Հուլիսի 8-ից Երեւանում մեկ խմ ջրի սակագինը կնվազի 6 դրամով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 1, 2011 15:02

Երեւանում մեկ խմ ջրի սակագինը 181 դրամից կնվազի 175 դրամ: Ինչպես այսօր հրավիրված ասուլիսում նշեց «Երեւան ջուր» ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը` այս սակագինը կգործի հուլիսի 8-ից:

Ըստ Գ. Մարգարյանի` խմելու ջրի սակագինը յուրաքանչյուր տարի որոշվում է` հաշվի առնելով մի շարք գործոններ` սղաճը, էլեկտրաէներգիայի գինը եւ դոլար/եվրո փոխարժեքը: 2006թ. 10 տարով ստանձնելով Երեւանի ջրամատակարարման պատասխանատվությունը` ֆրանսիական Veolia ընկերությունը պարտավորվել էր շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովել մայրաքաղաքի բնակչությանը: Գ. Մարգարյանի խոսքով` Երեւանում այսօր ջրամատակարման շարունակականությունը կազմում է 22 ժամ:

Պայմանագրային հինգերորդ տարվա համար նա դա լավ ցուցանիշ համարեց` հավելելով, որ այն գերազանցում է վարձակալական պայմանագրով նախատեսված ցուցանիշը, որով սահմանված էր, որ հինգերորդ տարվա համար ջրամատակարարման միջին գրաֆիկը պետք է լինի 19.8 ժամ: Ըստ Գ. Մարգարյանի` այսօր դեռեւս մեծ թիվ են կազմում ջրի կորուստները. նախորդ տարի դրանք մայրաքաղաքում կազմել են 82-83 տոկոս: «Ջրակորուստների միայն 50 տոկոսն արձանագրվում են բազմաբնակարան շենքերում:

Պատճառը` վատ վիճակում գտնվող ներքին ցանցն է, որի որոշ հատվածների համար ընկերությունը պատասխանատու չէ»,- նկատեց Գ. Մարգարյանը: Նրա խոսքով` կորուստները 2007թվականի համեմատ ավելացել են, քանի որ ավելացել է նաեւ ջրամատակարարման շարունակականությունը:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply