«Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը» կնպաստի երիտասարդության մասին առավել իրատեսական օրենքի ընդունմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2011 15:49
2011թ. դեկտեմբերին կհրապարակվի «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը», որում տեղ կգտնեն երիտասարդական պետական քաղաքականության զարգացման նպատակով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Այն վերաբերվելու է 18-30 տարեկան բոլոր քաղաքացիներին հուզող հարցերին: Այդ մասին կառավարության մամուլի կենտրոնում այսօր հայտարարել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Ըստ բանախոսի` նման զեկույցի հրապարակման հաջող փորձ տեղի է ունեցել 2006-2007 թվականներին: «Բոլորս հասկանում ենք, որ հինգ տարվա տարվա ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունեցել մեզ շրջապատող աշխարհում և բնականաբար երիտասարդներին հուզող խնդիրներն էլ որոշակի տրանսֆորմացիայի են ենթարկվել», – նշել է Արսեն Քարամյանը: Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին` նախարարի տեղակալը առանձնացրել է երիտասարդության մասին թվային ու բովանդակային վիճակագրության բացակայության հարցը:
Ասուլիսի ընթացքում խոսվել է այն երեք հիմնական ուղղությունների մասին, որոնց շուրջ իրականցվելու են ուսումնասիրությունները. դրանք են որակյալ և մատչելի կրթության կազմակերպումը, երիտասարդության զբաղվածության խնդիրը, առողջության և հատկապես վերարտադրողականության առողջության խնդիրները: Ուսումնասիրությունը մեկնարկելու է մայիսից ամբողջ հանրապետության տարածքում և տևելու է մինչև հոկտեմբերի վերջը: Դեկտեմբերի երկրորդ կեսին զեկույցը հրապարակվելու է հայերենով, իսկ 2012 հունվար-փետրվար ամիսներին` անգլերենով:
Արսեն Քարամյանը անդրադարձել է նաև երիտասարդության մասին օրենքին` նշելով, որ հանրապետության վարչապետի նախաձեռնությամբ Ազգային Ժողովից հետ է կանչվել երիտասարդության մասին օրենքի նախագիծը` լրամշակման համար: Նրա խոսքով` նշված զեկույցը օգնելու է, որպեսզի կառավարությունը Ազգային ժողովում հանդես գա օրենքի շատ ավելի իրատեսական նախագծով և այն լինի առարկայական ու իսկապես ուղղված լինի ոլորտի բարելավմանը:
Դիտվել է 1558 անգամ:
Print Friendly

Leave a Reply