Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուրիշ «նապաստակներ կխփվեն» կամ քանիսը, ժողովուրդը, միևնույն է, կշահի

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | April 2, 2011 16:28

«Ամբողջ իշխանության արտահերթ և նորովի ձևավորում. դա է ժողովրդի պահանջը»,- սա է Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը: Սրանից հետո Րաֆֆուն զորակցելու են գնում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուրեմն այդ քայլերը կա՛մ անհեթեթություն են, կա՛մ իշխանության չափից ավելի ինքնավստահության հաստատում, կա՛մ իշխանության թուլացման ապացույց:

Անհեթեթությունն այն է, որ զորակցում են  մի հացադուլավորի, որը պահանջում է հենց իրենց ու նախագահի հրաժարականը: Այսինքն` ստացվում է` զորակցելով համաձա՞յն են այդ պահանջին:

Հովիկ Աբրահամյանը, Րաֆֆու մոտ նստած, համաձայնեց, որ արմատական քայլերի անհրաժեշտություն ինքն էլ է տեսնում է: «Որոշ չափով կիսում եմ ձեր մտահոգությունները, բոլորս ունենք այդ մտահոգությունները և գտնում ենք, որ բոլոր ուղղություններով արմատական քայլեր իրականացվեն…»:

Իսկ Հովհաննիսյանի այն մտքին, թե իշխանությունը ժողովրդին վերադարձնելու խնդիր ունենք, Աբրահամյանը նշեց. «Ունենք, ունենք»:

Այսօրինակ վարքագիծը կարող է վկայել նաև իշխանության չափազանց ինքնավստահության մասին: Այսինքն` միևնույն է, ընտրությունները կեղծվելու են,  իշխանությունը վերարտադրվելու է, և հոգ չէ, որ գանք` «պոզիտիվի մեջ» նստենք Րաֆֆու կողքին ու նույնիսկ ասենք, թե համաձայն ենք նրա պահանջներին:

Տրամաբանությունը շատ հետաքրքիր է: Հիմա իշխանության որ պաշտոնյային հարցնես, թե ինչ թերություններ կան իրենց վարած քաղաքականության մեջ կամ ինչ հիմնախնդիրներ կան երկրում, նախկինի պես չեն ասի, որ ամեն ինչ գերազանց է ու ամեն ինչ զարգացման բնականոն հունով է ընթանում:

Հիմա իշխանությունը գործում է հստակ ռազմավարությամբ. ասել այն, ինչ ասում է ընդդիմությունը. «Այո, ընտրությունները կեղծվում են, այո, ԱԺ-ում պրոֆեսիոնալիզմի պակաս կա, այո, ապրանքների գինը թանկացել է, և մենք լրիվ համաձայն ենք ձեզ հետ…»:

Հովիկ Աբրահամյանը նույն կերպ համոզմունք հայտնեց, թե իշխանություններն էլ կուզենան, որ լեգիտիմ խորհրդարան ընտրվի, որպեսզի ավելի քիչ տեղ մնա ապագա Ազգային Ժողովին քննադատելու համար, և ԱԺ անցնեն այնպիսի մարդիկ, ովքեր կզբաղվեն օրինաստեղծ գործունեությամբ, ոչ թե ամիսներով չեն գա խորհրդարան. «Այդ ամենն ինձ` որպես ԱԺ նախագահի, շատ է մտահոգում, և նույնիսկ անհասկանալի է նրանց ԱԺ պատգամավոր դառնալու նպատակը, իրոք անհասկանալի է»:

Սովորաբար քաղաքակիրթ երկրներում իշխող քաղաքական կուսակցության ներկայացուցիչ ԱԺ նախագահի նման համոզմունքի դեպքում կա՛մ խորհրդարանը կցրվեր, կա՛մ վարչապետն ու  նախարարները կփոխվեին:

Եվ քանի որ  դա տեղի չի ունենում, նման հայտարարությունը վկայում է իշխանությունների չափազանց ինքնավստահության մասին:

Եվ եթե սա հստակ հաշվարկված ռազմավարություն է, ապա միանգամայն հասկանալի է դառնում, որ իշխանություններն այդօրինակ վարքագծով փորձում են թուլացնել ընդդիմությունը, քանի որ կրկնում են այն, ինչ ընդդիմությունն է ասում: Սրանով, փաստորեն, իշխանությունը կիսում է ընդդիմության գաղափարների ու պահանջների հանրային իրացման դաշտը:

Ուշագրավ է նաև հետևյալը. եթե իշխող քաղաքական ուժերը ժամանակին շրջանցում էին «արտահերթ» կամ «արմատական փոփոխություններ» բառերը, հիմա ընդունում են դրանք որպես ընդունելի ռիսկ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն քննարկում դրանք:

Իշխանությունների վերջին շրջանի քայլերի երրորդ հնարավոր բացատրությունն այն է, որ ժողովրդական սոցիալական բողոքի ուժգնության պայմաններում իշխանությունը թուլացած է: Պարզ է, որ ԱԺ նախագահի կամ ոստիկանապետի այցերն ինքնուրույն որոշումներ չեն կարող լինել. նրանք, բնականաբար, նախագահի համաձայնությամբ են այդ արել, կամ ավելի շուտ` նախագահի ուղիղ ցուցումով: Հետևաբար, նաև պարզ է դառնում, որ նախագահը խնդիր ունի, այն է` իշխանությունը հասարակությանը ներկայացնել դրականի, հոգատարի ու արդարի կերպարով:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ Հովհաննես Թամամյանի կալանավորումը, ում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել, նույնպես ներառվում է այդ քայլերի տրամաբանության մեջ: Դրան նախորդել էր մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը, որում նախագահը նշեց. «Ես պատրաստվում եմ շատ ավելի ակտիվորեն մասնակցել ոստիկանական համակարգի փոփոխությունների գործընթացին… Ավելի խիստ ենք լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում»:

Փաստորեն, ոստիկանի դաժան կերպարը պետք էր ջարդել, և Թամամյանը դարձավ նաև այդ ռազմավարության «զոհը»: Հնարավոր է նաև, որ նրա դեմ քրեական գործին միացվի Լևոն Գուլյանի ինքնասպանության գործը, որին հարցաքննողը հենց Թամամյանն է եղել:

Անշուշտ, այդ բացահայտումները դրական ազդեցություն կունենան ինչպես պետության վերաբերյալ հասարակական ընկալման, այնպես էլ պետական համակարգի բարելավման վրա: Սակայն միաժամանակ թուլանում է նախագահի ինստիտուտը:  Արմատական ընդդիմության հնարավոր ագրեսիան ուժով ճնշելու գործում ոչ մի ոստիկան իրեն ապահով չի զգա, քանի որ կվախենա հետագայում պատասխանատվության ենթարկվելու հնարավորությունից:

Ամեն դեպքում, Արևմուտքին ժողովրդավարական կերպարի ցուցադրման ու ներսում ոստիկանական ուժեղ համակարգի պահպանման երկընտրանքում, փաստորեն, իշխանություններն ավելի կարևոր են համարել առաջինը` թերևս հաշվի առնելով եկող տարվա խորհրդարանական և 2013 թ. նախագահական ընտրությունների ժամանակ «արևմտյան բերանները փակելու» խնդիրը:

Եվրոպական Միության մասով միգուցե հարցերը լուծված են, որովհետև անհասկանալի պատճառներով եվրոպական դեսպանների դիրքորոշումը մեղմացել է: Օրինակ` ինչպես Արամ Աբրահամյանը վերջերս իր խմբագրականներից մեկում նշեց, Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Ռաուլ Լյուցենբերգերը իշխանության քայլերում նույնիսկ չնչին թերություններ չի տեսնում. «Ահա և չորեքշաբթի օրը (մարտի 9-ին) տեղի ունեցած քննարկումների ժամանակ դեսպան Լյուցենբերգերը արձանագրեց, որ մեր երկրում Եվրոպական հարևանության ծրագիրն արձանագրել է իրական հաջողություններ: Ըստ նրա` ներքին բարեփոխումների տեսանկյունից Հայաստանը որոշակի հաջողությունների է հասել: «Միգուցե դա այնքան էլ տեսանելի չէ, սակայն ակնհայտ է, որ լուրջ աշխատանք է կատարվել»,- նշեց ԵՄ ներկայացուցիչը» (ըստ hra.am-ի):

Համենայն դեպս, եվրոպական ու ամերիկյան ուղղություններով համընդհանուր երաշխիք ստանալու համար իշխանությունները, թերևս, սկսել են անել առավելագույնը` համեմատած նախկին քայլերի հետ:

Դրա համար առաջին «խրախուսանքը» եղավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի կողմից: Մարտի 17-ին ԵԽԽՎ մյուս համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ նախագահի մոտ հյուրընկալության ժամանակ նա նշեց, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում և զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ: «Այս փոփոխությունները չափվում և գնահատվում են այն բանաձևի և առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո՛ն նախագահ, կարևորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաև վեհաժողովին»,-ասել է Ջոն Պրեսկոտը:

Մյուս խրախուսանքը եղավ ԱՄՆ-ից: Մարտի 23-ին ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ողջունեց  «ներքաղաքական լարվածության նվազումը, համաներումը և նոր բանտարկյալների ազատ արձակումը»:

Այս «մեսիջ» հայտարարություներով նաև տրամաբանական է դառնում իշխանությունների հաջորդ քայլերի իրական հնարավորությունը. հնարավոր է նաև, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված որոշ բացահայտումներ կամ ձերբակալություններ տեղի ունենան, և չի բացառվում, որ նման մեղադրանք ներկայացվի արդեն մեղադրված Թամամյանին:

Այսինքն, եթե ենթադրենք, որ Թամամյանին մեղադրանք առաջադրելը, իշխանական ուժերի այցելությունները Րաֆֆի Հովհաննիսյանին ու չափազանց կառուցողական խոսքերը, ինչպես նաև վերջերս «նոր բանտարկյալների ազատ արձակումը» ներքին լսարանի համար են արվում, ապա, եթե նախագահն ավելի խորը կամ արմատական քայլերի գնա (մարտի 1-ի դեպքի բացահայտումներ ևն), դրանք միայն կողջունվեն ու դրվատանքի կարժանանան արտաքին լսարանի կողմից:

Այդ քաղաքականությամբ նախագահը կանի իրեն բնորոշ շախմատային քայլը և արդյունքում, ինչպես ասում են, «մի կրակոցով երկու նապաստակ կխփի»:

Անկախ այն հանգամանքից, թե այդ «կրակոցի» ժամանակ ինչ այլ «նապաստակներ» կխփվեն կամ քանիսը, հասարակությունն ու պետությունը միայն կշահեն:

Դիտվել է 2421 անգամ:
Print Friendly

Leave a Reply