2010թ. համար Հայաստանում կանխատեսվում է 0.25-2 տոկոս տնտեսական աճ
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Աննա Մուրադյան | August 12, 2009 19:46Աշխարհում տնտեսական անկումը 2009 թ. կկազմի 1.4 տոկոս, իսկ 2010 թ. սպասվում է 2.5 տոկոս աճ. այսպիսի կանխորոշում է անում Արժույթի միջազգային հիմնադրամը:
Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2010 թ. կլինի 0.25-2 տոկոս տնտեսական աճ: Միաժամանակ անորոշությունների մակարդակը շատ բարձր է, և հնարավոր է` արձանագրվի ինչպես աճի, այնպես էլ տնտեսական անկման ցուցանիշ: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամն ասում է, որ ճգնաժամի ջղակծկումները տևում են երկար ու ընթանում են դանդաղ: Հետևաբար տնտեսության առողջացման ժամկետները դեռ շատ անորոշ են ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է տնտեսության 16.3 տոկոս անկում: (Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է, որ ՀՆԱ–ն (համախառն ներքին արդյունք) նվազել է ոչ թե 16.3, այլ 30 տոկոսով): ՀՆԱ արտադրության ծավալը կազմել է 1 տրիլիոն 119 մլրդ. դրամ, (նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 1 տրիլիոն 323 մլն. դրամ), իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ն՝ 345.000 դրամ կամ 993 ԱՄՆ դոլար:
Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ 55.5տոկոս, իրականացվել է 124.5 մլրդ. դրամի շինարարություն (նախորդ տարի` 231.7 մլրդ. դրամ): Սակայն այս ոլորտում հունիսը մայիսի համեմատ արձանագրել է մոտ 131 տոկոս աճ: Շինարարությունից հետո ամենամեծ անկումն ունեցել է արտաքին առևտրաշրջանառությունը՝ 31.5 տոկոս, եղել է 578.8 մլրդ դրամ շրջանառություն (նախորդ տարի` 747.3 մլրդ դրամ): Արտահանումը նվազել է 45.9 տոկոսով և կազմել 99մլրդ դրամ (նախորդ տարի` 160.2 դրամ), իսկ ներմուծումը՝ 27.5 տոկոսով՝ 480մլրդ դրամ (նախորդ տարի` 587.1 մլրդ դրամ):
Արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 11.5 տոկոսով և կազմել 281.5 մլրդ դրամ (նախորդ տարի` 357 մլրդ. դրամ), իսկ գյուղատնտեսությունը՝ 2.5 տոկոսով` 123.5 մլրդ. դրամ (նախորդ տարի` 133.4 մլրդ. դրամ): Միջին ամսական աշխատավարձն աճել է 12.7 տոկոսով և կազմել մոտ 98.000 դրամ: Առևտրի շրջանառությունը պահպանել է նույն տեմպը և կազմել 624.6 մլրդ դրամ, ընդ որում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 3.3 տոկոսով և կազմել 413.5 մլրդ դրամ, իսկ ավտոմեքենաների առևտուրը նվազել է 3.4 տոկոսով և կազմել 22.8 մլրդ դրամ:
ՀՆԱ կառուցվածքի մեջ զգալիորեն աճել է ծառայությունների ոլորտի (առևտուր, տրանսպորտ, կապ, հյուրանոցներ և այլն) մասնաբաժինը. 2008թ. առաջին կիսամյակում գրանցվել էր 39.6 տոկոս, իսկ այս տարի` 50.6 տոկոս: 0.6 տոկոսով աճել է նաև գյուղատնտեսության մասնաբաժինը և դարձել10 տոկոս: Մինչդեռ ՀՆԱ–ում շինարարության մասնաբաժինը 22.9 տոկոսից իջել և դարձել է 14.3 տոկոս:
Նվազել է նաև արդյունաբերության՝ ներառյալ էներգետիկան, չափը` 17-ից դառնալով 15.7 տոկոս: Հունվարին արձանագրված 0.7 տոկոս տնտեսական անկումից հետո ՀՆԱ նվազման ամենաբարձր ցուցանիշ դիտվեց հունվար–ապրիլ ամիսներին, երբ 9.7 տոկոսից ՀՆԱ արտադրանքի ծավալը նվազեց միանգամից 6 տոկոսով և դարձավ 15.7 տոկոս: Այնուհետև նվազման տեմպը սկսեց կանգնել: Հունիսին մայիսի նկատմամբ ՀՆԱ–ն աճեց 39.7 տոկոսով. տնտեսական անկումը նվազեց ընդամենը 0.6 տոկոսով՝ դառնալով 16.3 տոկոս:
Տնտեսական անկման դադարն առիթ է հանդիսացել եզրակացնելու, որ տնտեսությունում կան կայունացման միտումներ: Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասում է, որ կայունացումը կշարունակվի նաև երկրորդ կիսամյակում. «Սակայն դա չի նշանակում, որ ճգնաժամը կհաղթահարվի կամ տնտեսությունում աճ կարձանագրվի», – ասում է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կանխատեսել էր, որ վատագույն սցենարով տնտեսական անկման ցուցանիշը կհասնի մինչև 20 տոկոս: Սակայն շինարարության ոլորտում հունիսին մայիսի նկատմամբ աննախադեպ աճը գործադիր իշխանություններին ստիպեց վերանայել հոռետեսական կանխատեսումները:
Ըստ այդմ՝ ԿԲ կանխատեսումներով տնտեսական միջին անկումը 2009 թ. համար կկազմի 12-15 տոկոս: ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասում է, որ տարեվերջին անկումն արտահայտված կլինի երկնիշ թվով: Ըստ նրա` տնտեսության խնդիրները, ինչպես նաև երկնիշ անկման պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէ: «Մեր տնտեսությունը զարգանում է որոշակի պարադոքսներով, – ասում է Մանասերյանը, – ես խորապես համոզված եմ, որ եթե համաշխարհային ճգնաժամը հաղթահարվի, մենք միևնույն է ետ կմնանք, եթե չհաղթահարենք մեր ներքին դժվարությունները»:






Facebook
Tweet This
Email This Post
