Կստեղծվի Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի թվայնացված տեղեկատվական բազա
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | Աննա Մուրադյան | August 13, 2009 16:05
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին. վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւոր նորամուծություն է համարել այս օրինագիծը, որով մեծանում է պետության պատասխանատվությունը բիզնեսի նկատմամբ։ «Եթե պետությունը ինչ-ինչ պատճառով չի հասցնում վերադարձնել ԱԱՀ գումարը, ապա պետք է տույժ ու տուգանք վճարի մասնավոր հատվածին», – այսօր Կառավարության նիստի ժամանակ նշել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ եւ Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և 5 տարվա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև երևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009թ. ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ 5 տարվա ընթացքում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի տասը տոկոսով։
«Այս փաստաթղթի ընդունումը ենթադրում է, որ բոլոր գերատեսչությունները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն սրան, որովհետեւ ճանապարհային երթեւեկության անվտանգության վիճակը Հայաստանում բարվոք չէ»,- ասել է Սարգսյանը:
Հայոց կենդանական աշխարհի պետական կադաստրի զարգացման եւ ՀՀ բուսական աշխարհի պետական կադաստրի զարգացման 2010-2015թթ. համալիր ծրագրերին եւ այդ ծրագրերի իրականացման միջոցառումների ժամանակացույցերը ևս կառավարության հավանությանն են արժանացել: Որոշումների ընդունման շնորհիվ կապահովվի Հայաստանի տարածքի կենդանական եւ բուսական աշխարհի վերաբերյալ թվայնացված տեղեկատվական բազայի ստեղծումը։
Կառավարությունն աննպատակահարմար է համարել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունում. նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։






Facebook
Tweet This
Email This Post
