Տարածաշրջանային խնդիրներ և անհրաժեշտ քննարկումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | April 4, 2011 18:56

Շրջանային մակարդակի վրա իրադարձություններու զարգացումը տարաբնույթ մեկնաբանություններու դուռ բացած է։ Ընդհանուր ուղղվածությունը շրջանի երկիրներու ժողովրդավարացման կհակի։ Երևութական այս ուղղվածությունը, սակայն, խորքին մեջ գերտերություններու ազդեցության գոտիներու ընդարձակման նպատակով իրականացվող քաղաքականության ընդհանուր պարունակի մեջ կտեղադրվի։ Տեղ-տեղ միջամտելու հստակ որոշումներ, այլ տեղեր լրատվական քաղաքականության կիրակումով թե մթնոլորտ ստեղծելու հստակ ճիգեր. ուրիշ երկիրներու պարագային գործող իշխանությունները հեռացնելու հորդորներ, իսկ այլոց պարագային ալ բարեկարգումներու ակնկալիքներ։ Յուրաքանչյուր երկրի նկատմամբ, կթվի, թե հատուկ հայտարարողական քաղաքականություն կիրարկված է միջազգային ընտանիքին կողմե, առաջնորդությամբ անշուշտ Միացյալ Նահանգներուն։ Այստեղ դեր ունին կատարելիք ՄԱԿ-ը, մյուս գերտերությունները, ՕԹԱՆ-ը և և համապատասխան կառույցներ։

Փորձենք մոտենալ հայկական գործոնին հետ առնչվող խնդիրներուն։ Սուրիո տարածքին ծայր առած շարժումները կտրուկ շրջադարձ ունեցան, երբ հատկապես երեկ, նախագահին հանդեպ ցուցաբերված զորակցության զանգվածային ալիքն իր տարողության տակ նսեմացուց բողոքի ելույթները։ Այստեղ էր փաստորեն, որ պաշտոնական Անկարան, նախքան զորակցական ալիքի մակընթացությունը, հեգնական շեշտով և իր արտաքին հարցերու գերատեսչության ղեկավարին ճամփով հոխորտաց, որ վաղուց խորհուրդ տված է բարեկարգումներու ձեռնարկելու։ Ապա, ի տես բողոքի ելույթներու ալիքի տեղատվության և անոնց դիմաց ժողովրդային տրամադրության աննախընթաց դրսևորման, այս անգամ իր վարչապետին ճամփով հայտարարելու, թե Թուրքիան անտարբեր չի կրնար մնալ իր ռազմավարական նոր գործընկերոջ ապրած իրադարձություններուն դիմաց։ Այս հայտարարությունը գրեթե զուգահեռ էր Սաուդյան Արաբիո  հայտնած զորակցության և մանավանդ պաշտոնական Վաշինգտոնի  կողմե սիրիական օրինակի առանձնացման, ընդգծելով ուժային միջամտության ընտրանքի չգոյությունը կամ իշխանափոխության բացառումը։

Պաշտոնական Անկարայի ցուցադրած քաղաքական այս աճպարարությունը վստահաբար աննկատ չ՛անցնիր։ Հիշենք, որ օրին քաղաքական հոգեվարք ապրող Եգիպտոսի իշխանություններուն դաս տվող Անկարան ստացավ հատու պատասխան մեկնող իշխանություններեն։

Անցնինք։ Դեպքերը, որոնք կպատահին իբրև աշխարհագրական տարածք, կարևոր են հայության համար։ Ա՛յն երկիրներուն մասին կը խոսինք, ուր դասական Սփյուռքի հայահոծ գաղութներ կգործեն և որոնք շատ հասկնալիորէն կտագնապին ոչ հստակ հեռանկարներու իրականության դիմաց։ Միջին Արևելքի գաղութները կարևոր են հավասարապես թե՛ Սփյուռքին և թե՛ Հայաստանի Հանրապետության համար։ Ճիշտ է, որ իրադրությունները սերտորեն կապ ունին աշխարհաքաղաքական մակարդակի վրա  արձանագրվող գործընթացներու հետ, այսուհանդերձ հայկական անուղղակի առնչությունները այս բոլորին պետք է քննարկել։ Ավելի ճիշտ բանաձևումով, այս բոլորին ազդեցությունները հայկական համայնքներուն վրա  իր զանազան հնարավոր հետևանքներով պետք է լուսարձակի տակ բերել։ Հեռու՝ խուճապային տրամադրություններե հարցերը պետք է քննարկել տարածաշրջանի մակարդակով ցանցային համախմբումով և այդ տրամաբանությամբ։ Խնդիրներն ու երևույթները և տակավ զարգացող իրադրությունները փոխկապակցված են  և անոնց պատճառահետևանքային տրամաբանությամբ քննարկումները կրնան լույս սփռել իրադրություններուն առաջիկա  ուղղվածություններուն վրայ։

Ստեղծված ճգնաժամերը տեղայնական խնդիրներ չեն անշուշտ։ Հայկական առումով անոնց հավանական ազդեցություններու քննարկումները ևս տեղայնական չեն կրնար ըլլալ։ Իսկ այստեղ արդեն մասնակցություն պետք է ունենա  նաև հայկական պետական գործոնը։

Շահան Գանտահարյան

«Ազդակի» գլխավոր խմբագիր

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply