ԵԽԽՎ-ում հայկական կողմը կբարձրացնի ադրբեջանական վանդալիզմի, գերիներին կտտանքների ենթարկելու խնդիրները
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 4, 2011 17:35
Ապրիլի 11-ից աշխատանքներն է սկսելու Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` եվրոպական կառույցի գարնանային նստաշրջանի օրակարգում Հայաստանին առնչվող հստակ հարց ընդգրկված չէ, սակայն լինելու են զեկույցներ, որոնց շրջանակներում հայաստանյան պատվիրակության անդամները ներկայացնելու են մեր երկրին հետաքրքրող մի քանի հարցեր:
Մասնավորապես` Ն. Զոհրաբյանը պատրաստվում է եւս մեկ անգամ բարձրացնել Ջուղայում հայկական խաչքարերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կիրառած վանդալիզմի հարցը: «2007 թվականին ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը պետք է այցելեր Ջուղա` ուսումնասիրելու իրականացված վանդալիզմը, սակայն ադրբեջանական իշխանությունների շանտաժի արդյունքում դիտորդական առաքելության աշխատանքը տապալվեց»,- նկատեց նա:
Բացի այդ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը բարձրացնելու է նաեւ գերիներին կտտանքների ենթարկելու ադրբեջանական իշխանության գործելաոճը: Որպես փաստ` Ն. Զոհրաբյանը ներկայացնելու է հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքը, ով, ըստ ադրբեջանական իշխանությունների, ինքնասպանություն էր գործել, ինչը, սակայն, հայկական կողմը կասկածի տակ էր առել, քանի որ Սարիբեկյանի դիակը փորձաքննության ենթարկելուց հետո վերջինիս մարմնի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր:






Facebook
Tweet This
Email This Post
