Նորատունկերը կվերահսկեն իրավապահ մարմինները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 16:48
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մայրաքաղաքի կանաչապատման տարեկան ծրագրի հիմնադրույթներին: Այդ ուղղությամբ 2011թ. մայրաքաղաքում լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն: Կձևավորվեն նոր այգիներ, պուրակներ ու կանաչ գոտիներ: Ըստ այդմ, Երևանին ծաղկային և գունային գամմա հաղորդելու համար Հոլանդիայից ներկրվել են 450 հազար ծաղկասածիլներ, որոնք մեկ ամիս ջերմոցներում աճեցվելուց հետո կբաժանվեն վարչական շրջաններին: Դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել են թվով 4000 մշտադալար դեկորատիվ ծառեր ու թփեր:
“Մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն մեկնարկել է ծառատունկը, որի նպատակը ինչպես կանաչապատ տարածքներն ավելացնելն է, այնպես էլ Երևանին գեղագիտական տեսք հաղորդելը: Երևանի քաղաքապետի նախաձեռնության հիմքում նաև մշտադալար դեկորատիվ ծառեր տնկելն է, որոնք կանաչ սաղարթ կապահովեն թե՛ ամռանը և թե՛ ձմռանը: Բացի այդ, ընտրվել են այն ծառատեսակները, որոնք հնարավորին շատ են հողից կլանում ծանր մետաղները”,-նշել է Ավետ Մարտիրոսյանը: Բնապահպանության վարչության պետը անդրադարձել է նաև մարտի 30-ի ծառատունկից հետո Սարալանջի շրջանցիկ ճանապարհի միջնաշերտում և Բաղրամյան պողոտային հարակից հայ-արգենտինյան դպրոցի տարածքից տնկիների գողության դեպքերին: Նմանատիպ փաստ արձանագրվել էր նաև անցյալ տարի` ծաղկապատման աշխատանքների ժամանակ:






Facebook
Tweet This
Email This Post
