Որքանով են Հայաստանում կանայք և տղամարդիկ մասնակցում հասարակական-քաղաքական կյանքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 31, 2011 15:36

Այսօր ՄԱԲՀ /ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ/ հայաստանյան գրասենյակը պաշոնապես ներկայացրեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ««Կովկաս» հասարակագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Միջոցառմանը ներկա էին կառավարական կառույցների, միջազգային կազմակերպությունների, կուսակցությունների, կանանց իրավունքներով և գենդերային հիմնախնդիրներով զբաղվող օտարերկրյա և տեղական հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագիրն ու դինամիկան և բացահայտել այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող կամ խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, բարոյահոգեբանական և այլ գործոնները:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ, ՄԱԲՀ-ի ներկայացուցիչ տկն. Դաֆինա Գեռչևան: Նա նշեց, որ ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս քաղաքական որոշումների կայացման մակարդակներում, այդ թվում` խորհրդարաններում, նախարարություններում, երկրի և կառավարության ղեկավարների ընտրություններում առկա են գենդերային անհավասարության ու խտրականության դրսևորումներ:

Տկն. Գեռչևայի ելույթից հետո հետազոտության հիմնական արդյունքները և առաջարկները ներկայացրեցին զեկույցի հեղինակներ` «Կովկաս» հասարակագիտական կենտրոնի նախագահ պրն. Հովհաննես Հովհաննիսյանը և գենդերային փորձագետներ տկն. Լիլիթ Զաքարյանն ու պրն. Վլադիմիր Օսիպովը:

Փորձագետները նաև մի շարք առաջարկություններ ներկայացրեցին կանանց հասարակական-քաղաքական մասնակցությունը մեծացնելու և առկա գենդերային բացերը լրացնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր փորձագետի խոսքից հետո տեղ գտավ հարցուպատասխան, որն էլ հնարավորություն տվեց մասնակիցներին կիսել իրենց տեսակետները և հարցեր ուղղել հետազոտության հեղինակներին:

Դիտվել է 3126 անգամ:
Print Friendly

Leave a Reply