Որտեղից է գալիս Ապրիլի 1-ը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 1, 2011 14:57
Այս օրը ոչ մի օրացույցում գրանցված չէ նշանավոր տարեթվերի կամ օրերի շարքում: Սակայն այն իրավամբ կարելի է համարել միջազգային, քանի որ հավասարապես նշվում է Եվրոպայում ու նույնիսկ Արևելքում: Որոշ երկրներում այն անվանում են Ծիծաղի օր, որոշ երկրներում էլ` Հիմարացնելու օր: Այդ օրը բոլորն են կատակում, բոլորի հետ են կատակում ու բոլորն են ակամա ժպտում: Դժվար է ասել, թե որտեղից է սկիզբ առել այն, սակայն ուրախանալու, կատակելու ու խաբելու սովորույթը հենց ապրիլի 1-ին շատ երկրներում է նշվում: Ապրիլմեկյան ավանդության ծագման վերաբերյալ մի քանի վարկած գոյություն ունի: Դրա արմատները շատ խորն են, գնում-հասնում են միջին դարերի Եվրոպա: Ըստ էության, սա հեթանոսությունից քրիստոնեական գիտակցության մեջ մնացած տարրերից է:
Այդուամենայնիվ, դրա ծագումը վերագրվում է Հին Հռոմին, որտեղ փետրվարի կեսին (ոչ ապրիլին) նշվել է Հիմարների տոնը: Ապուլեոսը համարել է, որ Հին Հռոմում ապրիլմեկյան սուտը կապված է եղել Ծիծաղի աստվածության հետ: Ոմանք համոզում են, որ այդ տոնը ծնունդ է առել Հնդկաստանում, որտեղ մարտի 31-ին նշվել է Կատակների տոնը: Կա մի ենթադրություն ևս, որ ապրիլի 1-ին հին աշխարհում կատակել են միայն իռլանդացիները, այն էլ` Նոր տարվա պատվին:
Մինչև XVI դարի կեսը եվրոպական նոր տարին սկսվել է մարտից: Այդ իրադարձությանը պատրաստվել են, հյուր գնացել, նվերներ արել: Նոր տարին դիմավորել են ապրիլի 1-ին:Հետագայում, Ֆրանսիայի թագավորի կարգադրությամբ, տարվա սկիզբը սկսեցին նշել հունվարի 1-ից: Բայց շատերը շարունակում էին նշել ապրիլի 1-ին, ուստի հին ավանդույթները վերացնելու նպատակով նրանց անվանեցին«ապրիլմեկյան հիմարներ», և մոդայիկ դարձավ այդ օրը կատակելը: Կա մի ավանդություն, որի համաձայն` այդ տոնը նեապոլիտանական թագավոր Մոնթերեյի անվան հետ է առնչվում, ում երկրաշարժի դադարելու հետ կապված տոնական ճաշկերույթի ժամանակ ձուկ են հրամցրել: Մեկ տարի անց թագավորը կրկին նույն ուտեստեղենից է պահանջել: Նմանը չեն գտել, սակայն խոհարարը պատրաստել է մեկ ուրիշը, որը հիշեցնում էր նախորդը: Ու չնայած թագավորը հասկացավ, որ դա բնավ էլ այն չէ, ինչ ինքն էր ուզում, չզայրացավ, նույնիսկ ուրախացավ: Այդ ժամանակվանից ի վեր ապրիլի 1-ին կատակ անելը սովորություն է դարձել: Ռուսաստանում ապրիլմեկյան կատակները սկսեցին նշել այն բանից հետո, երբ մի անգամ Պետերբուրգի բնակիչներն արթնացան ազդանշանով, որը սովորաբար գուժում է տագնապի մասին: Դա ապրիլի 1-ին էր, ու տագնապն էլ կատակով էին հնչեցրել: Հայտնի է նաև, որ Պետրոս Առաջինի գահակալության ժամանակ գերմանացի դերասանների խումբը խաբել է հանդիսատեսին ու թագավորին ներկայացման փոխարեն բեմում պաստառ է ցուցադրել որի վրա գրված է եղել`«Ապրիլի 1»: Պետրոսը չբարկացավ և միայն թատրոնից դուրս գալով` ասաց. «Կատակերգակների անկաշկանդություն»:
Այս անսովոր ավանդության «պատճառն» ինքը բնությունն է: Գարնան քմահաճությունները մարդկությունն աշխատում է մեղմել կատակներով ու հումորով: Թե ինչ ծագում ունի այս տոնը, երևի թե այնքան էլ էական չէ. չէ՞ որ ծիծաղը երկարացնում է կյանքի տևողությունը:






Facebook
Tweet This
Email This Post
