Իջևանում տասնամյակներ շարունակ եկեղեցի չի եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | April 5, 2011 15:30

Իջևան մուտք գործող հյուրը շատ կզարմանա, եթե լսի, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին նախկինում գրադարան է եղել: Շատ ավելի զարմանալի է այն, որ Իջևանում տասնամյակներ շարունակ եկեղեցի չի եղել:

Իջևանը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Երևանից մոտ 120 կմ հեռավորության վրա: Դա մի փոքրիկ քաղաք է՝ 4.5 քառակուսի մետր տարածքով և 20 հազար բնակչությամբ, որի միջով հոսում է Աղստևը: Քանդված փողոցների երկայնքով շարված են եղևնիներ, որոնց միջից տեղ-տեղ երևում են արդեն հնացած կոճղերը, իսկ որոշ մասերում  վեր են խոյանում նորակառույց շենքեր:

Աղստևի ափին է գտնվում սբ Ներսես Շնորհալի եկեղեցին, որի արտաքինից  որևէ կերպ չի կարելի գլխի ընկնել, որ դա նախկինում եկեղեցի չի եղել:

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանն «Անկախին»  գոհունակությամբ  հայտնեց, որ թեպետ շենքը կառուցված չի եղել որպես եկեղեցի, սակայն իր արտաքինով նման է  հայկական եկեղեցական ճարտարապետության  նմուշներին: «Երևի ի սկզբանե այդպես է եղել կամքը, որ հետագայում այն պիտի դառնար եկեղեցի»,- ասաց նա:

Շենքը կառուցվել է 50-ականների կեսերին և ծառայել է որպես անտառտնտեսության մշակույթի տուն, հետագայում`  որպես  երաժշտական դպրոց, իսկ 80-ականների վերջին`  Տավուշի մարզային գրադարան: 1996 թ. գրադարանը տեղափոխել են Պիոներ պալատի շենք:

Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի հավաստմամբ՝ շենքը  1991թ.  տրամադրվել է եկեղեցուն: 1997 թ. այն նորոգվել է (խոսքը վերաբերում է ներքին հարդարմանը), ավելացվել է գմբեթ ու խաչ, և 1998 թ. օծվել է:

Իսկ որտե՞ղ է մինչ այդ  ժողովուրդը բավարարել իր հոգևոր պահանջմունքները:

Ղազախի գավառում, որը ներառում էր Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի տարածաշրջանները, հնում գործել է 33 եկեղեցի:  Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո բոլշևիկները փակել են բոլոր եկեղեցիները, հոգևորականների մի մասն աքսորվել է Սիբիր: «Նրանց մի մասն էլ արդեն ծեր էր և դադարեցրել էր ծառայությունը,- ասում է Տեր Սիմեոն քահանան,- հետո մարդիկ վախենում էին. մատնում էին ՊԱԿ-ին»:

Իջևանում պահպանվել է 1858 թ. կառուցված ծխական եկեղեցին,  որը խորհրդային տարիներին ծառայել է որպես կինոթատրոնի շենք, ապա մարզական դահլիճ: 80-ականների վերջին այն  արդեն վթարային վիճակում էր:  Վերջերս այդ շենքը քանդել և տեղում՝ հին հիմքերի վրա կառուցել են նոր եկեղեցի: Այն դեռևս  օծված չէ:

Փաստորեն 10-12 տարի առաջ Իջանում եկեղեցի չի եղել: Իսկ 2004-2010 թթ. Տավուշը փոխառաջնորդության սկզբունքով մտել է Գուգարաց թեմի մեջ և միայն 2010 թ. ձևավորվել է Տավուշի թեմը, որի տեղապահն է Տեր Թորգոմ վարդապետ Թոնիկյանը: Թեմում ծառայության մեջ է յոթ հոգևորական:

Տեր Սիմեոն քահանա Առաքելյանն ասում է, որ տարածքում հոգևորականներ են եղել, որոնք պատարագ են մատուցել ինչ-որ սրահներում: «Օրինակ` քաղաքապետարանի մի սենյակում,- ասաց հոգևոր հովիվը,- ցավալի է, բայց այլ հնարավորություն չի եղել»:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաստատեց, որ այն վայրերում, որտեղ եկեղեցիներ չկան, եկեղեցական արարողությունները կատարվել և կատարվում են սրահներում ու դահլիճներում: «Եթե պատարագ մատուցելու անհրաժեշտություն է լինում, վեմ քար է դրվում և պատարագ մատուցվում»,- ասաց նա:

Մայր Աթոռի մամլո խոսնակը հրաժարվեց կրկին անդրադառնալ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի հարցին այն տեսանկյունով, որ ծայրամասերն անուշադրության են մատնված, մինչդեռ Երևանում  ցանկանում են կողք կողքի եկեղեցի կառուցել: «Այդ հարցով եկեղեցին իր կեցվածքն արտահայտել է, իսկ ծայրամասերն անուշադրության մատնված չեն,- ասաց նա,- եկեղեցին չի կարող մեկ տարում կամ մի տասնամյակում վերանորոգել դարերի ընթացքում ավերված եկեղեցիները կամ խորհրդային տարիների ընթացքում ստեղծված բնակավայրերում նոր եկեղեցիներ կառուցել»:

Այնինչ Արարատյան թեմի առաջնորդ  արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի «Բենթլիի» գնով, որը համարվում է ոչ թե փոխադրամիջոց, այլ շվայտության նշան, կարելի էր գյուղերում առնվազն երկու եկեղեցի կառուցել: Մինչդեռ եկեղեցիների չգոյության և դրանով պայմանավորված հոգևորականների պակասի  հետևանքով Հայաստանի տարբեր շրջաններում ակտիվ գործունեություն են ծավալում այլ կրոնական կազմակերպություններ:

Տեր Սիմեոն քահանայի խոսքով՝ Իջևանում կան և՛ հոգեգալստականներ, և՛ Եհովայի վկաներ, և՛ հիսունականներ: «Ադվենտիստները եկել են քողարկված ձևով՝ առողջապահական սեմինարներ, բարեգործություն և այլն, իսկ մորմոններ կարծես թե չկան»,- ասաց նա:

Քահանայի համոզմամբ` մարզի բնակչության հավատքը շատ զորեղ է, և Աստծուց երկյուղ կա: «Պարզապես մենք 80 տարվա խզում ենք ունեցել, ժողովուրդը եղել է մեծ ճնշումների տակ և իր հավատքն արտահայտելու հնարավորություն չի ունեցել, բայց ներսում պահպանել է հավատքն ու իր մոմը վառել է տարբեր սրբավայրերում»:

Իջևանում հոգևոր կյանքն ակտիվացել է 90-ականներին, և քահանայի հավաստմամբ՝ տարեցտարի ստվարանում է եկեղեցի այցելողների հոսքը:

Դիտվել է 1674 անգամ:
Print Friendly

Leave a Reply