Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | March 31, 2011 15:38

Մեծարգո՛ տիկին Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են նրա ջանքերն ու ներդրումը մեր տարածաշրջանի հիմնախնդիրներին լուծումներ գտնելու գործում: Շվեյցարիան, որն ունի չեզոք ու անկողմնակալ միջազգային ակտիվ քաղաքականության հարուստ փորձ, մշտապես հետաքրքրություն է ցուցաբերել մեր երկրի ու տարածաշրջանի հանդեպ:
Մեր ժողովուրդների կապերն ունեն դարավոր պատմություն: 1897թ. Շվեյցարիայի կառավարությունն առաջիններից մեկը դատապարտեց 1894-1896թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը` որպես մարդկության դեմ ոճրագործություն: Իսկ Հայոց ցեղասպանության տարիներին շվեյցարացիները մեր ժողովրդին սատար են կանգնել թե՛ անհատ միսիոներների մարդասիրական ու բժշկական գործունեությամբ, թե՛ պետական մակարդակով։ Եվ շարունակելով մարդասիրության այդ իմաստուն ավանդույթները` 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհուրդը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ: Տիկի՛ն Նախագահ, հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիային իր սկզբունքային և հետևողական քաղաքականության և, իհարկե, այդ հրեշավոր հանցագործությունը դատապարտելու համար:
Հայաստանի անկախացումից ի վեր մեր առնչությունները ձեռք են բերել նոր որակ: Հայկական կողմը ողջունեց Երևանում Շվեյցարիայի ներկայացուցչություն-գրասենյակը լիակատար դեսպանության մակարդակի բարձրացնելու որոշումը, որը մեր երկկողմ համագործակցությունն ընդլայնելու բացառիկ հնարավորություններ է ստեղծում և արտացոլում մեր կապերի իրական մակարդակը:
Զրույցի ընթացքում մենք երկուստեք նաև վերահաստատեցինք տնտեսական համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Մենք շահագրգիռ ենք հայ-շվեյցարական տնտեսական ծրագրերը զարգացնելու, դեպի Հայաստան շվեյցարական ներդրումները խրախուսելու հարցում` հաշվի առնելով գործակցության առկա դրական փորձը: Որպես այդ համագործակցության հաջողված օրինակ կարող եմ նշել շվեյցարական ընկերությունների մասնակցությունը Ծաղկաձորի, Ջերմուկի և Տաթևի զարգացման ծրագրերում, որոնք ուղղված են հայաստանյան այս բնակավայրերի զբոսաշրջության ներուժի հնարավորին բացահայտմանը:
Հայաստանը շնորհակալ է Շվեյցարիային` զարգացման և համագործակցության գրասենյակի կողմից իրականացված ծրագրերի և, իհարկե, տարիներ շարունակ այդ գրասենյակի կողմից Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման համար:
Երկուստեք նշեցինք նաև մշակույթի ոլորտում Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցության, շփումների ակտիվության մասին: Մենք համոզված ենք, որ այս հանգամանքը նպաստում է մեր ժողովուրդների փոխճանաչողության բարձրացմանը և բարեկամության ամրապնդմանը: Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Շվեյցարիայում կայանալիք Գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսում Հայաստանը մասնակցելու է պատվավոր հյուրի կարգավիճակով: Ես էլ սիրով հրավիրեցի շվեյցարական կողմին, մասնավորապես, տիկին Նախագահին` մասնակցելու 2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանում կայանալիք միջոցառումներին: Այս միջոցառումներով մենք նշելու ենք հայատառ գրքի տպագրության 500-ամյակը:
Զրույցի ընթացքում մենք նաև կարևորեցինք հայ-շվեյցարական համագործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ի կառույցներում, ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում:
Անդրադարձ կատարեցինք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի զարգացման դինամիկան Շվեյցարիային քաջ հայտնի է: Հատուկ երախտիքի խոսք ասացի մեծարգո տիկին Նախագահին` Շվեյցարիայի իշխանությունների և անձամբ իր անգնահատելի միջնորդական առաքելության ու ներդրած ջանքերի համար: Ափսոսանքով նշեցի, որ Թուրքիան խուսափում է իր ստանձնած պարտավորությունների կատարումից և նման գործելաոճով արժեզրկում թե՛ մեր նախաձեռնությունը, և թե՛ գործընթացում ներգրավված կողմերի ջանքերը:
Անդրադարձանք նաև Արցախյան խնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում` Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը: Ուզում եմ հավատալ, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կլինեն հետևողական և իրենց խոսքն ու գործը կհամապատասխանեն իրար: Բնականաբար, վերահաստատեցի մեր այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ունի միայն մեկ լուծում` դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման միջազգայնորեն ճանաչված իրավունքի խաղաղ իրագործման հնարավորությունն ապահովող լուծումն է: Հիմնախնդիրը պետք է ունենա խաղաղ հանգուցալուծում, որին պետք է հասնել բանակցությունների ճանապարհով, որքան էլ որ այդ ճանապարհը լինի խոչընդոտներով ու դժվարություններով լեցուն:
Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում տիկին Նախագահին օգտակար քննարկումների համար և հաճույքով խոսքը փոխանցում եմ նրան:

***

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Շնորհակալություն, պարո՛ն Նախագահ:
Պարո՛ն Նախագահ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհակալություն այս հրավերի համար: Պետք է ասեմ, որ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և մենք երկուստեք դրսևորում ենք ամուր կամք Շվեյցարիայի և Հայաստանի միջև ակտիվորեն զարգացնելու գործակցությունը: Պետք է ասեմ, որ իմ այցը նշանավորվում է նաև մի կարևոր իրադարձությամբ` այսօր Հայաստանում բացվելու է Շվեյցարիայի դեսպանությունը: Պետք է ասել, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առ այսօր մշակված է օրենսդրական լայն դաշտ, որը հնարավորություն է տալիս ակտիվորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ինչպես ասացի, մենք ունենք օրենսդրական ամբողջ զինանոցը, մասնավորապես` տնտեսական համագործակցության, ներդրումների փոխադարձ պաշտպանության, կրկնակի հարկումից խուսափելու և նաև արդեն վերջերս ստորագրած օդային տրանսպորտի վերաբերյալ համաձայնագրերը: Մեր տնտեսական հարաբերությունները լավ են, չնայած, անշուշտ, մեր ապրանքաշրջանառությունը դեռ մնում է բավականին համեստ մակարդակի վրա, և կարիք կա այն զարգացնելու: Կա դեռևս չօգտագործված ներուժ, և Շվեյցարիայի իշխանությունները, անշուշտ, կողմ են, որպեսզի տնտեսական հարաբերություններն ավելի զարգանան: Կարծում եմ, որ մեր շփումների ակտիվացումը, փոխադարձ այցելությունները, հանդիպումները նույնպես նպաստել են մեր հարաբերությունների սերտացմանը: Այդ հարաբերությունները, անշուշտ, ավելի ամրապնդվեցին այն սերտ համագործակցության շրջանակներում, որ մենք միասին իրականացնում ենք ձեր երկրի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավելու առումով: Անշուշտ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, բայց կարծում եմ, որ այն քաղաքական արիությունը և պատասխանատվությունը, որ հանդես բերվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս, հնարավորություն է տալիս հուսալ, որ ձեռք կբերենք ակնկալվող արդյունքները: Շվեյցարիան Հայաստանի հավատարիմ գործընկերն է, և մենք Հայաստանում արդեն բազում տարիներ ներկա ենք Համագործակցության և զարգացման շվեյցարական
գործակալության միջոցով: Մենք նաև համագործակցում ենք ձեր տարածքային կառավարման նախարարության հետ, որի օգնությամբ, մասնավորապես ծրագրեր ենք իրականացնում Սյունիքի մարզում կաթի արտադրության, ինչպես նաև այգեգործության բնագավառներում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք ձեր արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մասնավորապես` բնական աղետների կանխարգելման հարցում: Այդ առումով, վաղը ես պետք է այցելեմ Գյումրի, որտեղ ներկա կլինեմ և կտեսնեմ, թե շվեյցարացիներն ինչպիսի աշխատանք են կատարել այս ոլորտում:
Շվեյցարիան Հայաստանի հետ սկսել է համագործակցել բնական աղետների, մասնավորապես, երկրաշարժերի կանխարգելման հարցում` սկսած ձեզ պատուհասած աղետից` 1988թ. երկրաշարժից:
Ավարտելով խոսքս` ուզում եմ մեկ անգամ ևս ցանկություն հայտնել, որ մեր համագործակցությունը տնտեսության և այլ ոլորտներում ավելի կխորանա և, այդ առումով, շատ ուրախ եմ, պարո՛ն Նախագահ, գալիք մայիս ամսին Շվեյցարիա Ձեր այցի կապակցությամբ:

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply