Իրանա-իրաքյան պատերազմը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | April 3, 2011 6:21
Այսօր արաբական արևելքը ցնցվում է հեղափոխություններից: Թունիսյան հեղափոխությունը, տարածվելով դեպի արևելք, բախում է Իրանի դռները: Այս համատեքստում ավելի են սրվում հակասությունները, որոնք առկա են Իրանի Իսլամական Հանրապետության և հարևան երկրների միջև: Եվ դրանք խոր արմատներ ունեն. սկսվել են իսլամական հեղափոխությունից ու շարունակվել Իրան-իրաքյան պատերազմով…
Իրանն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայտնվեց միջազգային մեկուսացման և ճգնաժամի մեջ: Նախ` ծայրահեղ սրվեցին Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Իսլամական հեղափոխությանն անվստահությամբ էր վերաբերվում Խորհրդային Միությունը, Իրանի նոր առաջնորդները սկզբից ևեթ հայտարարեցին իրենց հակաիսրայելական դիրքորոշման մասին, բացի այդ, լարված էին նաև հարաբերությունները հարևան արաբական երկրների, մասնավորապես` Իրաքի հետ, որի հետ Իրանը վաղուց էր մրցակցում Պարսից ծոցի շրջանում ազդեցության համար: Այս պայմաններում էլ 1980 թ. սեպտեմբերի 22-ին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը հրաման տվեց իրաքյան բանակին` հարձակվել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության վրա:
Իրաքի բանակը ներխուժեց իրանական Խուժիստան: Թվում էր` Իրաքի համար առկա են բոլոր նպաստավոր պայմանները պատերազմ վարելու համար: Նախ, ինչպես նշվեց, Իրանը հայտնվել էր միջազգային մեկուսացման մեջ, երկրորդ` Իրաքը վայելում էր ոչ միայն ողջ արաբական աշխարհի, այլև Խորհրդային Միության և ԱՄՆ-ի թաքուն աջակցությունը: Իրաքի բանակը համալրված էր խորհրդային ռազմական տեխնիկայով և վարժեցված էր խորհրդային զինվորական մասնագետների կողմից:
Դրությունն Իրանում ծայրահեղ էր նաև այն պատճառով, որ նոր վարչակարգը դեռ լիովին չէր տիրապետում իրադրությանը, երկիրը հայտնվել էր քաոսի և երկպառակության մեջ: Շահական վարչախումբը դեռ լրիվ չէր նահանջել և հույսեր էր փայփայում` կապված Իրաքի արագ հաղթանակի հետ:
Իրաքյան կողմը պատերազմում նպատակ էր դրել արագ ջախջախել Իրանին, տապալել իսլամական հեղափոխական կառավարությունը, վերականգնել շահի իշխանությունը, որով էլ ավելի թուլացած Իրանը կհայտնվեր Սադամ Հուսեյնի քաղաքական ազդեցության ոլորտում, ավելին` Իրաքը կկանխեր արաբական արևելքին սպառնացող իսլամական հեղափոխության ծավալումը: Բացի այդ, հաղթանակի դեպքում Սադամ Հուսեյնը կապահովեր Իրաքի միանձնյա գերիշխանությունը Պարսից ծոցի նավթային աշխարհում:
Սադամ Հուսեյնը հույս ուներ նաև հաղթական պատերազմի արդյունքում իր տերությանը կցել Շատ էլ-Արաբի գետաբերանի իրանական Աբադան և Խորեմշահր նավահանգիստները, որոնք վաղուց էին վեճի առարկա դարձել երկու պետությունների միջև:
Եվ իրոք, պատերազմի հենց սկզբից արաբական աշխարհի բոլոր երկրները, բացառությամբ Սիրիայի Արաբական Հանրապետության, բացահայտ պաշտպանեցին Իրաքի ագրեսիան և Սադդամի կառավարությանը հսկայական նյութական և բարոյական աջակցություն ցույց տվեցին: Սակայն, չնայած Սադամի կոչերին, արաբական որևէ պետություն չմիացավ պատերազմին և ռազմական գործողություններ չսկսեց Իրանի դեմ:
Իրաքը պատերազմի սկզբում զենքի և տեխնիկայի առավելություն ուներ. մասնավորապես` իրանական 1000 տանկի դիմաց իրաքյան սպառազինության մեջ հաշվում էր 4500 տանկ, Իրանը կարող էր մարտադաշտ հանել 1000 զրահամեքենա, Իրաքը` 4000, իրանական 3000 միավոր հրետանու դիմաց Իրաքն ուներ մոտ 7500 միավոր: Օդում Իրաքի առավելությունն ավելի ցայտուն էր. 65 իրանական կործանիչների դիմաց Իրաքն ուներ ավելի քան 500 ռազմական ինքնաթիռ:
Պատերազմի սկիզբը խոստումնալից էր իրաքյան բանակի համար: Պատերազմի առաջին 10 օրվա ընթացքում Իրաքի բանակը շուրջ 700 կմ ձգվող ճակատով հարձակման անցնելով` 40 կմ խորությամբ թափանցեց իրանական տարածք:
1981 թ. իրաքյան զորքերը բավականին խորացան Իրանի տարածքում, և թվում էր` Սադդամի ռազմական պլաններն ուր որ է կիրականանան: Բայց Իրանի կառավարությունը կրիտիկական պահին կարողացավ համախմբել երկրի ուժերը: Նախ` իրանական հրամանատարությունը վերադասավորեց ուժերը. 190000 իրաքյան զինվորի դիմաց Իրանը մարտի դաշտ էր հանել 300000 զինվոր, սրան ավելացավ մոտ կես միլիոն ժողովրդական աշխարհազորը, և Իրանը մարտադաշտում թվական գերազանցություն ստացավ:
Իրանական բանակը կասեցրեց թշնամու առաջխաղացումը, ապա հուժկու հակահարվածով դուրս մղեց երկրի սահմաններից, ավելին` հաջորդ` 1982 թ. արդեն պատերազմական գործողություններն ընթանում էին Իրաքի Հանրապետության տարածքում: Ավելորդ չէ նշել, որ պատերազմի ողջ ընթացքում երկու կողմերն էլ քիմիական զենք էին օգտագործում:
Թվում էր` հաղթանակի նժարը թեքվել է, իրանական բանակը մահացու հարված կհասցնի Իրաքին, և արաբական արևելքում կտարածվի իսլամական հեղափոխությունը: Սակայն Բասրայի մոտ պարսկական բանակը հապաղեց: Մարտերը հիմնականում դիրքային բնույթ ստացան, ինչը հնարավորություն տվեց Սադամին ուշքի գալու և կայունացնելու ճակատը: Իրանական բանակը բավարարվեց միայն 1986 թ. Շատ էլ-Արաբի գետի գետաբերանում` Պարսից ծոցում, Ֆաո նավահանգստի գրավմամբ, որով Իրանը ընդհանուր ցամաքային սահման բացեց Քուվեյթի հետ:
Իրանական վարչակազմը փորձեց Իրաքին թելադրել իր պայմանները. որոնք էին` հսկայական ռազմատուգանք և Աադդամ Հուսեյնի ու իր ղեկավարած ԲԱԱՍ կուսակցության իշխանազրկում: Բնական է` Սադդամը մերժեց հրադադարի այդ պայմանները: Սակայն իրանական կողմը կոշտ դիրքորոշում էր որդեգրել ու ոչ մի պարագայում չէր ուզում փոխզիջման գնալ: Որպեսզի ավելի մեծ հարված հասցնի Իրաքի տնտեսությանն ու ստիպի եվրոպական երկրներին պատերազմի շուտափույթ ավարտի համար ճնշումներ գործադրել Իրաքի վրա, Իրանը ձեռնամուխ եղավ «տանկերային պատերազմին»: Իրանը նպատակադրվել էր նաև հարվածել Պարսից ծոցի արաբական երկրների տնտեսություններին, քանզի պատերազմի ընթացքում նրանք ֆինանսավորում էին Սադամին:
Սկզբնական փուլում Իրանը սոսկ ռմբակոծում էր Պարսից ծոցի ջրերում հայտնված նավերը, իսկ 1986 թ. լիովին ականապատեց ծոցը: Միայն մեկ տարվա ընթացքում վնասվեց և կործանվեց մոտ 400 նավ: Արաբական երկրները իրանական հարձակումներից պաշտպանվելու համար խնդրում էին ԱՄՆ կառավարությանն իր դրոշի տակ առնել իրենց նավերը: Առաջինը նման հարցով դիմեց Քուվեյթը, և ամերիկացիները, բնականաբար, «մեծահոգաբար» ընդառաջեցին: ԱՄՆ կառավարությունը ընդառաջեց նաև չեզոք երկրներին: Իրականում Նահանգները հարմար պատրվակ էր փնտրում կոնֆլիկտին միջամտելու համար, և շուտով ամերիկյան ավիակիրները հայտնվեցին Պարսից ծոցի ջրերում` աջակցելով իրաքյան ռազմական ուժերին: Իրանը դրան կտրուկ արձագանքեց, և շուտով ընդհարումներ եղան նաև իրանական և ամերիկյան ուժերի միջև: ԱՄՆ-ի հայտնվելն այս պատերազմում ծայրաստիճան շիկացրեց մթնոլորտը, և վտանգ առաջացավ, որ պատերազմը կտարածվի և դուրս կգա Պարսից ծոցի սահմաններից:
ՄԱԿ-ը և միջազգային այլ կառույցներ պահանջեցին ռազմական գործողությունների շտապ դադարեցում: Իրաքյան կողմը, որ, ըստ էության, տանուլ էր տվել պատերազմը, անթաքույց շտապողականությամբ հայտարարեց ռազմական գործողությունները դադարեցնելու պատրաստակամության մասին: Բայց Իրանը կոշտ դիրքորոշում ուներ և սկզբում մերժեց: Մեկ տարի անց միայն` 1988 թ., կողմերին հաջողվեց համաձայնության գալ և դադարեցնել պատերազմը:
Համաձայն հրադադարի` պահպանվում էր ստատուս քվոն: Սակայն պատերազմում Իրաքը պարտված էր: Նախ` Սադամին և նրան սատարող ուժերին չհաջողվեց հասնել իրենց նպատակին, այն է` Իրանում իսլամական վարչակարգի տապալմանը, երկրորդ` պատերազմն ավելի ամրացրեց Իրանի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանում: Բացի այդ, պատերազմը ավելացրեց Իրաքի արտաքին պարտքը, մասնավորապես Քուվեյթի պարտքը հասավ մոտ 15 միլիարդ ԱՄՆ դոլարի: Դա էլ պատճառներից մեկն էր, որոնք երկու տարի անց Սադամին դրդեցին նոր արկածախնդրության` նվաճել Քուվեյթը:
Պատերազմը երկու երկրների տնտեսություններին հսկայական վնաս հասցրեց: Ամենահամեստ հաշվարկներով պատերազմի ընդհանուր վնասը կազմում է շուրջ 350 միլիարդ դոլար: Պատերազմող կողմերը մոտ կես միլիոն մարդկային զոհեր տվեցին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
