Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2011 21:15

Հանրապետության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:

Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաև «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների միջև:

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները:

Նախագահները բանակցությունների օրակարգը համարել են բավականին հագեցած, քննարկումները` արդյունավետ: Նրանք վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը, արձանագրել, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը: Նախագահներ Սարգսյանը և Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից:

Պաշտոնական այցի շրջանակում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի և Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: Վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական տնտեսական համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության բնագավառում:

Նախագահ Սարգսյանը Սերբիայի ԱԺ նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply