Բանկ թալանելու փորձ կատարած ոստիկանության կապիտանը փողի խնդիր չի ունեցել. Նրա ընտանիքը բիզնեսներ ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 17:39
Բանկ թալանելու փորձ կատարած ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանի արարքն իսկակական շոկ է առաջացրել նրա հարազատների, ընկերների եւ հարեւանների մոտ: Նրանք տարակուսած ու զարմացած են, թե ինչը կարող էր նման արարքի դրդել ֆինանսապես ապահովված, բարեկեցիկ կյանքով ապրող մարդուն:NEWS.am-ին հաջողվեց պարզել, որ Արթուր Հակոբյանի ընտանիքին է պատկանում Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցի վրա տեղակայված «Մոնո» թխվածքների խանութը, նույն հասցեում կառուցված բնակելի 6 հարկանի շենքի բոլոր հարկերը, ինչպես նաեւ մի քանի առանձնատուն Երեւանի տարբեր հատվածներում:
Նրա ընտանիքը Արտաշատից Երեւան է տեղափոխվել 1972 թվականին: Ունի երկու եղբայր, որոնցից մեկը մասնագիտությամբ երաժիշտ է, մյուսը`երկար տարիներ աշխատում է ազգային անվտանգության համակարգում: Հարազատները պատմեցին, որ 33-ամյա Հակոբյանը ոստիկանության համակարգում է 1996 թվականից, եւ Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետի պաշտոնը կարճ ժամանակ առաջ է ստանձնել: Ունի երկու բարձրագույն կրթություն` ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիան եւ ԵՊՀ իրավաբանական ֆալկուլտետը, ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա:
«Ուղղակի ապշած ենք, թե Արթուրը ինչո՞ւ պիտի նման քայլի գնար, 10 հազար դոլարի համար իր պատիվը գետնովը տար»,-ասաց հարազատներից մեկը եւ հավելեց, որ իր արաքը կարող է մեկնաբանել միմիայն ինքը`Արթուրը:
Ի դեպ, պատկան մարմինները հարազատներին թույլ չեն տվել տեսակցել Արթուրի հետ, քանի որ նա գտնվում է բժիշկների եւ ոստիկանության վերահսկողության տակ: Վարկած կա, թե Արթուրը թմրամոլ է եղել եւ բանկ թալանելու արկածախնդրությանն է դիմել թմրանյութի ազդեցության տակ: Հարազատները կտրականապես հերքեցին Արթուրի թմրամոլ լինելու մասին վարկածը` նշելով. «Թող այդ հարցին պատասխանի դատաբժշկական էքսպերտիզան, քանի որ Արթուրից հազար հատ անալիզ վերցրած կլինեն: Եթե նա նարկոման լիներ, ապա նրան ոչ ոք չէր երաշխավորի մտնել համակարգ, կապիտան լիներ, երեք հատ էլ փոխգնդապետ աշխատող ունենար»,-նկատեց ոստիկանության կապիտանի բարեկամներից մեկը: Մյուս էլ ասաց, որ եթե Արթուրը «բանկ կտրելու» նպատակ ունենար, ապա տեղը տեղին կպատրաստվեր, գոնե դիմակ կկրեր, ատրճանակը, որով բանկ էր մտել, կլիցքավորեր, եւ ամենակարեւորը` բանկ կմտներ օրվա այն ժամին, երբ բանկի փողերը Հայինկասացիային հանձնելու ժամը կլիներ:
Հարազատներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ գուցե Արթուրին այդ արարքին «զաստավիտ» են են ինչ-ինչ անձինք, ովքեր աչք են ունեցել նրա զբաղեցրած պաշտոնի վրա:
Ի դեպ, նրա հարազատները հերքեցին նաեւ լուրերն այն մասին, որ մոտ ազգակցական կապ ունեն Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ:
Պարզվեց, այդ կապը ընդամենը խնամիական է` Արեյանը Արթուր Հակոբյանի հոր` Սամվել Հակոբյանի քենակալի փեսան է`աղջկա ամուսինը:
«Արեյան Կամոն ի՞նչ կապ ունի այս գործի հետ, նա կասի` Արթուր արի սենց բան արա, որ բռնվե՞ս: Չէ, նրա անունը մի կապեք էս պատմության հետ»,-նկատեց հարազատներից մեկը: Նա նաեւ մի հավելում արեց. «Արթուրը էդ դեպքից հետո աչքերը չի բացել, ոչ մեկին ոչ մի բան չի պատմել, անգամ փաստաբան չունի, որ տեղեկություններ հաղորդի: Սպասեք, ինքն ամեն բան կբացատրի»:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 10/12 հասցեում գտնվող «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղում հրազենից վիրավորված մարդ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ դեպքի «հերոսը» ոստիկանության Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյանն է: Ըստ ոստիկանության հաղորդագրության, ժամը 12.00-ի սահմաններում գլխարկով դեմքը ծածկած վիճակում նա մուտք է գործել նշված բանկի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել է նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի մասնագիտական բարձր պատրաստվածության եւ բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին, նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետեւանքով Արթուր Հակոբյանը որովայնի եւ ազդրի շրջանում ստացել է հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի կրակված 4 պարկուճ, նշված գումարն ամբողջությամբ` 1 փաթեթով:
Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով` 8 փամփուշտով:
Հանգամանքները պարզվում են: Քննությունը վարում է հատուկ քննչական ծառայությունը:
Ելենա Գեւորգյան






Facebook
Tweet This
Email This Post
