Տպագրվել է «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» հուշամատյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 5, 2011 10:48

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաբանով առաջին անգամ հայ իրականության մեջ տպագրվել է «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» /2010/  հուշամատյանը:

Այն աշխարհում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի առիթով կառուցված հուշարձանների համահավաք վավերագիր մատյան է, ուր յուրաքանչյուր կոթող փաստում է Օսմանյան Թուրքիայի կողմից մարդկության ու քաղաքակրթության դեմ ոճրագործության դատապարտումը: «Նախաձեռնելով պատկերագրքի ստեղծումը` ՀՀ սփյուռքի նախարարությունը նպատակ է ունեցել մեկ գրքի մեջ ամփոփել Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և արտերկրում գտնվող հուշակոթողները` որպես չխամրող հիշողություն ցավի և ողբերգության, պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության դատապարտման և նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտություն»,- իր խոսքում գրում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

XIX դարի վերջը և XX դարի սկիզբը հայ ժողովրդի համար ճակատագրական ժամանակաշրջան էր: Օսմանյան կայսրությունը ծրագրեց և իրագործեց հայոց Մեծ Եղեռնը: Տեղահանվեցին, աքսորվեցին, կրոնափոխ արվեցին ու սրի զոհեր դարձան հարյուր-հազարավոր հայեր: Այս իրողությունը ժամանակին դատապարտեցին օտարազգի առաջադեմ  հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ Հենրի Մորգենթաուն,Արմին Վագները, Աննա Հեդիգ Բյոլը, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Անատոլ Ֆրանսը, Բենեդիկտոս XV-ը, Ֆրիտյոֆ Նանսենը և այլք:

Աշխարհի տարբեր ծագերում  /Արգենտինա, Բրազիլիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Իրան, Սիրիա, Լիբանան, Հնդկաստան, Եգիպտոս, Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ, ՀՀ և այլուր/ ապրող հայի հիշողությունը, որ նաև ճակատագիր է, ստիպում է ունենալ հայ մնալու գիտակցությունը: Ժողովածուն բացվում է Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված հուշահամալիրի ազդու պատկերով:

Պատկերագրքում զետեղված յուրաքանչյուր խաչքարի, յուրաքանչյուր հուշարձանի մեջ  ծածկագրված  լռություն կա, որ ներըմբռնելի է եղելության ժամանակի ռեզոնանսում, քանզի յուրաքանչյուր հայի հոգում ողջ հայություն է ապրում, Սկզբի ու Վերջի միջև` շարունակական, որ Ընթացքն է` հարատև, առանց դադար, ինչպես Դանիել Վարուժանն է ասում` «…արյունից պիտի ծնվին կակաչներ, պիտի կանգնին գերեզմանին մեջ իրենց…»:

Ճակատագրի ու պատմության ներքին դրաման ամբողջանում է գիրքը թերթելիս, աշխարհի ընկալումը երևում է միջնորդված բանականությամբ չտրվող կոթողների չհաղթահարվող պատկերներով, որոնք նույն աշխարհը դարձնում են տեսիլք, վերակենդանացնում նզովյալ ճանապարհների, աղետի ու աքսորի անվերջ զարհուրանքը, որ մահվան հիշողության հաճախանքն ունի:

Աշխարհը եղել է ու կա, ու աշխարհը մեծ է, ու անհայտի հակադրված որոնումը պարփակում է անիծյալ ժամանակի ու մի ողջ սերնդի  գոյաբանական ողբերգությունը:

«Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը ևս մի հուշարձան է, որ իրական է, և թվում է ` անիրական, ինչ-որ մի ժամանակ տեսնված տեսիլք, հուշ-ապրում, զարթուն ողբերգություն: Ու ջղերի լարումից կծկված բոցի մի տեսակը` սպիտակ լույսը, անընդհատ հիշեցնում է անապատի շիկացող տեսարանները, որոնցից վեր դատարկ երկինքը բերնեբերան լցվում է հողի լռությամբ, համաշխարհի աշխարհագրությունը նույնանում է հայի հոգու աշխարհագրությանը: Ծածկագրված այս լռությամբ էլ վերծանվում են մարդ-գազանի հնարավոր բոլոր կարողությունները, որոնցից փրկվածները հետո դարձել են  օտար ափերում դեգերող միայնակ աստղեր ու ձևավորել հայկական ՍՓՅՈՒՌՔԸ:

Դիտվել է 1298 անգամ:
Print Friendly

Leave a Reply