Առաջին անգամ Վենետիկի բիենալեում Հայաստանը կներկայացնի կառավարությունը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 4, 2011 16:48

Գրիգոր Խաչատրյան. ֆոտոպերֆորմանս

Առաջին անգամ Վենետիկի բիենալեում Հայաստանը ներկայացնելու է կուրատորական խումբը, որը բաղկացած է 4 համադրողներից. Արմինե Անտիկյան, Վարդան Ազատյան, Նազարեթ Կարոյան և Ռուբեն Արևշատյան:

Վենետիկում Հայաստանը ութ անգամ  ներկայացրել է  Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ): 2010 թ. օգոստոսին հրավիրված ասուլիսում կուրատորական խումբը ներկայացրել է բիենալեում հայ ժամանակակից արվեստի դեմքը ներկայացնող երեք արվեստագետներին` Մհեր Ազատյանին, Գրիգոր Խաչատրյանին և Աստղիկ Մելքոնյանին:

Բիենալեն մեկնարկում է հունիսի 4-ին և կտևի մինչև նոյեմբերի 24-ը: Այն կրում է «ILLUMInations» խորագիրը: Բիենալեի կուրատորը Բիչե Կուրիգերն է: Նա արվեստաբան է, Ցյուրիխից,  «Parkett» ամսագրի գլխավոր խմբագիրն է և աշխարհի ժամանակակից արվեստի խոշորագույն  թանգարաններից մեկի` Zurich Kunsthaus- ի տնօրենը:

Վենետիկում պետությունը ներկայացնելու իրավասությունը վերապահված է մշակույթի նախարարությանը, որն էլ այս տարի կոմիսար է նշանակել Վիկտոր Մնացականյանին: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է:

Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը «Անկախին» ասաց` ժամանակն էր, որ այլ արվեստագետներ  նույնպես հնարավորություն ունենային ներկայանալու բիենալեում: «Ամբողջ աշխատանքային խումբը սերտ կապի մեջ է պարոն Պալասանյանի հետ,- ասաց նա,-  հաշվի է նստում նրա կարծիքի հետ ու խորհուրդներ հարցնում»:

ՆՓԱԿ-ի հիմնադիր տնօրեն Էդվարդ Պալասանյանը «Անկախին» գոհունակություն հայտնեց, որ ՀՀ կառավարությունը վերջապես ստանձնել է իր պետությունում ստեղծված ժամանակակից արվեստը Վենետիկում ներկայացնելու գործը: «Մենք որևէ դժգոհություն չունենք. մեր հաջողությունն է, որ կառավարությունը վերջապես տեր է կանգնում դրան,- ասաց Պալասանյանը,- և մի հսկայական բեռ իմ ուսերից ընկել է:  Ես էլ իմ փորձը ինչքան կարող էի փոխանցեցի աշխատանքային խմբին»:

Պալասանյանն ասում է, որ նույն զգացողությունն է, երբ որևէ արտիստ հեռանում է  ՆՓԱԿ-ից: «Դա նշանակում է, որ նա արդեն հասունացել և անկախացել է, և մեր կարիքն այլևս չունի»,- ասում է նա:

1995 թ., երբ առաջին անգամ Հայաստանը մասնակցել է բիենալեին, Էդվարդ Պալասանյանը դիմել է ՀՀ կառավարությանը` խնդրելով պաշտոնական նամակ գրել Վենետիկ, հաստատելու Հայաստանի մասնակցությունը: Առաջին անգամ Հայաստանը Վենետիկում ներկայացրել են արվեստագետներ Կարեն Անդրեասյանն ու Սամվել Բաղդասարյանը:

«Այդ ժամանակից ի վեր ամեն ինչ արվել է մեր նախաձեռնությամբ, իսկ բյուջեն հավաքվել է սփյուռքում իրականացված հանգանակություններից, որը միշտ կազմակերպել է Սոնյան (Պալասանյանի կինը),- ասում է նա,-  միայն նախորդ անգամ մշակույթի նախարարությունը բյուջեում ունեցել է մեկ երրորդ մասնաբաժին»:

2009 թ. բիենալեի բյուջեն, որտեղ ներկայացվել է վրացահայ նկարիչ Գայանե Խաչատրյանը, եղել է 23 հազար դոլար, որից 8 հազար դոլար տվել է մշակույթի նախարարությունը: Թե որքան կլինի այս տարվա բյուջեն, առայժմ պարզ չէ:

Սոնա Հարությունյանն ասաց, որ այս պահի դրությամբ մշակույթի նախարարությունը վստահաբար կներդնի 5 մլն. դրամ (մոտ 13 հազար դոլար), սակայն դա չափազանց քիչ է:

«Մնացած գումարը կհայթայթի կոմիսարը, որի գործառույթն է հենց գտնել հովանավորներ նախագծի համար,- ասաց նա,- բացառված չէ նաև, որ  մշակույթի նախարարության չափաբաժինը  նույնպես ավելանա այդ ընթացքում»:

Մհեր Ազատյան

Ռուսաստանն, օրինակ, 2011 թ. hամար նախատեսել է 10 մլն. ռուբլի (մոտ 330 հազար դոլար):

Հայկական տաղավարը Վենետիկի բիենալեում` ինչպես և տարիներ շարունակ, լինելու է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում: Այն մոտ 100 քմ տարածքով երեք սենյակ է: Տաղավարը Հայաստանին տրվում է անվճար:  Այս ավանդույթը եղել է ամենասկզբից: Վենետիկում տեղ վարձելը բավական թանկ է: Արսենալեում, որտեղ կազմակերպվում է բիենալեի հիմնական ցուցադրությունը, 50-100 քմ տարածքը 6 ամսվա համար արժի 15-20 հազար դոլար:

Արսենալեն մի չաշխատող նավահանգիստ է, որի պահեստներում էլ կազմակերպվում է բիենալեի հիմնական ցուցադրությունը: Թուրքիան արդեն երրորդ անգամ ներկայանում է Արսենալեում:

Պալասանյանն ասում է, որ իր կոմիսար եղած ժամանակներում աշխատել է տարածք վարձակալել Արսենալեում, սակայն դրամի պակասության պատճառով չի ստացվել: «Եթե Մուրադ-Ռաֆայելյանում քո տաղավարը տեսնում է 10-15 հազար մարդ, Արսենալեում տեսնում են հարյուր հազարները,- ասում է նա,- բայց Մուրադ-Ռաֆայելյանն էլ աստիճանաբար դառնում է երրորդ տեղը իր նշանակությամբ»:

Վենետիկում ամենապատվավոր տեղը համարվում է Ջիարդինին, որը մեծ պուրակ է քաղաքի ծայրամասում: Սկզբնապես միայն այստեղ է եղել ցուցադրությունը, այնտեղ հիմնական տեղ են ունեցել ցարական Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և այլ երկրներ: Վերջինը տաղավար է տրամադրվել Իսրայելին ու Կորեային, դրանից հետո այն այլևս փակվել է նոր երկիր հյուրընկալելու համար: Ջիարդինիում ցուցադրվում է 26 երկիր, մնացած 70 և ավելի երկրներն արդեն ցուցադրվում են Արսենալեում, Մուրադ-Ռաֆայելյանում և այլուր:

Հայկական կուրատորական խմբի ներկայացրած կոնցեպտը կրում է «Ձեռնարկներ. նոր համընդհանրության ենթակաները» խորագիրը և ունենալու է դիսկուրսիոն մաս:

Համադրողներից Նազարեթ Կարոյանն «Անկախին» ասում է, որ իրենց նախագիծը ավելի շուտ էր պատրաստ, քան հայտնի դարձավ բիենալեի կոնցեպտը: «Մեր նախագիծը միանգամայն համահունչ է ընդհանուր կոնցեպտին, քանի որ հայաստանյան նեղ արվեստի շրջանակները, մեծ հաշվով, իրենց գաղափարներով համահունչ են աշխարհային զարգացումներին»,- մեկնաբանում է նա:

Կոնցեպտի հիմնական միջուկը ներկայացվում է երեք արվեստագետների առանձին նախագծերից: Դրանք իրար հետ միասին որոշակիորեն կապակցվում են ոչ միայն  կոնցեպտուալ առումով, այլև  էքսպոզիցիոն մակարդակի վրա երկխոսության մեջ են լինելու միմյանց հետ այն տարածության մեջ, որտեղ ներկայացվելու են:

«Խոսքը վերաբերում է արդիության էպոխայի և ժամանակակից իրականության փոխհարաբերություններին,- ասում է Կարոյանը,- և թե ինչպես են արդիության որոշակի էլեմենտները, որոնք պահպանվել են ժամանակակից իրականության մեջ, քաղաքական, տնտեսական, էսթետիկական գործում շարունակում ազդեցություն ունենալ ժամանակակից արվեստի մեջ»:

Աստղիկ Մելքոնյանը, որ  ներկայացված արվեստագետներից ամենաերիտասարդն է, ասպարեզ է իջել 2000-ականներից: Նրա նախագիծը կոչվում է «Ձեռնարկներ»: Դրանք տարբեր ձևաչափերի ուղեցույցներ են Հայաստանում գոյատևման խնդիրների մասին: «Ձեռնարկներում» այդ խնդիրները ներկայացվում են տարբեր ասպեկտներով` միաժամանակ տալով այդ խնդիրների համար լուծումներ: Դրանք վերաբերում են  ամսական աշխատավարձի տնօրինման, բնակարանում տեղաշարժվելու և այդ տարածքը արդյունավետ օգտագործելու և այլ խնդիրները այդ գծապատկերներում վերասահմանվում են որպես տնտեսման տեխնիկաների ունիվերսալ ուղեցույց:

Մհեր Ազատյանը անկախ Հայաստանի առաջին սերնդի արվեստագետներից է և  ասպարեզ է մտել 90-ականներից: Նա  իր նախագծում ներկայացնում է լուսանկարներ և տեքստեր:

Նա որսում է առօրյա կյանքից վերցրած խոսակցություններ և դրանք համադրում լուսանկարների հետ:  Ազատյանի տեքստերն ու լուսանկարները շոշափում են մարդու ենթագիտակցության խորքերում թաքնված շերտերը: Ահա մի քանի տեքստեր. «Նկարիչը մարդ ա»,  «Մարդը կորցնելը դաժան բան է, դու կգնաս Ամերիկա, ես` ֆրանսիա», «Ծովը հեռուն ա տանում» և այլն:

Աստղիկ Մելքոնյան. «Ձեռնարկներ»

Գրիգոր Խաչատրյանը ներկայացնելու է լուսանկարչական պերֆորմանսների շարք, որը շոշափում է կեղծիքն ու անդրադառնում է  պաշտոնական հանդիպումներին: Նա արվեստագետներից ամենատարեցն է:

«Գոյություն ունի բաց հասարակության մոդել, սակայն մարդիկ իրենց մտքերը թաքցնում են,- մեկնաբանում է Խաչատրյանը,- մարդիկ խոսքն օգտագործում են իրենց մտքերը թաքցնելու համար, իսկ արվեստագետները այդ թաքցրածը հանում են մեջտեղ»:

Խաչատրյանի խոսքով` մարդկանց  թաքցրած մտքերը վերաբերվում են զանազան տաբուներին և գալիս են ենթագիտակցական տարբեր շերտերից, իսկ երբ արվեստագետը հրապարակայնորեն խոսում է այդ մասին, հասարակությունը ավելի ու ավելի բաց է դառնում:

«Պաշտոնական հանդիպումներ» ֆոտոպերֆորմանս շարքում ցուցադրվելու են մոտ երկու տարվա ընթացքում արված լուսանկարներ, որտեղ պաշտոնյաները ձեռք են սեղմում և լուսանկարվելու դիրք ընդունում:

Բացի  արտիստական միջուկից, կուրատորական խումբը մշակել է քննարկումների մեծ ծրագիր, որը կրում է «Արդիության ճակատագրերը» խորագիրը: Դա ենթադրում է  տարբեր տաղավարների հետ լայնածավալ խոսակցություն տարբեր թեմաներով:

Կարոյանն ասում է, որ արդեն պայմանավորվածություն կա  7-8 տաղավարների հետ. դրանք երկրներ են Կենտրոնական Ասիայից, Գերմանիան է, Ավտրիան, հարավկովկասյան երեք պետությունները: «Դիսկուրսի միջոցով  մենք փորձելու ենք խոսել Հայաստանի և հայության ներդրումի մասին  արդիության մեջ և արդիության հետևանքները հայության վրա,- ներկայացնում է Կարոյանը,- այսինքն` թե հայ հասարակությունը որքանով և ինչպես է ներգրավված եղել արդիության գործընթացներում և ինչ ներդրումներ է բերել դրա մեջ»:

Դիսկուրսներից մեկը լինելու է կայսրությունների փլուզման և տրոհման մասին, այդ թվում` օսմանյան: Այդ քննարկումներին պետք է մասնակցեն պատմաբաններ նախկին կայսրություններից: Կարոյանն ասում է, որ այս կոլետիվ քննարկումները հայկական տաղավարի կողմից նետված մարտահրավեր է  բիենալեի կառուցվածքին, որովհետև այս ցուցահանդեսում  կարևորվում է հիմնական ցուցադրությունը, իսկ դրանից դուրս ցուցադրված տաղավարները երկրորդական պլան են մղված:

Վենետիկի բիենալեն հիմնադրվել է 1895 թ., որի ժամանակ ցուցադրվել է 16 երկիր: Այս տարի առաջին անգամ բիենալեին մասնակցելու են Անդորան, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Մալազիան, Ռուանդան:

Դիտվել է 2653 անգամ:
Print Friendly

Leave a Reply