Ուկրաինացի օղի արտադրողները զայրացել են գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 4, 2011 21:19

Ուկրաինացի օղի արտադրողները զայրացել են պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության վրա` «անբարեխիղճ մրցակցության համար»:

Ուկրաինական «էկոնոմիչեսկիե իզվեստիյա» թերթը գրում է, որ «Ալեքս Գրիգի» արտադրած «Ուկրաինա» օղին անասելի նման է «Ուկրաինկա»-ին, որն արտադրում է  ուկրաինական «Ալեֆ-Վինալ» ընկերությունը, «Խլոպվի» օղին նման է ուկրաինական «Խորտիցա»-ին,  «Պրեմիումը»` ուկրաինական «Պրայմ»-ին: Մոլորության մեջ է գցում նաեւ «Խլեբնի դար» անունով օղին:

Global Spirits ընկերության («Խորտիցա», «Շուստով», Oreanda ապրանքանիշեր) մարկետինգի գծով տնօրեն Գերոգի Մայորովը հայտնել է, որ Հայաստանում վաճառվում է օղի, որն արտաքնապես շատ նման է ուկրաինական ապրանքանիշներին: «Բայց շատ հեշտ է պարզել, ուկրաինական է, թե հայկական, անգամ շշից եւ պիտակից: Գլխավոր տարբերությունը գինն է: Տեղականը զգալիորեն զիջում է որակով եւ մի քանի անգամ էժան է»,- պնդել է նա:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տուգանել է «Ալեքս Գրիգ»-ին ընդհանուր առմամբ 2,5 միլիոն դրամով` օղու շուկայում անբարեխիղճ մրցակցության համար: Մասնագետների կարծիքով, հայկական ընկերության օղիները կարող են մոլորության մեջ գցել սպառողներին: «Ալեքս Գրիգի» ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը լրագրողներին հայտնել է, թե օղիների նմանությունը անբարեխիղճ մրցակցություն չի համարում եւ խոստացել է հանձնաժողովի որոշումը բողոքարկել դատարանում:

Ըստ պարբերականի ուկրաինացի գործարարները դժգոհել են, որ հայկական ընկերությունը պատկանում է Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, եւ «դատարանի որոշումները ոչինչ փոխել չեն կարող»:

Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Վալերի Պյատնիցկին հայտարարել է, թե այժմ աշխատանքներ են տարվում Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Հայաստանում կան խախտումներ մենք շփվել ենք հայկական կողմի հետ, սակայն որեւէ պայմանավորվածության չեն հանգել»,- ասել է նա եւ հավելել, որ եթե ԱՀԿ-ի միջոցով էլ հարցը չլուծվի, ուկրաինական իշխանությունները միջոցներ կձեռնարկեն:

Դիտվել է 1883 անգամ:
Print Friendly

Leave a Reply