Երվանդ Քոչարի գլուխգործոցը` Հայաստանի ազգային պատկերասրահում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | March 31, 2011 10:52

Հայաստանի «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ` Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 5-ին կանցկացվի բացառիկ ցուցադրություն: Ինչպես «Արմեպրես»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի հիմնադիր Արմինե Քոչարյանը, Հայաստանի ազգային պատկերասրահում կլինի մեկ աշխատանքի ցուցահանդես. կցուցադրվի Երվանդ Քոչարի` փարիզյան շրջանում` 1927 թ-ին, արված տարածական գլուխգործոցներից մեկը, որը հատուկ բերվել է Փարիզի «Մինոտավր» թանգարանից:

Նրա խոսքով` կտավը «Մինոտավր» թանգարանի տնօրեն, հայտնի կոլեկցիոներ Բենուա Սապիրոյի անձնական հավաքածուում է գտնվել, իսկ մինչ այդտեղ հայտնվելը, այն շուրջ 30 տարի գտնվել է ֆրանսիացի հայտնի կոլեկցիոներ Պատրիս Տրիգանոյի հավաքածուում: «Աշխատանքը բացառիկ է նրանով, որ այն միշտ գտնվել է մասնավոր հավաքածուներում, եւ երբեւէ հասարակության լայն շերտերի համար չի ցուցադրվել»,- նշեց Ա. Քոչարյանը` հավելելով, որ աշխատանքի տեղափոխման հետ կապված բանակցությունները շուրջ 1,5 տարի են տեւել:

«Կաշխատենք այնպես անել, որպեսզի այն մնա Հայաստանում, քանի որ արված է հրաշալի վարպետությամբ եւ եզակի է»,- փաստեց կենտրոնի հիմնադիրը: Ցուցադրությանն աջակցել են նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի ազգային պատկերասրահը: Արվեստասեր հասարակությունը նկարը դիտելու հնարավորություն կունենա 1 ամիս շարունակ: Ա. Քոչարյանը նաեւ նշեց, որ այդ օրը պատկերասրահի մեկ այլ ցուցասրահում կցուցադրվի ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի «Նատյուրմորտ» աշխատանքը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարի խոսքով` Պոմպիդու կենտրոնն իր հավաքածուում գտնվող Քոչարի տարածական նկարներից մեկը ժամանակավորապես Քոչարի հոբելյանական ցուցահանդեսին տրամադրելու համար առասպելական գումարներ է պահանջել, այնպես որ ինքը պատկերացնում է, թե ինչպիսի կազմակերպչական ջանքերի ու ֆինանսական զոհողությունների գնով է հաջողվել «Բարձր արվեստ» կենտրոնին ստեղծել հիրավի պատմական ցուցադրանքը:

Նշենք, որ ավանգարդի նշանավոր տեսաբան Վ Ժորժը «Քոչարը եւ տարածական նկարչությունը» խորագրով գրքում գրել է. «Քոչարի տարածական նկարչությունն արդի արվեստի բարձրագույն նվաճումներից է, նշանակալի, որքան Բրանկուզիի անեղծ ֆորմաները եւ Ժան Արպի միներալ ոճավորումները, Պիկասոյի եւ Բրակի կոնստրուկցիաները, Սոնյա եւ Ռոբեր Դելոնեների բազմագույն ռելիեֆները: Տարածական նկարչությունը մոդայիկ արտահայտչամիջոց չէ, այլ ինքնուրույն արվեստ, որն ունի իր լեզուն եւ շարահյուսությունը»:

Դիտվել է 1426 անգամ:
Print Friendly

Leave a Reply