«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական մարմին է հիմնել Ռումինիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 4, 2011 17:44

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Ռումինիայում հիմնեց տեղական մարմին եւ իր մեծ ընտանիքը համալրեց եւս մեկ անդամով: Ռումինահայության հանգանակություններն ի շահ Հայաստանի եւ Արցախի շենացման այսուհետ կիրականացվեն առավել համակարգված եւ նպատակաուղղված:

Համայնքի հետ տեղում ծանոթանալու, գրասենյակի հիմնմանն առնչվող  հարցերը կարգավորելու եւ Հիմնադրամի գործունեությունը համայնքին առավել բովանդակալից ներկայացնելու նպատակով ս.թ. մարտի 20-ին եռօրյա  աշխատանքային այցով Ռումինիա էր մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: Բուխարեստում նրան ընդունեցին Ռումինիայի հայ արքեպիսկոպոսության թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ.Տաթեւ Վարդապետ Հակոբյանը, Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի սենատի անդամ, ֆինանսների նախկին նախարար Վարուժան Ոսկանյանը, համայնքում հեղինակություն վայելող այլ անձինք, այդ թվում` Կարապետ Խաչատուրյանը, ով նախկինում ակտիվորեն  մասնակցել էր դրամահավաքի  կազմակերպմանը, ընդհանուր համաձայնությամբ նշանակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի տեղական մարմնի ատենապետ: Հանդիպումների եւ միջոցառումների կազմակերպմանը եւ արդյունավետ իրականացմանը մեծապես սատարում էին Ռումինիայում Հայաստանի դեսպան պարոն Համլետ Գասպարյանը եւ հյուպատոս տիկին Նելլի Մաթեւոսյանը:

Հանդիպումների շարքը մեկնարկեց Բուխարեստի հայկական եկեղեցում մատուցված կիրակնօրյա պատարագով, որի ավարտին Տաթեւ Վարդապետ Հակոբյանը ներկայացրեց «Հայաստան» հիմնադրամի համահայկական առաքելությունը եւ Հրաչ Հովհաննիսյանի այցելության նպատակը: Իր ողջույնի խոսքում պարոն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ Ռումինիայի հայ համայնքի միասնականությունն առավել վառ կդրսեւորվի մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդմամբ եւ հայրենաշինության գործին իր ակտիվ մասնակցությամբ:

«2010-ին ռումինահայերի փոքր համայնքն ավելի քան 14 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն կատարեց Հիմնադրամին: Գումարը կուղղվի 2011թ-ին իրականացվող մեր ծրագրերին: Ռումինիայում գրասենյակի հիմնումն այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին ոչ միայն կկապի հայրենիքի հետ, այլեւ հնարավորություն կտա մասնակցել հայրենիքի բարգավաճման ու հզորացման գործին: Մենք ուժեղ ենք, երբ մեկտեղում ենք մեր ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ», – ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքը եւս ջերմ ընդունելության  արժանացրեց Հիմնադրամի ներկայացուցչին: Հանգամանքների բերումով այստեղ հիմնված մեր հայրենակիցները, որոնցից շատերը 50-60-ական թվականներին էին վերջին անգամ եղել հայրենիքում, հուզված էին թե’ հայաստանյան հյուրի այցելությունից, եւ թե’ հայրենիքի մասին իրենց հիշողություններից: Համայնքի ղեկավար Ավետիս ա.քհն. Մանդալյանի խոսքով` Կոնստանցիայի նախկին ստվար համայնքից այսօր շուրջ 200 հոգի է մնացել: Ավագ սերունդը գնալով պակասում է, իսկ երիտասարդները մեկնում են արտերկիր` աշխատելու կամ ուսում ստանալու: Կարեւորելով հայրենիքի հետ կապերի ակտիվացումը` Տեր հայրը հույս հայտնեց, որ Կոնստանցիայի փոքրաթիվ համայնքն իր համեստ լուման կունենա «Հայաստան» հիմնադրամի առաջիկա ծրագրերում: Նրա խոսքով` համայնքի ավագ ներկայացուցիչները եւ անձամբ ինքը քաջալերում են համայնքի անդամներին եկեղեցի հաճախել եւ ամեն գնով պահպանել իրենց լեզուն եւ ինքնությունը:

Այցելության ավարտին Հ.Հովհաննիսյանը հանդիպեց «Արարատ» շաբաթաթերթի   եւ «Նոր կյանք» ամսաթերթի խմբագիրների հետ, ովքեր հանձն առան ամեն կերպ աջակցել Հիմնադրամի գործունեությունը լուսաբանող հաղորդագրությունների տարածմանը համայնքում: Կոնստանցիայի հանրային ռադիոկայան “Armenian Nation and Civilization” հաղորդաշարը,  որը շաբաթը մեկ անգամ մեկ ժամ անընդմեջ ռումիներեն ներկայացնում է լուրեր Հայաստանից, այսուհետ իր հաղորդումներում կանդրադառնա նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն արդեն իսկ աշխարհին ներկայանում է 18 երկրում գործող 21 տեղական մարմիններով:

Դիտվել է 1570 անգամ:
Print Friendly

Leave a Reply