Թմրամիջոցների մաքսանենգության եւ ապօրինի շրջանառության դեպքերը ՀՀ գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 3, 2011 21:54
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ 2011 թ. մարտի 30-ին տեղի ունեցած ՀՀ դատախազության կոլեգիայի աշխատանքային նիստում քննարկվեցին 2009-2010թթ ընթացքում ապօրինի և կեղծ ձեռնարկատիրության, մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունները:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության կատարած վերլուծությամբ պարզվել է, որ 2009թ. արձանագրված 66 մաքսանենգության դեպքերից 22-ը կազմում են թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը, որոնք բոլորը վերաբերում են ներմուծմանը: 2009թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության 22 դեպքից 16-ը կատարվել է հայ-իրանական սահմանի Մեղրու մաքսակետում և Իրանից այդ 16 դեպքով ընդհանուր առմամբ մաքսանենգ եղանակով տեղափոխվել է 11 կգ 925գ «ափիոն», 3.35գ «մարիխուանա», 620,34գ «հաշիշ», 0,5գ «տրամադոլ», 0,7մլ «քացախաթթվի անհիդրիդ»:
2010թ. ընթացքում արձանագրված 102 մաքսանենգության դեպքերի շարքում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը 49 են: 2010թ. ընթացքում արձանագրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող մաքսանենգության 49 դեպքից 40-ը վերաբերում է ներմուծմանը, 1-ը` ներմուծման փորձին, իսկ 8-ը` արտահանմանը (տարանցմանը), երբ դրանք ներմուծվելուց հետո, օրեր անց փորձել են արտահանել Հայաստանից, սակայն մաքսանենգությունը կանխվել է:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող` 2010թ. ընթացքում արձանագրված մաքսանենգության 49 դեպքից 34-ը կատարվել է Մեղրու մաքսակետում, 1-ը ը` Արարատյան տարածաշրջանային մաքսատանը, 11-ը` «Զվարթնոց» մաքսատանը, 3-ը` միջազգային փոստային և սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատանը:
Այսպիսով, վերլուծությունները ցույց են տալիս, որ մաքսանենգ եղանակով առավել շատ թմրամիջոցներ ՀՀ ներմուծվել են ԻԻՀ-ից` Մեղրու մաքսակետով:
2010թ. Իրանից 19 դեպքով ՀՀ է տեղափոխվել 1կգ 951գ «ափիոն», 15 դեպքով` 26կգ 641գ «մետամֆետամին», 1 դեպքով` 34,881գ «հաշիշ» և 1 դեպքով` 0,05գ «դիազեպամ» տեսակի թմրամիջոց, ՌԴ-ից` 1 դեպքով` 7,8գ «հերոին» և 1 դեպքով` 31,254գ «մեթադոն» տեսակի թմրամիջոց, Թուրքիայից` 1 դեպքով` 6կգ 934,2գ «հերոին» և 1 դեպքով` 3կգ 820գ «ափիոն» տեսակի թմրամիջոց, ԱՄՆ-ից` 1 դեպքով` 54,7գ «մարիխուանա», 1 դեպքով` 20,4գ «տրամադոլ» և 0,6876գ «մորֆին» տեսակի թմրամիջոց, Ֆրանսիայից` 1 դեպքով` 29,7գ «հաշիշ», 2 դեպքով` 2,6304գ «բուպրենորֆին» և 1 դեպքով` 0,05գ «դիազեպամ» տեսակի թմրամիջոց, Գերմանիայից` 1 դեպքով` 134,39գ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Նույն ժամանակահատվածում ՀՀ-ից փորձել են, ընդհանուր առմամբ, մաքսանենգ եղանակով տարանցիկ արտահանել` 8 դեպքով` ՌԴ, այնուհետև` Թաիլանդ` 19կգ 700գ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, սակայն բոլոր դեպքերով թմրամիջոցների արտահանումը կանխվել է իրավապահների և մաքսային ծառայողների կողմից:
Ի դեպ մետամֆետամինն, ի տարբերություն, օրինակ, «կոկաինի», որն անջատվում է բույսերից, սինթետիկ, «մարդու կողմից պատրաստված» չափազանց հզոր և առաջին իսկ օգտագործումից կախվածություն առաջացնող քիմիական պրեպարատ է` խթանիչ, որն առաջ է բերում ագրեսիվ վարքագիծ: Եթե կոկաինինի ազդեցությունը 1 ժամ է, ապա մետամֆետամինն ազդեցությունը պահպանում է 6-12 ժամ:
ՈՒշագրավ է, որ այս կամ այն տեսակի թմրամիջոցները պատիճներով կուլ տալու և որովայնում տեղափոխելու եղանակը, որպես այդպիսին իրավապահներին հայտնի է եղել, և նախկինում բացահայտվել են նմանատիպ հանցագործության մի շարք դեպքեր, բայց այդ եղանակով «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի Հայաստան ներկրելու առաջին դեպքը բացահայտվել է ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցների կողմից:
2010թ. փետրվարի 26-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների կողմից զննման են ենթարկվել Երևան-Մոսկվա-Բանկոկ չվերթի ուղևորներ` Իրանի քաղաքացիներ` Հ. Աբարղանիի և Ա. Ահմադիփուրիի ուղեբեռները, որի արդյունքում հայտնաբերվել է աէրոզոլային 10 մետաղյա տարաներում քողարկված 3 կիլոգրամ 61.60 գրամ մետամֆետամին:
Պարզվել է, որ Իրանի հիշյալ քաղաքացիները Երևան են ժամանել 2010թ. փետրվարի 22-ին` ինքնաթիռով, ապա ապրել են վարձակալած բնակարանում, ուր քննությամբ չպարզված նրանց հանցակիցը բերել է 24 աէրոզոլային տարա, որոնցից 10-ի մեջ լցված է եղել թմրամիջոց:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 21.08.2010թ. դատավճռով Հ. Աբարղանին և Ա. Ահմադիփուրին դատապարտվել են 12-ական տարի ժամանակով ազատազրկման:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մ. Ախլաղին և Մ. Բեյրամին, 2010թ. մարտի 2-ին, նախապես միմյանց հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, ՀՀ և ՌԴ մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով Թաիլանդ փոխադրելու նպատակով, Իրանում ապօրինի ձեռք են բերել 949,56 գրամ «մետամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն 150 պատիճներում կուլ տալու եղանակով որովայնում պահելու միջոցով նույն օրը մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով, Մեղրու մաքսային կետով Իրանից անարգել փոխադրել են ՀՀ:
Երևանում վարձակալած բնակարանում արտաթորելով պատիճները, հետագայում` 2010թ. մարտի 4-ին, մինչ օդանավակայան գնալը, հնարավորության ներածի չափով Մ. Ախլաղին կուլ է տվել 53 պատիճ, 1-ը` պահել գրպանում, Մ. Բեյրամը կուլ է տվել 41 պատիճ, իսկ մնացած 55 պատիճը պահել են վարձակալած բնակարանում` հետագայում նույն եղանակով տեղափոխելու համար:
«Զվարթնոց» օդանավակայանում, մինչ Երևան-Մոսկվա-Բանկոկ չվերթի ինքնաթիռով մեկնելու համար մաքսային հսկողությունն անցնելը, Մ. Բեյրամի ինքնազգացողությունը վատացել է, և նա ստիպված փորձել է ուղետոմսը փոխել հաջորդ օրվա համար, որն էլ գրավել է ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը, իսկ Մ. Ախլաղինն այդ ընթացքում փորձել է անցնել մաքսային հսկողությունը, սակայն, նույնպես գտնվելով ոստիկանության աշխատակիցների տեսադաշտում, ընկերոջ հետ բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին, ապա երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ հայտնաբերվել են կուլ տված թմրամիջոցները:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մ. Ախլաղինը դատապարտվել է ազատազրկման 13, իսկ Մ. Բեյրամը` 12 տարի ժամկետով:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալներ, 2010թ. մարտի 10-ին «Արմենիա» միջազգային օդանավակայանում, Երևան-Մոսկվա-Բանկոկ չվերթով Թաիլանդ մեկնող ուղևորներ, ԻԻՀ քաղաքացիներ` Հ. Դայանի և Ռ. Շիրինի ուղեբեռի մաքսային ստուգման ժամանակ հայտնաբերել են կասկածելի 6 սվիտեր, որոնք շոշափելուց թողել են սպիտակ փոշու հետքեր: Փոշենման նյութի բաղադրության նախնական ստուգմամբ պարզ է դարձել, որ այն թմրամիջոց է:
Այնուհետև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման են ենթարկվել Հ. Դայանը, Ռ. Շիրինը, ինչպես նաև մաքսային հսկողությունն անցած ԻԻՀ-ի մեկ այլ քաղաքացի` Ս. Յուսեֆը: Վերջինիս ուղեբեռի զննմամբ հայտնաբերվել է ևս 2 սվիտեր, որոնք, սակայն, ներծծված են եղել ոչ թե թմրամիջոցով, այլ շաքարաջրով:
Նախաքննությամբ հետագայում պարզվել է, որ Ս. Յուսեֆը, լինելով կազմակերպված հանցավոր խմբի անդամ, թմրամիջոց հանդիսացող մետամֆետամին նյութի լուծույթով ներծծված, ապա չորացված սվիտերները մաքսային հսկողության ընթացքում չբացահայտելու հնարավորությունը ճշտելու համար, փորձնական` շաքարաջրով ներծծված և չորացված 2 սվիտերները, մաքսային հսկողությունն առանց կասկածի բարեհաջող անցկացնելուց հետո, բջջային հեռախոսով զանգահարել է Երևանում իրեն սպասող, կազմակերպված խմբի մյուս անդամ Մ. Էյնոլահփուրին` տեղեկացնելով այդ մասին: Վերջինս իր հերթին զանգահարել է Հ. Դայանին և Ռ. Շիրինին` նույնպես տեղեկացնելով այդ մասին, որից հետո նրանք փորձել են անցնել մաքսային հսկողությունը, սակայն թմրամիջոցը հայտնաբերվել է:
Փորձաքննությամբ պարզվել է, որ տեղափոխվող նյութը «մետամֆետամին» տեսակի` 4 կիլոգրամ 656.65 գրամ թմրամիջոց է:
2010թ. թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված 62 մաքսանենգից 50-ը եղել են օտարերկրացի, որոնցից 49-ը` ԻԻՀ-ի և 1-ը` Ֆրանսիայի քաղաքացիներ, 48-ը` տղամարդ, 2-ը կին (ԻԻՀ և Ֆրանսիայի քաղաքացիներ), իսկ 12-ը` ՀՀ քաղաքացիներ, որոնցից 5-ը` նախկինում դատապարտված:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող դեպքերի մասով 2010թ. արձանագրված դեպքերի բացահայտումների աճը մասամբ պայմանավորված է եղել նաև 2009թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծված մասնագիտացված համապատասխան բաժնի գործունեությամբ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնում ուսումնասիրվել և ամփոփվել է 2009-2010թթ.. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման, քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը, որի արդյունքներով պարզվել է հետևյալը.
2009 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների 1238 դեպք, 2010 թվականին` 1524 դեպք: 2009 թվականին արձանագրված դեպքերից բացահայտվել են 968-ը, 2010 թվականին արձանագրված դեպքերից բացահայտվել են 1206-ը:
2009 թվականին հանրապետության քննչական մարմինների վարույթում քննվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների վերաբերյալ 1318 քրեական գործ: 2010 թվականին վարույթում քննվել է 1655 քրեական գործ:
2009 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերման արդյունքում ապօրինի շրջանառությունից ընդհանուր առմամբ առգրավվել և փորձաքննության են ներկայացվել 56 կգ 762 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:
2010 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 126 կգ 521 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ:
2009 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցվել է 689 քրեական գործ` 2010 թվականի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն, խիստ ներգործող, թունավոր և թունավորող նյութերի մաքսանենգության վերաբերյալ դեպքերով հարուցվել է 756 քրեական գործ:
2009 թվականի ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 780 անձ, 2010 թվականին` 854 անձ:
Վերլուծությունները ցույց են տալիս, որ լայն տարածում է ստացել թմրամոլների կողմից դեղատներում ազատ վաճառվող «Սեդալգին» կամ «Կոաքսիլ» տեսակի դեղահաբերը այլ նյութերի հետ խառնելու և վերամշակելու արդյունքում ստացվող «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող լուծամզվածքը ներարկման միջոցով գործածելու դեպքերը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այդ դեղամիջոցների վաճառքի կանոնակարգման հետ կապված հարցերի լուծման նպատակով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ առողջապահության նախարարին: Միջնորդագրի արդյունքում ընդունվել ՀՀ կառավարության որոշումը, որով Թիանեպտին, Տրոպիկամիդ, Պրեգաբալին և Սեդալգին դեղերը ընդգրկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի այն ցանկում, որոնց շրջանառության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ:
ՀՀ գլխավոր դատախազությունում վերլուծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգ ճանապարհով ձեռք բերելու կանխարգելմանն ուղղված արդիական մեթոդների և միջոցների կիրառման, ներդրման խնդիրները:
Ակնհայտ է, որ ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այնպես էլ մաքսանենգության` որպես հանցավոր արարքի դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար ներկայումս կիրառվող մեթոդներն ու միջոցները հեռու են բավարար լինելուց:
Դրա մասին է վկայում մաքսանենգության դեպքերով կատարված վերլուծության վիճակագրությունը` ըստ որի 2009թ. արձանագրված թմրամիջոցների մաքսանենգության 22 դեպքից ընդամենը 3-ն է բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում, մինչդեռ 17 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո` ազգային անվտանգության ծառայության, իսկ 2-ը` ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ինչ վերաբերում է 2010թ., ապա նույն կատեգորիայի 49 դեպքից միայն 18-ն է մաքսավորների կողմից բացահայտվել մաքսային հսկողության ընթացքում: Մյուս 31 դեպքը բացահայտվել է մաքսային հսկողությունն անցնելուց հետո, 20-ը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության, իսկ 11-ը` ոստիկանության աշխատակիցների կողմից:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ դատախազությունը անհրաժեշտ է համարում մաքսանենգությունների, հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումն ապահովելու նպատակով մաքսային հսկողության ընթացքում կիրառել ժամանակակից մեթոդներ և միջոցներ` ներդնել մերկացնող սկաներներ, հատուկ վարժեցված շներ, որոնցով թմրանյութեր հայտնաբերելու պրակտիկան ներկայումս լայն կիրառում ունի եվրոպական երկրներում:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամփոփելով քննարկումները շեշտեց, որ վերջին տարիներին մեծածավալ աշխատանքներ են կատարվել և կատարվում թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ և արձանագրված դեպքերի ու բացահայտումների աճը ուղղակիորեն վկայությունն են կատարաված դրական աշխատանքի: Գլխավոր դատախազը միաժամանակ մանրամասնեց, որ արձանագրված դեպքերի աճը, չի կարող միանշանակ դիտարկվել որպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճի ցուցանիշ, այլ հակառակը, թմրամիջոցների մաքսանենգությունը և ապօրինի շրջանառությունը լատենտային հանցագործություններ են և դրանց բացահայտման աճը միմիայն դրանց դեմ պայքարի արդյունքի դրական ցուցանիշի վկայությունն է:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ամփոփելով քննարկումները հանձնարարեց վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ պատրաստել և համապատասխան գերատեսչություններին ուղարկել միջնորդագրեր` վերհանված խնդիրներին համարժեք լուծումներ ապահովվելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
