված մի քանի ընտանիքների կողմից, որոնք նաեւ տիրապետում են պետության քաղաքական իշխանությանը»:

«Ընդունակ չլինելով հարկային դաշտ բերել խոշոր օլիգարխներին` կառավարությունը ստիպված է հարկային ամբողջ բեռը ծանրացնել փոքր եւ միջին բիզնեսի եւ շարքային քաղաքացիների ուսերին, որը սրընթաց տեմպերով ոչնչանում է կամ արտագաղթում այլ երկրներ», – նշում է Խուրշուդյանը:

2009 թվականից ՀՀ նախագահին կից գործող Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով` Հայաստանի Սահմանադրությունը ժողովրդավարական է, եւ երկրում խոսքի ազատությունը չի սահմանափակվում. խոսքի ազատության ոլորտում թերություններ կան միայն հեռուստատեսային դաշտում, օրինակ` տարիներ առաջ «Ա1+»-ը փակելու փաստը:

Ամեն դեպքում, Մանուկյանը նշում է, որ ֆունդամենտալ թերություններ կան Հայաստանի ժողովրդավարական համակարգում. «Դեմոկրատիայի զարգացումն իրականանում է ալիքաձև»:

«1990 թվականի խորհրդարանական ու 1991թվականի նախագահական ընտրությունները ժողովրդավարական էին, բայց 1995-ին եւ 1996-ին մեծ հետքայլ կատարվեց ժողովրդավարությունից, եւ այդ ժամանակվանից ձեւավորված ընտրությունների կեղծման ավանդույթը, ցավոք, փոքր փոփոխություններով, դեռեւս շարունակում է պահպանվել», – ասում է Մանուկյանը:

Ֆունդամենտալ թերությունների շարքում Հանրային խորհրդի նախագահը նաեւ մատնանշեց դատաիրավական համակարգի անկատարությունը եւ շրջափակման մեջ գտնվող փոքր երկրի շուկայում ձեւավորված մենաշնորհները` յուրաքանչյուրն իր օլիգարխով, ինչն էլ, ըստ նրա, էապես ազդում է տնտեսական ազատ մրցակցության ձեւավորման վրա: Իսկ ոչ ազատ տնտեսությունը ազդում է նաեւ դեմոկրատական ինստիտուտների վրա:

Վահան Դիլանյանն ազատ լրագրող է Հայաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:  (www.iwpr.net)

Դիտվել է 2581 անգամ:
Print Friendly

Leave a Reply