Սոցիալապես անապահովները բնական գազի 1 խմ համար կվճարեն 100 դրամ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 14:03
Սոցիալապես անապահով ընտանիքները բնական գազի 1 խորանարդ մետրի համար 132 դրամի փոխարեն կվճարեն 100 դրամ: 2011 թվականի ապրիլի 1-ից մինչեւ 2012 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքների կողմից սպառված բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման նպատակով` ՀՀ կառավարությունն այսօրվա արտագնա նիստում որոշեց «ՀայՌուսգազարդ»-ին առաջարկել 300 խմ բնական գազի քանակության համար վճարումները գանձել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնից նվազեցված գնով` ամսական մինչեւ 10 հազար խմ սպառման դեպքում` 1000 խմ համար 100 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով` այսպիսով 60 հազար ընտանիքների կտրամադրվեն տեղեկանքներ, որոնք ներկայացնելով վճարումը կատարելիս` սպառողները մեկ խմ գազի համար 30 տոկոսից պակաս կվճարեն: «Այդ 30 տոկոսը ՀՀ կառավարությունը կփոխհատուցի «ՀայՌուսգազարդ»-ին»«,-ասաց վարչապետը` ավելացնելով, որ սա նաեւ ՀՀ նախագահի հանձնարարականն էր, որի կատարմամբ թեթեւացվում է սոցիալապես անապահով ընտանիքների բեռը:
Վարչապետը մտահոգություն հայտնեց, որ երբեմն այնպիսի դեպքեր են հանդիպում, երբ սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկվածների բնակական գազի սպառումը գերազանցում է 10 հազար խմ-ը, որը շատ տարօրինակ է: «Նման դեպքերը պետք է դառնան ուսումնասիրության առարկա»,-ասաց Տ. Սարգսյանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվեց` եռօրյա ժամկետում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի եւ պարբերաբար` յուրաքանչյուր ամիս, տեղեկացնել այդ ցուցակներում տեղի ունեցած փոփոխությունների մասին:






Facebook
Tweet This
Email This Post
