Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը

Պաշտոնական, Օրվա լուր | | March 31, 2011 15:40

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու բազմաթիվ առիթներ է ունեցել, Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդուհանդերձ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահն առաջին անգամ է պաշտոնական այցով գտնվում Հայաստանում, ինչը լավ հնարավորություն է համակողմանիորեն քննարկելու հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերը:
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու Շվեյցարիայի Համադաշնության իշխանությունների որոշումը, և այն ընկալում ենք որպես երկկողմ հարաբերությունները զարգացնելու Շվեյցարիայի ցանկության դրսևորումներից մեկը, ինչի համար ուրախ ենք: Շվեյցարիան հասել է շատ մեծ հաջողությունների բոլոր բնագավառներում, և մեզ համար պատիվ է` բարեկամություն ունենալ Շվեյցարիայի նման աշխարհի առաջատար երկրներից մեկի հետ ու խորացնել երկկողմ հարաբերությունները: Մենք շատ շնորհակալ ենք Շվեյցարիայի ժողովրդին և կառավարությանը` Հայաստանին մշտապես ցուցաբերվող օժանդակության համար և նաև երախտապարտ` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պառլամենտում քննարկելու և բանաձև ընդունելու համար»,-հանդիպման ժամանակ ասել է Նախագահ Սարգսյանը:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ իր պաշտոնական այցը կնշանավորվի նաև շատ կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ`Երևանում դեսպանատան բացմամբ, որը կլինի հայ-շվեյցարական հարաբերությունների սերտացման ևս մեկ առհավատչյա: Տիկին Միշելին Կալմի-Ռեյը իր երկրի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` դեսպանատան բացմանը ցուցաբերած աջակցության համար և ընդգծել, որ, իրոք, երկուստեք ամուր կամք կա` Հայաստանի և Շվեյցարիայի միջև կապերն ամրապնդելու և համագործակցությունը զարգացնելու համար:
Հանդիպումից հետո Հայաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Դիտվել է 1496 անգամ:
Print Friendly

Leave a Reply