Վերծանվել են 12 նոր շարականներ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 13:11
Հին հայկական նոտագրական խազերից վերծանվել եւ մի քանի ամսից լույս կընծայվեն 12 նոր շարականներ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց շարականները վերծանող, կոմպոզիտոր եւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, իրենից առաջ այդ գործով մոտ քսան տարի զբաղվել է Կոմիտասը եւ մոտ քսան տարի էլ նրանից է պահանջվել 12 նոր շարականներ վերծանելու համար: «Հազար տարի առաջ հայկական երգերը նոտագրվել են խազերով:
1600-ական թվականներից հետո նոտագրության այդ ձեւն անհետացավ, քանի որ այդուհետ երգվեց միայն բանավոր: Կոմիտասը 20 տարի զբաղվել է այդ խազերի վերծանմամբ, որոնք հարյուրից ավելի նշաններ են պարունակում: Կոմիտասից հետո համարվում էր, որ դրանք անհետացել են, սակայն արխիվներից մեկում գտնվեցին»,-ասաց Ա. Շահնազարյանը` հավելելով, որ ինքը հավաքել է կոմիտասյան այդ ձեռագրերը եւ 2000 թ-ին հրատարակել «Խազերի կոմիտասյան հայտնությունը» գիրքը:
Կոմիտասի աշխատությունները հրատարակելու եւ տարածելու համար մեծ ներդրում է ունեցել Նարեկացի արվեստի միությունը, որը հեղինակին կօգնի նաեւ նոր վերծանված շարականների հրատարակության գործում: «Մենք այսօր Կոմիտասի տուն-թանգարան չունենք, ինչը ցավալի է: Մենք այս կերպ փորձում ենք ինչ-որ բան անել եւ ժողովրդին լսելի դարձնել իրական Կոմիտասին, քանի որ նրա շնորհիվ բոլորս ենք մաքրվում»,-պարզաբանեց Նարեկացի արվեստի միության հիմնադիր- նախագահ Նարեկ Հարությունյանը:
Արթուր Շահնազարյանը նաեւ տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում են «կոմիտասյան ռազմական հարձակում» սկսել. ձայնագրել հինգ կոմիտասյան երգ եւ դեղատներում ձայնասկավառակների տեսքով` որպես «հակավիրուս», բաժանել մարդկանց, իսկ ծննդատներում կբաժանվեն Կոմիտասի օրորոցային երգերը:






Facebook
Tweet This
Email This Post
