Ֆուտբոլի Հայաստանի և Մոլդովայի հավաքականների մարզիչները դժգոհ են իրենց սաների խաղից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 13, 2009 15:03

Երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացած ընկերական խաղում ֆուտբոլի Հայաստանի ազգայի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Մոլդովայի ընտրանուն: Մեր ֆուտբոլիստները ոչնչով աչքի չընկան: Բավական է միայն այն փաստը, որ նրանք երկու անգամ 11 մ-ոց տուգանային հարվածի հնարավորություն ստացան, սակայն Հովհաննես Գոհարյանը և Սարգիս Հովսեփյանը չկարողացան դրանք հստակ իրացնել:

Գոհարյանի հարվածից հետո իր թիմին փրկեց Մոլդովայի հավաքականի դարպասապահ Ստանիսլավ Նամաշկոն. նա ետ մղեց գնդակը: Իսկ Հովսեփյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, չթաքցնելով իր դժգոհությունը, ասաց. «Իմ և ամբողջ թիմի անունից ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից այսպիսի հաշվի համար: Միակ դրական բանն այն է, որ ես տեսա այն սխալները, որոնք հետագայում պետք է շտկել: Մեր դարպասապահի խաղին գնահատական չեմ ցանկանում տալ: Ռոման Բերեզովսկու կարիքը հավաքականում միշտ էլ կա: Իհարկե, Բոսնիա-Հերցեգովինայի ու Բելգիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումների ժամանակ այլ կազմ կլինի: Կլինեն փոփոխություններ: Ամեն դեպքում, ես դեռ պետք է վերլուծեմ այս մրցավեճը: Կավելացնեմ միայն, որ պատահական ոչինչ չի լինում»:
Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին ևս դժգոհ էր իր սաների խաղից. «Ինձ դուր եկավ Հայաստանի հավաքականի խաղը: Հայկական թիմը գործում էր կոմբինացիոն ոճով, պայքարում էր: Ճիշտ է, հաշիվը խոշոր է, սակայն այն չի համապատասխանում խաղին: Մեր թիմի խաղն ինձ այդքան էլ չգոհացրեց: Մի շարք ֆուտբոլիստներ չկատարեցին իրենց առջև դրված առաջադրանքները»,-ասաց Դոբրովոլսկին:
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան-Մոլդովա՝ 1:4 (0:1)

Գոլերը` Հայաստանի հավաքական՝ Արարատ Առաքելյան (74), Մոլդովայի հավաքական՝ Վիկտոր Գոլովատենկո (35, 62), Վալերիու Անդրոնիկ  (81), Ալեքսանդրու Եպուրյանու (90+2-11մ)

Չիրացված 11-մետրանոցներ` Հովհաննես Գոհարյան ( 68), Սարգիս Հովսեփյան 90)

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply