Հ. Միրզոյան. «Գորգագործության ոլորտում իրացման ծավալների աճ է գրանցվել»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 4, 2011 11:00

2010թ-ին Հայաստանում գորգագործության ոլորտում իրացման ծավալների աճ է գրանցվել: Ոլորտի զարգացմանն ուղված ծրագրերի եւ միջոցառումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարչության պետ Հայկ Միրզոյանի հետ:

-Պարո’ն Միրզոյան, ներկայում հանրապետությունում գորգագործական քանի՞ ընկերություն է գործում:

-Ներկայում գորգերի եւ գորգեղենի արտադրությամբ զբաղված են թվով 6 ձեռնարկություններ, որոնցից հիմնական ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված ձեռնարկություններն են` «Թուֆենկյան թրանս կավկազուս» ՍՊԸ, «Մեգերյան կարպետ» ԲԲԸ: Ինչպես ձեռագործ, այնպես էլ մեքենայական գորգեր է արտադրում «Արմեն կարպետ» ընկերությունը: Իջեւանի «Ջրաշող» ընկերությունը մասնագիտացված է մեքենայական գորգերի արտադրությամբ:

-Նախորդ տարի արտադրական ծավալները որքա՞ն են կազմել, 2009թ-ի համեմատ աճի միտում նկատվու՞մ է:

-2010թ-ին գորգագործության ոլորտում տեղի է ունեցել արտադրական ծավալների 59.5 տոկոսի անկում: Նախորդ տարի արտադրվել է 62 մլն 518 հազար դրամի գորգ, այն դեպքում, երբ 2009թ-ին արտադրվել է 154 մլն 283 հազար դրամի գորգ ու գորգեղեն: Իսկ իրացման տեսանկյունից 2009թ-ի համեմատ նախորդ տարի գրանցվել է 8.1 տոկոսի աճ. 2010թ-ին իրացվել է 216 մլն 520 հազար դրամի գորգ եւ գորգեղեն, իսկ 2009թ-ին` 200 մլն 336 հազար դրամի:

-Արդյո՞ք ձեռագործ գորգերի արտահանում իրականացվում է: Եթե այո, ապա ո՞ր երկրներ:

-Հայաստանում արտադրված ձեռագործ գորգերը հիմնականում սպառվում են ԱՄՆ-ում, իսկ 20 տոկոսը` Եվրոպայում: Մեքենայական գորգերը հիմնականում սպառվում են ԱՊՀ երկրներում, Վրաստանում: Նախորդ տարի մոտ 21 մլն 143 հազար դրամի գորգ է արտահանվել նշված երկրներ, չնայած որ 2009թ-ին այդ թիվն ավելի մեծ էր`74 մլն 270 հազար դրամ:

-Գորգագործության զարգացման տեսանկյունից նախարարությունն ի՞նչ քայլեր եւ միջոցառումներ է իրականացնում:

-Դիտարկելով գորգագործությունը ոչ միայն որպես արդյունաբերական ճյուղ, այլ նաեւ հայկական մշակույթի եւ արվեստի մաս` 2009թ-ին մեր նախարարության նախաձեռնությամբ համապատասխան փոփոխություններ կատարվեցին «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում, որոնց համաձայն` անմիջական արտադրողի կողմից ՀՀ-ում արտադրված ձեռագործ գորգերի իրացումն ազատվում է ԱԱՀ-ի գանձումից: Նախարարությունը կարեւորում է հանրապետության թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը, ուստի անհրաժեշտ է համարում բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտի մրցունակության բարձրացմանը, արտաքին շուկաների ընդլայնմանն ու ներմուծվող արտադրանքի փոխարինմանը:

Այդ նպատակով նախարարությունը մի շարք ոլորտային քննարկումներ է իրականացրել բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ, հաշվի առնելով նրանց դիտողություններն ու առաջարկությունները, ներկայում մշակում է արտահանման խթանմանն ուղղված հայեցակարգ ու ռազմավարություն, որտեղ ներկայացվում է ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա խնդիրներն ու իրականացվելիք միջոցառումների ցանկը:

Ցանկում, ի թիվս այլ միջոցառումների, առաջարկվում են ` մաքսային եւ հարկային, ինչպես նաեւ արտահանման համար պահանջվող սերտիֆիկատների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, միջազգային պահանջներին համապատասխան արտադրանք թողարկելու համար` առաջադեմ տեխնոլոգիաներ եւ սարքավորումների ներմուծմանն աջակցելու նպատակով` լիզինգի ինստիտուտի զարգացում եւ լիզինգի մասին օրենսդրության կատարելագործում, աջակցություն ընկերություններին իրենց արտադրանքը արտաքին շուկաներում հասանելի դարձնելու ուղղությամբ եւ այլն:

Հարցազրույցը`  Լուսինե Մարտիրոսյանի

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply