Հայաստանի ձկնորսության քարտեզի մի անկյունը. սոված չես մնա, նույնիսկ երբ կլյով չկա

Շաբաթվա լուր | | August 13, 2009 15:16
34

45-ամյա Արմեն Արաբյանի խոսքերով` բնության մեջ անցկացրած օրը կյանքի հաշվի մեջ չի մտնում: Եթե ուզում ես երկար ապրել, ուրեմն բնության գրկում շատ պիտի լինես:

-Հը՞, չի խփու՞մ:
-Չէ, ախպեր, կլյով չկա:
Արդեն երկու-երեք ժամ է ձկնորսների հետ կանգնած ենք, իսկ կլյով չկա ու չկա:
Կլյովը ձկնորսների ժարգոն է` ռուսերեն «клевать» բառի կրճատ տարբերակը: Կլյով չկա, նշանակում է ձուկը որդը չի կտցում: Իսկ կլյով կա, կամ ձուկը խփում է արտահայտությունները համարժեք են:
Ամասիայում ենք` Արփի լճի ջրամբարում` կպած է Գառնառիճ գյուղին, հին անունը՝ Կուզիքյանդ, որը թարգմանաբար նշանակում է ոչխարագյուղ:

Հայաստանյան ջրերում ձկնատեսակները շատ չեն. սիգ, որը Սևան է բաց թողնվել 1923թ., իշխան, որը կա միայն Սևանում (բուծարանների իշխանը չհաշված), գրանցված է Կարմիր գրքում, որսն էլ արգելված է, բեղլու, ծածան, լեն ռեխ, կարպ, կողակ, կարաս, կարմրախայտ: Արաքսում կա նաև լոքո ու ճանառ:
Կարթով ձկնորսությունն արգելված չէ` բացառությամբ իշխանից ու բեղմնավորման ժամանակ նաև սիգից:
Ձկնորսությամբ կարելի է զբաղվել կլոր տարին: «Նայած որտեղ երբ ա խփում,-ասում է Արտավազդը,- իսկ լավ ձկնորսը գիտի` երբ ուր գնա»:

Գարունը լավ կարաս բռնելու ժամանակ է, որը առատ է Սև ջրում (Մասիսի մոտ), ուր կան նաև ծածան ու կողակ: Ամառը հարմար է բեղլու և կողակ բռնելու համար: Կարմրախայտ կբռնես կլոր տարին, ձմռանը՝ սառույցը ծակելով: Այն կա միայն լեռնային մաքուր ջրերում. օրինակ` Որոտան գետում: Ձմռանը կարաս ու գալավնյակ էլ կարող ես բռնել: Սակայն ձմեռը բեղլու չկա: Աշունը, երբ ջրերը սկսում են սառել, բեղլուն մտնում է քարերի տակ ու այդպես մնում մինչև գարուն:
Ամասիայից Երևան 170կմ է, մոտ 3 ժամվա ճանապարհ: Այսքան հեռու գնալու համար առավոտյան շատ վաղ պետք է դուրս գալ` ժամը 06.00-ին:

Մենք՝ «Անկախի» թղթակիցներս, ու ձկնորսներ Արտավազդն ու Արմենը դուրս եկանք 07.00-ին: Որոշումը հանկարծ ծնվեց: Ամեն գործ հետաձգեցինք: Արմենն ասում է, որ ձկի կամ որսի գնալ ցանկացող մարդուն ոչինչ չի կարող խանգարել:
45-ամյա Արմեն Արաբյանն աշխատում է Բնապահպանության նախարարությունում: Ծնունդով Ամասիայից է: Առաջին ձուկը բռնել է 6 տարեկանում՝ 1.5 կգ ծածան, որը չի մոռանում. «Բնության մեջ անցկացրած օրը կյանքի հաշվի մեջ չի մտնում,- ասում է Արմենը,- եթե ուզում ես երկար ապրել, ուրեմն շատ պիտի բնության գրկում լինես»:
Գիշերն ամպը գոռաց, կայծակը խփեց ու առատ անձրև եկավ. ձկնորսության համար լավ չէր: Բայց որոշումը փոխել չէր կարելի:

Արտավազդի ջիպը Էջմիածնից Աշտարակի ճանապարհով ուղղություն վերցրեց դեպի Շիրակի մարզ: Ճանապարհը կարճեցինք որսի ու ձկնորսության մասին Արմենի անսպառ պատմություններով ու անեկդոտներով:
Անձրև սկսվեց. «Մեկ ա ձուկ բռնելու ենք»,- մտքում տված իր հարցին պատասխանեց Արտավազդը: «Հա, բա ոնց, ինչ էլ լինի, կբռնենք»,- համաձայնվեց Արմենը:
60-ամյա Արտավազդ Խաչատրյանը «Վասգրիշին» ՍՊԸ շինարական կազմակերպության տնօրենն է: Ձկնորսությամբ զբաղվում է 15 տարեկանից, այն ժամանակ Դիլիջանի կողմերը գտնվող Աղստև գետում, որտեղ հիմնականում աճում է բեղլու և կողակ: Արտավազդը լռակյաց անձնավորություն է և սիրում է լսել բնությանը: «Որ մի շաբաթ բնություն դուրս չեմ գալիս, ոնց որ անհանգիստ լինեմ»,- ասում է Արտավազդը:

Ժամը 11-ի մոտ հասանք տեղ: Պարզվեց՝ մենք առաջինը չէինք. Գյումրիից 5 հոգանոց մի խումբ արդեն տեղում էր: Հետո մեզ միացան էլի 2-3 հոգի, ու 10-12 հոգով ցուրտ ու անձրևոտ օրը սկսեցինք մեր ձկնորսական ոդիսականը:
Արփի լճին հարակից բնությունը անտառներով հարուստ չէ: Ամենուրեք քաչալ սարեր ու բլրակներ են: Բայց հարուստ բուսականություն կա՝ ծաղիկներ, սարի սմբուլ, օգտակար խոտաբույսեր. ուրց, դաղձ, զվերաբոյ: Լճում` ծածան, կարաս, կողակ, կարպ ու գալավնյակ, որին հայերեն լեն ռեխ են ասում: Իսկ լճի մեջ երկու բլրակ կա, որոնց տեղացիները հպարտությամբ կղզի են անվանում:

«Էդ պապիս սեփականությունն է, ու վախտին իրա յախտով կերթայինք կղզի»,- կատակեց գյումրեցի ձկնորս Արտաշը: Նա ասում է, որ կարող է առավոտից երեկո նստել ու ոչինչ չբռնել, բայց դրանից տրամադրությունը չի փչանում: «Ես ստեղ հանգստանամ գը: Իսկ որ ձուկն օր չալըրավ, իմ չանգյալը կուլ տվավ, նրան էլ կբռնեմ»,- ասում է նա:

«Առուների վրա ավելի լավ ա խփում, լճի վրա՝ խոր տեղերը, ձուկ բռնելու չեն կանգնում»,- ասում է Արմենը, որ բոլորի հետ ծանծաղ մասում էր կարթը գցել: Ձկներն ափ են գալիս կերակուր փնտրելու: Հաճախ ջրի մեջ թեփ կամ կերակուրի մնացորդներ են լցնում՝ ձկներին գայթակղելու համար:
Ամենամեծ հաճույքը ձկնորսի համար խոշոր ձուկ բռնելն է: «Խոշոր ձկանը որդը կուլ տալուց հետո շատ հեշտ կարող ես կորցնել, եթե ձևը չիմանաս հանելու,- ասում է Արմենը,- եթե թելից քաշես, կամ ջրից հանես, կարող է պոկվել, պետք է ջրի մեջ խաղացնելով ու համոզելով կամաց-կամաց ափ բերես»:

Երբ մեծ ձուկ է բռնվում` ձկան պես մեծ իրադարձություն է, ու բոլորը կիսում են ընկերոջ ուրախությունը: Չբռնվելու դեպքում էլ, ինչպես եղավ այս անգամ, պատմություններ են հիշում կամ հորինում այն մասին, թե վերջին անգամ ձուկն ինչքան կտրեց տարա (այնքան մեծ է եղել ձուկը, որ խայծը կուլ տալուց հետո կեռիկը կոտրել փախել է):

photo

Հայաստանի Որսորդների և ձկնորսների միության անդամ Արտավազդ Խաչատրյանը: Արփի լճում ծածան, կարաս, կարպ ու գոլովնյակ կբռնես:

Նորից սկսեց անձրև մաղել: Այստեղ երկու օր շարունակ անձրևներ են տեղացել ու կարկուտ խփել: Ամառվա կեսին ցուրտ է. ծովի մակերևույթից 2000մ բարձր ենք: Իսկ ցուրտ ժամանակ ձուկը ծանծաղ տեղերից հեռանում է դեպի խորքը: «Հենց մի քիչ օրը տաքանա, գալավնյակ կբռնենք,- ասաց Արմենը,- երբ գալավնյակը խփում է, ուրիշ ձկան որդին մոտ չի թողնում գա: Հենց կարթը գցում ես, միանգամից որդը կուլ ա տալիս ու տենց կես ժամում կարող ես 30-40 հատ բռնել»:
Ձուկը խփում է առավոտյան ժամը 11-ից ու ցերեկը 4-ից հետո: Ու մինչ մեր ձկնորսները ճիճու էին լողացնում (ձուկ չի բռնվում), գյումրեցի Մանուկի ու Գևորգի հետ կողքի դաշտում սունկ հավաքեցինք, շամպինիոնը աչքով էր տալիս, ու կես ժամից ամեն մեկս մի տոպրակ սունկով հետ եկանք:
Արտավազդն արդեն երեք մանր կարաս էր բռնել ու երկու գալավնյակ: Մեզանից մի քիչ հեռու կանգնած Արամը կողակ ու ծածան էլ էր բռնել: Կենացները գնալով քաղցրանում էին:

Օրն այդպես էլ չբացվեց, ու ձուկն այդպես էլ լավ չխփեց: Բայց Արտավազդը 6 հատ կարաս ու 10-12 հատ էլ գալավնյակ բռնեց: Երեկոյան կողմ նստեցինք հաց ուտելու: Շուրջբոլորը թաց էր, ու կրակ չարեցինք: Արմենը ձուկը տապակեց համեմունքներով՝ բահար, քարի, օրիգոն՝ խառնված համեմի աղացած սերմով իր հետ բերած գազի բալոնի վրա: Հետո տարածվեց սնկի բույրը:
Երևան հասանք կեսգիշերին: Արմենն ասում է, որ ճգնաժամը ձկորսության վրա չի ազդել: Արտավազդն էլ կատակեց, թե ազդել է նրանով, որ շատացել են անգործներն ու հետևաբար ձուկ բռնողները: «Դրանից ձուկը պակասել ա,- ասաց նա,- իսկ ավելի լուրջ՝ չի կարող չազդել: Ձկի գնալը մինչ էդ էլ էր թանկ հաճույք: Ամեն մարդ չի կարող իրեն թույլ տալ շաբաթը մի անգամ էսքան հեռու տեղ գնալ»: Իսկ իրենց համար արգելքներ չկան. առջևում վարազի որսն է:

Հայաստանի Որսորդների ու ձկնորսների միությունը ստեղծել է Հայկ Բժշկյանը 1921թ., որը սկզբում ունեցել է 12 անդամ: Սկզբում Որսորդների ու Ձկնորսների միությունները եղել են առանձին միավորումներ և միավորվել են 1991թ.: Այժմ Միությունում գրանցված են 28. 000 անդամ, որոնց թվում են Արմենն ու Արտավազդը: Նախագահը Վարդգես Խաչատրյանն է, ով Հայաստանում հայտնի որսորդ է:

_igp0487

Picture 1 of 11

Դիտվել է 7918 անգամ:
Print Friendly

Leave a Reply