Սպասելիքներ և գոլազուրկ ոչ -ոքի

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | April 3, 2011 16:33

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երևանյան խաղում բավարարվեց  գոլազուրկ ոչ-ոքիով: Դժվար է ասել` կատարվածը լա՞վ էր, թե՞ վատ: Մեր մարզասերները ցանկանում էին, որ այդ հանդիպումից հետո հաղթանակ նշենք, տոն լինի նաև մեր փողոցում, սակայն դա միայն երազանք մնաց:

Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը  հայկական առաջին  հեռուստաալիքով հայտնել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել, որ մեր երկրի ընտրանին հաղթի: Սակայն մի բան է առաջադրանքը, մի այլ բան` իրականացնելը: Ընդ որում, Հայաստանի նախագահը ևս գայթակղությությունից զերծ չէր մնացել և եկել էր «Հանրապետական» մարզադաշտ, ներկա էր խաղին, բայց այդ մասին մարզադաշտում, չգիտես ինչու, չհայտարարվեց: Թերևս լարվածությունն էր պատճառը:

Ռուսաստանի հավաքականը Հայաստան էր ժամանել որպես B խմբի առաջատար, պարտությունն այդ թիմին շատ բանով կարող էր վնասել: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի հնարավորություններին, ապա նա խմբից դուրս գալու համար կարող է միայն հույսը հրաշքի վրա դնել: Այնպես որ  այդ խաղում հաղթանակը միայն հույսեր կարթնացներ: Բայց մարզական վրեժխնդրության հարց էլ կար: Բանն այն է, որ 2000-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումներում ռուսները Երևանում և Մոսկվայում հաղթել են համապատասխանաբար 3:0, 2:0 հաշիվներով:

Եվ ահա կրկին մեծ իրարանցում էր: Կարելի ասել, որ Հայաստանն այդ հանդիպման օրը միայն ֆուտբոլով էր ապրում: Ամենուր միայն կայանալիք խաղի մասին էին խոսում, փորձում կանխատեսումներ անել: Խաղասկզբից  երեք ժամ առաջ փակվել էին Երևանի «Հանրապետական» տանող փողոցները, դադարեցվել էր փոխադրամիջոցների երթևեկությունը: Ոստիկանական մեծ թվով ստորաբաժանումներ էին կարգուկանուն հաստատում, մի քանի անցակետ էր հիմնվել: Ոչ միայն ստուգում էին խաղադաշտ մտնել ցանկացողների տոմսերը (դրանք սպառվել էին խաղից 10 օր առաջ), այլև  ոստիկանները  զննում էին նրանց` գրպաններում վտանգավոր առարկաների առկայությունը բացառելու համար: Կասկածյալները,  հատկապես`  ռուսաստանցի ֆուտբալսերները նաև ալկոհոլի օգտագործման թեստ էին հանձնում: Ի դեպ, դժվար է ասել, թե  ալկոհոլի ինչպիսի պարունակությունն էր թույլատրելի համարվում: Մարդիկ ներս մտնելու ընթացքում նաև գրպաններն էին դատարկում, որպեսզի ստուգվեն մետաղորսիչներով: Սակայն մարզասերները ըմբռնումով էին մոտենում: Վատն այն էր, որ այդ ամենն արագ չէր կատարվում, և մարդկանց խմբերի կուտակումներ էին առաջանում:

Իսկ խաղից դեռ 1,5 ժամ առաջ արևելյան տրիբունայի մարզասերները, ձեռքներին տարբեր գույների թղթերը պարզած, փորձում էին հայկական եռագույնի մեծադիր պատկերը ստանալ: Իսկ դա ստացվեց միայն տասնյակ անհաջող փորձերից հետո: Ի դեպ, խաղից առաջ էլ կենդանի կատարմամբ երկու երկրների օրհներգերը հնչեցին: Հետաքրքիրն այն էր, որ երգիչը բարդ իրավիճակում հայտնվեց: Ռուսաստանի օրհներգը մոլի ֆուտբոլասերները փորձեցին սուլոցներով  խլացնել: Շատ երկրներում ֆուտբոլային խաղերի ժամանակ այդպիսի դեպքեր պատահում են: Բայց Ռուսաստանի օրհներգը նախկին ԽՍՀՄ օրհներգն է, որի կազմում  ժամանակին եղել է Հայաստանը: Այնպես որ, եթե ավելի զսպվածություն դրսևորվեր, արտասովոր ոչինչ չէր լինի: Իսկ Հայաստանի օրհներգը «մոլի» ֆոտբոլասերները փորձում էին երգչի հետ միասին կատարել, սակայն այդպես էլ երգչախումբ չստացվեց, քանի որ տրիբունայում նստածները բառերն ավելի ուշացումով էին արտաբերում, գուցե նաև տեխնիկական խնդիր կար, բարձրախոսի ձայնն էր խանգարում, և այդ ամենը հակառակ տպավորություն թողեց: Պարզվեց նաև, որ եռանդուն ֆուտբոլասերների աղմուկը, հատկապես բարձրախոսներով, հետո էլ  խանգարել է մեր ֆուտբոլիստներին: Հենրիխ Մխիթարյանի վկայությամբ` մերոնք խաղադաշտում իրար լավ չեն լսել:

Դժվար է ասել`  դա էր պատճառը, թե մի այլ բան, սակայն Հայաստանի հավաքականը վառ տպավորություն չթողեց: Փաստորեն,  մերոնք հետ էին քաշվել, սեղմվել մեր թիմի դարպասին և ամեն գնով փորձում էին խանգարել մրցակցին, և այդպես էլ ռեալ գոլային պահեր չկարողացան ստեղծել. թերևս, բացառությամբ մեկ դեպքի: Հնարավոր է, որ կաշկանդվածության հարցում դեր խաղաց այն հանգամանքը, որ Ռուսաստանը հզոր երկիր է, ֆուտբոլի ուժեղ առաջնություն ունի, եվրոպական երկրների հանրածանոթ ակումբներում ռուս ֆուտբոլիստներ են խաղում, ովքեր իրենց հավաքականի պատիվն էին պաշտպանում Հայաստանում:

Խաղից հետո առաջինը մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահ ներկայացավ  Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը: Նա անտրամադիր էր, սակայն ընկճված չէր: Հոլանդացի մարզիչը հայտնեց, որ իր սաների խաղից գոհ է, նրանք ամեն բան արել են իր ասածով, սակայն դժգոհ է արդյունքից, քանի որ մի շարք գոլային պահեր ստեղծելով` չեն կարողացել գրավել  մրցակցի դարպասը: Ի պատասխան այն հարցին, որ Ռուսաստանի հավաքականը երրորդ խաղն է անցկացնում և չի կարողանում գնդակ խփել, Ադվոկատը հայտնեց, որ ինքը խնդիր ունի ողջ մրցափուլի համար և գոհ է, որ արտագնա չորս հանդիպումներից երեքում հաղթել են, մեկում`  ոչ-ոքի խաղացել: «Եթե մրցաշարը սկսելուց առաջ ասեին, որ այդպես կարող է լինել, կհամաձայնվեի: Վատ արդյունք չէ: Մենք մարտականորեն տրամադրված մրցակցի դեմ էինք խաղում: Արժանին պետք է մատուցել Հայաստանի հավաքականին, որը ամեն ինչ արեց  իր դարպասն անառիկ պահելու համար»,- ասաց Ադվոկատը: Նա միայն նշեց, որ եթե խմբում Ռուսաստանի հավաքականն առաջին տեղը զբաղեցնի, իսկ Հայաստանի ներկայացուցիչները`  երկրորդ, ապա  ուրախ կլինի, հակառակն անցանկալի է: Հետաքրքիր էր, թե Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը որ խաղադաշտը կնախընտրի պատասխան հանդիպման համար, Մոսկվայի «Լուժնիկի՞ն», թե՞ «Լոկոմոտիվը»: Ադվոկատը հայտնեց,  որ մտադրություն կա այդ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում անցկացնել:

Թերևս լավ կլինի, որ խաղը կայանա Մոսկվայում, քանի որ  նախկինում հայ ֆոտբոլիստները Ռուսաստանի մայրաքաղաքում հանդես էին գալիս ինչպես տանը: Հնարավոր է` օգնում էր այն համգամանքը, որ մեր ֆուտբոլիստները աջակիցների մեծ բանակ էին ունենում, քանի որ Մոսկվայում հայեր շատ կան: Բայց դա լավ գիտեն նաև ռուսները:

Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտախոհ էր: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք կարելի՞ է շնորհավորել խաղի համար, նա միայն պատասխանեց. «Ինչպես ցանկանում եք»: Մինասյանը խոստովանեց, որ առաջին խաղակեսում մերոնք գրեթե սեփական դարպասին կպած են խաղացել, սակայն երկրորդ խաղակեսում մարտավարությունը փոխել են: Մարզիչը հայտնեց, որ ընդհանուր առմամբ թիմի խաղն այն չէր, բայց երկրորդ կեսում  Յուրա Մովսիսյանի հարվածից հետո գնդակը հրաշքով չի հայտնվել Ռուսաստանի հավաքականի դարպասում: Նա այն կարծիքին է, որ  ֆունկցիոնալ առումով ֆուտբոլիստները դեռ լիովին պատրաստ չէին և առաջիկայում պետք է ձգտեն բարելավել թիմի խաղը: Այդուհանդերձ, Մինասյանը նշեց, որ հաշվի առնելով հանդիպման ընթացքը` ոչ-ոքի արդյունքից գոհ է: Իսկ այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի  հավաքականի խմբից դուրս գալու հնարավորությունը, Մինասյանը պարզապես հայտնեց, որ այդպիսի խնդիր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չի դրել, ինքն  էլ երբեք չի ասել, թե խմբից դուրս ենք գալու, և  այդ առումով մեր թիմի  հնարավորությունները գնահատելու կարիք չկա:

Մարզչի զգուշավորությունը հասկանելի է: Մրցաշարի երկրորդ կեսում Հայաստանի հավաքականը հիմնականում դրսում է խաղալու: Իսկ ներկայումս մեր երկրի ընտրանին վաստակած 8 միավորով սոսկ 4-րդն է: Առջևում են 10-ական միավոր ունեցող Սլովակիայի, Ռուսաստանի, Իռլանդիայի հավաքականները, որոնց հետ մերոնց արտագնա խաղեր են սպասում: Այնպես որ ցանկությունը լավ է,  բայց նաև պետք է իրատես լինել, որքան էլ ֆուտբոլի գնդակը կլոր լինի:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply