Հաշմանդամների խնդիրներին նվիրված քննարկումներ` մարզերում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 31, 2011 10:49
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանրապետության բոլոր մարզերում նախաձեռնել է անցկացնել հանրային քննարկումներ`ուղղված հաշմանդամության խնդիրներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նման քննարկումներ արդեն անցկացվել են Տավուշի, Արարատի, Սյունիքի մարզերում: Մասնակցել են մարզպետարանների եւ համայնքների բոլոր պատասխանատուները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ այլք:
Ջ. Բաղդասարյանի խոսքով` հանրային քննարկման նպատակներից մեկը հաշմանդամությանն ուղղված բոլոր պետական ծրագրերը եւս մեկ անգամ ներկայացնելն է: «Ինչքան էլ զանգվածային լրատվամիջոցներով տեղեկատվություն է հաղորդվում, միեւնույն է, տեղում աշխատանք տանելը շատ կարեւոր է: Մարզերում հանրային քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալ, թե մեր բոլոր ծրագրերն ինչպիսի արդյունավետություն ունեն, արդյունքում ինչ է փոխվել, դրական տեղաշարժ կա, թե ոչ»,-ասաց Ջ. Բաղդասարյանը:
Նրա խոսքով, եթե ինչ-որ խնդիր կա, փորձում են տեղում լուծում, կամ հետագա անելիքներում նկատի ունենալ: Քննարկումների ժամանակ հստակեցվում է, թե ինչ լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի ծրագրերն առավել արդյունավետ լինեն: Քննարկումները կանցկացվեն մինչեւ ապրիլի 15-ը.հերթական քննարկումը կանցկացվի Կոտայքում: Այս փուլից հետո նախատեսվում են հանդիպումներ արդեն կոնկրետ համայնքներում:Փոխնախարարի խոսքով` քաղաքների բնակիչները հիմնականում տեղյակ են իրենց խնդիրներից, իսկ հեռավոր, սահմանամերձ գյուղերում մարդիկ իրազեկված չեն:






Facebook
Tweet This
Email This Post
