«Թող դուրս գան փողոց…»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | April 4, 2011 6:52

«Մենք անընդհատ աշխատում ենք խնդիրներ բարձրացնել, բայց մեզ շատ քիչ են լսում»,-այսպես է բանաձևում իրենց գործունեությունը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Ստեղծագործական միությունները Հայաստանում շուրջ 70 տարվա պատմություն ունեն: Կար ժամանակ, երբ այս միությունները երկրի մշակութային կյանքում լուրջ դեր ու կշիռ ունեին: «Խորհրդային տարիներին գրողների միության գրական մամուլն ամենաբարձր հոնորարն էր տալիս, հիմա նոր ենք սովորում մասնավոր հովանավորներ գտնել,  իսկ «Գրական թերթը» պահվում է գրողների էնտուզիազմով»,- ասում է գրողների միության քարտուղար Հովհաննես Գրիգորյանը:

Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը հիշում է, որ խորհրդային տարիներին իրենց միությունն ավելի մեծ կշիռ ուներ, քան նախարարությունը: Հիմա ստեղծագործական միություններին պետությունը տվել է հասարակական կազմակերպությունների կարգավիճակ  (2001 թ. ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքով):

«Զարմանալի կլինի, եթե ասեմ, որ մենք պետբյուջեի հետ որևէ առնչություն չունենք, փաստորեն, կարող ենք լինել, կարող ենք և չլինել էս երկրում»,- ասում է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Կորցնելով ԽՍՀՄ տարիների ունեցվածքի մեծ մասը ` ստեղծագործական միություններն այժմ գոյատևում են իրենց տարածքների վարձակալությունների և անդամավճարների հաշվին: «Բոլոր ստեղծագործական միություններն այժմ շատ լավ շենքեր ունեն, որոնք շատ լավ ռեստորանների տեղեր կլինեին,  դա շատերի աչքի փուշն է: Ոչ  ոքի միությունը չի խանգարում,  շենքերն են խնդիրը»,- ասում է տիկին Մելոյանը:

Նկարիչների միությունն ունի 350 անդամ և տարեկան 50-55 ցուցահանդես է կազմակերպում. «Իսկ նկարիչը նկարիչ չէ, եթե չի ցուցադրվում»,- ասում է պրն Աղամյանը: Այս խնդրին միանգամայն այլ կերպ է մոտենում նկարիչ Հովհաննես Մարգարյանը . «Միություններն առաջացել են 30-ականներին` ազատ մտքի վրա հսկողություն սահմանելու համար, բայց էդ հսկողությունը ձրի չէր, նրանք կերակրում էին արվեստագետներին, ու էդ կերակրվելը մնաց վատ սովորություն»: Նրան համամիտ  է  երիտասարդ սերնդի գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանը. «Ես գրողների միության անդամ եմ դարձել 1995 թ.: Էն ժամանակ մտածում էի, որ միությունը կարելի է վերափոխել` դարձնել մեր ժամանակներին ավելի համապատասխան, ավելի աշխույժ, դինամիկ կառույց: Ի վերջո, ոչ մի բան էլ չստացվեց: Ու ես հասկացա, որ հսկա, ծանրաշարժ էդ կառույցն անհնար է բարեփոխել»: Նրա կարծիքով` ապագան «Ինքնագիր» գրական ակումբների նման փոքրիկ կազմակերպություններինն է. «Էստեղ մարդիկ համատեղ գործ են անում, և հենց էդ գործի ընթացքում էլ, բնական ճանապարհով, ծնվում է գրական նոր միությունը»:

Պրն Հովհաննես Գրիգորյանը, ընդհակառակը, գրողների միությունը համարում է արվեստագետների «հարազատ օջախը»: «Օրինակ` երկու ամիս առաջ մահացավ գրող Վարուժան Նալբանդյանը, ում թաղման ծախսերը հոգաց գրողների միությունը»,- ասում է նա: Իսկ Սոնա Մելոյանը, թատերական գործիչների միությունը համարելով համախմբող օղակ, պատմում է. «Երբ մայր թատրոնում գեղարվեստական ղեկավարի ստատուսը հանվեց, մեր միությունը և 40-ից ավելի անվանի դերասաններ նամակներ ստորագրեցինք և միասնաբար դիմեցինք նախարարությանը»: Ճարտարապետների միությունում նույնպես կան նման օրինակներ. «Երբ սկսվեցին «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը քանդելու մասին խոսակցությունները, մեր միությունը, որն ունի շուրջ 700 անդամ, ձայն բարձրացրեց և համախմբեց երիտասարդությանը»,- ասում է Մկրտիչ Մինասյանը:

Պարզվում է` այժմ քիչ չեն այն երիտասարդ արվեստագետները, ովքեր ցանկանում են համալրել ստեղծագործական միությունների շարքերը. «Ամեն տարի 50-ից ավելի դիմում ենք ունենում, որոնց մեծ մասը  չի ընդունվում,- ասում է պրն Աղամյանը:

ՀԳՄ  երիտասարդական  «Գրեթերթ»  ամսագրի խմբագրակազմից երիտասարդ գրականագետ Հասմիկ Հակոբյանը կարծում է, որ ստեղծագործական միություններն անհրաժեշտ են,  բայց դրանք չէ, որ պատասխանատու են ստեղծագործական որակի համար. «Գրողների միությունն ինձ կոնկրետ ֆինանսական օգնություն ցույց չի տվել,  բայց անվիճելի է, որ այն համախմբում է  ստեղծագործողներին»:

Իսկ նկարիչ պրն Մարգարյանը կարծում է, որ երիտասարդների համար նկարիչների միությունը նույնիսկ վնասակար է.  «Թող փողոց դուրս գան, այնտեղ ավելի լավ կզգան իրենց անելիքը»,-ասում է նա:

Ամեն դեպքում, ստեղծագործական միությունների երիտասարդ անդամներն այսօր խրախուսվում են պետության կողմից: Օգոստոսից մեկնարկել է   «Բնակարաններ երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին»  ծրագիրը, որի շրջանակներում երիտասարդ արվեստագետները Ազատության 26 հասցեում մատչելի բնակարաններ ձեռք կբերեն:

Նարե ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է 1347 անգամ:
Print Friendly

Leave a Reply