Սերգո Կարապետյան. «Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից»

Պաշտոնական, Օրվա լուր | | April 4, 2011 11:23

«Տարիներ շարունակ գյուղացիներին խոստումներ են տվել,ներկայացրել ծրագրեր:Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված:Մեր գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն է»,- հանդիպելով Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիներին` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ հանրապետության նախագահի կողմից կա հանձնարարական բարձրացվող խնդիրներին ժամանակին ու տեղում լուծում տալու:

«Այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն ծրագրերի իրականացմանը, կենթարկվեն պատասխանատվության», – նշել է նախարարը: Սերգո Կարապետյանը նախարարության աշխատակիցների և ոլորտի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել է ՀՀ Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ակնաշեն, Ապագա, Երասխահուն, Վարդաշեն, Արազափ, Մյասնիկյան և Բաղրամյան համայնքներում, որին էլ հաջորդել է խորհրդակցությունը Արմավիրի մարզպետարանում:

Գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը ոռոգման ջրին է վերաբերել:Գրիբոյեդովի գյուղացիները նոր խորքային հոր կառուցելու անհրաժեշտության մասին են խոսել, դժգոհել ոռոգման ջրի բաշխման ուշացումներից: Գյուղացիների թերահավատությանն ի պատասխան` նախարարը հայտարարել է, որ հետևելու է, որպեսզի ջուրն այստեղ բաշխվի ապրիլի 10 – ից, իսկ ՋՕ – ի կողմից խոստումը չկատարելու դեպքում պատասխանատու աշխատակիցը կհեռացվի աշխատանքից:Ավելին` գյուղացիների թերահավատությունը վերացնելու նպատակով Սերգո Կարապետյանն իր անձնական հեռախոսահամարն է փոխանցել գրիբոյեդովցի Մասիս Մուրադյանին:

«Առաջին ջուրը կտրվի անվճար:Եթե խոստացված ժամանակ չիրականացվի ջրի բաշխումը, տեղեկացրեք ինձ», – նշել է նախարարը:

Լսելով գյուղացիների բողոքը` կապված պարարտանյութերի գների հետ, Սերգո Կարապետյանը շրջայցի ընթացքում կանգ է առել ճանապարհի խանութներից մեկում ու որպես հաճախորդ` հետաքրքրվել վաճառվող պարարտանյութի գնով, որտեղ մեկ պարկի արժեքը հասնում է 8 հազար դրամի, մինչդեռ այն չպետք է անցնի 7.200 դրամը:Նախարարը համայնքների ղեկավարներին հանձնարարել է տեղերում հետևել գներին:

«Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որպեսզի հետևենք գնագոյացմանը: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ներկրողներն ու վաճառողները մեծ շահույթ չստանան գյուղացու հաշվին:Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից: Եթե չստացավ, նա չի մշակելու իր հողը», – նշել է Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև օրգանական պարատնայութերի տրամադրմանը: Այն այս տարի անվճար կհատկացվի անապահով 225 համայնքների: Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական վարկերին, որոնք կտրվեն առևտրային չորս բանկերի կողմից` 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4 տոկոսի սուբսիդավորումն իր վրա է վերցրել պետությունը: Սերգո Կարապետյանը կարևորել է այն, որ վարկերը տրվում են ՀՀ դրամով և 6 ամիս արտոնյալ պայմաններով:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply