Հրազդանցիները դուրս եկան երկաթահանքի շահագործման ծրագրի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | ankakh | April 2, 2011 11:37
«Կամ մահ, կամ ազատություն», «Մենք բոլորս էլ կկանգնենք մի մարդու պես եւ չենք թողնի, որ հանքը շահագործվի», «Էդ աշխատատեղը թող տանեն իրենց, մեզ պետք չի, սովից կմեռնենք, բայց թող երկաթի հանքն էստեղ չբացեն»: «Մենք ուզում ենք մեր ընտանիքներով առողջ ապրել: Ոչ մեկն իրավունք չունի մեր երեխաների առողջությունը վաճառել: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»: Նման վճռական հայտարարություններով էին հանդես գալիս հրազդանցիները, ովքեր հավաքվել էին Հրազդանի Սահմանադրության հրապարակում` մասնակցելու երկաթահանքի շահագործման դեմ ուղղված բողոքի ակցիային:
«Fortune oil» չինական ընկերությունը 24 միլիոն դոլլարով ձեռք է բերել Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի երկաթի հանքերը, որոնք պատկանում էին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդի Սուրեն Այվազյանին եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին:
Չնայած դեռ «Fortune oil» ընկերությունը Հրազդանի երկաթահանքի շահագործման որեւէ նախագիծ չի ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը, չի ստացել բնապահպանության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը, չի անցկացրել հասարակական լսումներ եւ չի լսել հանրության կարծիքը, սակայն արդեն իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Քիամ Փունը հայտարարում է, որ 2012 թվականին Հրազդանում կսկսի վերամշակող գործարանի շինարարությունը, իսկ երկու տարուց կստանա տարեկան 2 միլիոն տոննա երկաթի խտանյութի արտադրանք: «Լսումներ չեն եղել, դա արդեն լուրջ կռվան է, որ մենք դիմենք իշխանություններին: Եթե չստանանք դրական պատասխան, կդիմենք դատարան: Եթե դա էլ մեզ չօգնի, կդիմենք ավելի բարձր ատյաններ»,- հայտարարեց «Անտառները գալիք սերունդներին» բնապահպանական կազմակերպության նախագահ Մովսես Մանուկյանը:
«Ժամանակն է, որ մենք չուշանանք, եւ դուրս գանք պայքարի, որովհետեւ նրանք նախապատրաստական աշխատանքներ են տանում, եւ եթե մենք այսօր չպայքարենք, բողոքի ակցիաներ չկազմակերպենք, կարծում եմ` կուշանանք»,- հայտարարեց «Երեխաների աջակցության հիմնադրամ» հասարակական կազմակերպության տնօրեն Կամո Առաքելանը:
Հրազդանն արդեն գտնվում է էկոլոգիական լուրջ ռիսկերի գոտում: Հրազդանում գործում է ցեմենտի գործարան, եւ Հրազդանի Օրհուս կենտրոնի համակարգող Անահիտ Մնացականյանի տեղեկատվության համաձայն` «քաղաքում տարեց տարի ավելանում են շնչառական եւ ուռուցքային հիվանությունները»:
Երկաթի հանքը քաղաքի մեջ է, իսկ հանքի ստորին հատվածում գտնվում է Հրազդանի ջրամբարը: «Հանքի շահագործման արդյունքում միանշանակ քաղաքի իրավիճակն անմիջապես կվատանա: Պայթյունների արդյունքում ամբողջ քաղաքը կգտնվի հանքի ազդեցության տակ: Թունավոր փոշուց ոչ միայն օդը, այլեւ ջուրն էլ կաղտոտվի», – ասաց Անահիտ Մնացականյանը:
«Fortune Oil»-ը հայտարարում է, որ երկաթահանքի շահագործման իրենց առաջարկած տեխնոլոգիաները բացառում են որեւէ էկոլոգիական խնդրի առաջացում:
«Նմանատիպ հանքի շահագործման արդյունքում 15 տարի անց ԱՄՆ-ի Բյութ քաղաքն այլեւս գոյություն չի ունեցել»,- իր ելւյթում նշեց Հրազդանի տարածաշրջանային մտավորականներ ՀԿ-ի նախագահ Հակոբ Գաբրիելյանը:
Ակցիան ամփոփեց Կոտայքի մարզի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը. «Եթե պետք լինի, ուրեմն բուլդուզերների առաջ գնալու ենք ֆիզիկապես կանգնենք:
Էկոլուր






Facebook
Tweet This
Email This Post
