Երևանի առաջնություն` տևական ընդմիջումից հետո

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 1, 2011 14:13

Մասնագետներն էլ դժվարանում են վերհիշել, թե  հանդբոլի Երևանի պատանեկան առաջնություն վերջին անգամ երբ  է անցկացվել: Եվ ահա, տևական ընդմիջումից հետո կրկին այն կազմակերվել էր: 7 օր շարունակ աշխաուժություն էր տիրում մայրաքաղաքի Շենգավիթի համայնքի թիվ 1 համալիր մարզադպրոցի դահլիճում: Ընդ որում, այն թեև այնքան էլ բարվոք վիճակում չէ, վերանորոգման կարիք ունի, սակայն չափերով մեծ է, համապատասխանում է հանդբոլի մրցումների անցկացման միջազգային չափանիշներին: Իսկ առաջնությունը վերածվեց տոնակատարության, որի վերջին ակորդը դարձավ Աջափնյակ համայնքի և Հանդբոլի մասնագիտացված դպրոցի պատանիների թիմերի եզրափակիչը: Վճռական հանդիպումում, 30:16 հաշվով հաղթելով մրցակցին, ուժեղագույնի կոչումը նվաճեց Աջափնյակի մարզադպրոցի հավաքականը: 3-րդ մրցանակակիր դարձավ խաղերի մանկապատանեկան օլիմպիական մարզադպրոցի հավաքականը: Աղջիկների պայքարում առաջին երեք տեղերը գրավեցին ՀՄԴ-ի, Շենգանիթի  մարզադպրոցի, ԽՄՕՄ-ի հավաքականները: Լավ  կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին պատանիների 7, աղջիկների 5 թիմեր: Ընդ որում, խաղում էին նաև «Սմարթ» ծրագրով պարապող թիմեր: Այդ ծրագրով հանդբոլի նպատակային մարզումներ են կազմակերպվում հանրակրթական դպրոցներում: Իսկ ամեն բան կատարվել էր  Երևանի հանդբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Գործուն աջակցություն էր դրսևորել Երևանի  քաղաքապետարանի սպորտի վարչությունը: Աչքի ընկնողների համար պատրաստվել էին գեղեցիկ մեդալներ: Նրանց հանձնվեցին նաև դիպլոմներ:  Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան մրցումները սպասարկելու համար  փորձառու մրցավարներ էր տրամադրել, նաև սահմանել էր մրցանակներ: Ի դեպ, միջոցառման փակման հադիսավոր արարողությանը ներկա էր, աչքի ընկնողներին քաջալերանքի և բարեմաղթանքի խոսքեր ասաց,  մեդալներ և պատվոգրեր հանձնեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Նաև որպես պարգև հանդբոլի գնդակներ հանձնվեցին առաջին երեք տեղերը գրաված հանդբոլի պատանիների և աղջիկների թիմերի լավագույն խաղացողներին: Իսկ 1-2-րդ տեղերը գրաված թիմերը ստացան 2-ական գնդակ: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը հայտնեց  որ լրջորեն է ամեն բան արվել և դրանում մեղք ունեն Երևանի հանդբոլի ֆեդերացիան, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչությունը: Ուրախալի համարվեց, որ զգալի թվով թիմեր էին պայքարի ոլորտ ներգրավվել: «Տևական ընդմիջումից հետո է անցկացվում այսպիսի միջոցառում, հուսով եմ, որ այն շարունակական կլինի: Գեղարքունիքում է անցկացվել առաջնություն: Նույնը կարելի է ասել Արցախի մասին: Բավական է միայն այն փաստը, որ մասնակացել են հանրակրթական 18 դպրոցների հավաքականներ: Առաջիկայում այս տարիքի խաղացողների առաջնություն է անցկացվելու Կոտայքում և Լոռիում: Այնպես որ, օրինակը վարակիչ է: Կասկած չի կարող լինել, որ մասսայականության շնորհիվ նաև կլուծվի վարպետության հարցը, կաճեն բարձրակարգ մարզիկներ»,- ասաց Մելքոնյանը: Երևանի հանդբոլի ֆեդերացիայի Նախագահ Աշոտ Ղազարյանը հայտնեց, որ միջոցառման կազմակերպման համար ֆինանսներ է հատկացրել քաղաքապետարանի սպորտվարչությունը: Նպատակն է եղել  նախապատրաստել խաղացողներին, որ մրցումների բովում թրծվեն, հետագայում մասնակցեն մեծահասակների առաջնությանը: Դրա համար մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է կատարվել: «Այս ստուգատեսում առաջին երեք տեղերը գրաված թիմերը ապրիլին Հայաստանի առաջնության փնջային մրցումների կմասնակցեն Վանաձորում: Իսկ հետագա տարիներին արդեն, Երևանը փնջային մրցումներում կխաղա հավաքական թիմով: Վստահ ենք, որ  Երևանի առաջնությունը կդառնա ավանդական և կանցկացվի ամեն տարի:»,-ասաց Ղազարյանը:

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply