Հայտնաբերվել է ապօրինի ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ եւ բանջարեղեն

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2011 18:34

Օրերս Բավրայի մաքսակետում ՊԵԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներմուծված մոտ 2,5 տոննա միրգ եւ բանջարեղեն:

ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մաքսակետում վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Վրաստանից մուտք գործած MERCEDES մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ` Վրաստանի քաղաքացի Մամուկա Մելիքիձեն հայտնել էր, թե իբր մեքենան դատարկ է հատել սահմանը: Ավտոմեքենայի  զննության ժամանակ, սակայն, պարզվել է, որ թափքում առկա է թաքստոց, որտեղ էլ հայտնաբերվել են ապօրինի ներմուծված արեւադարձային մրգերն ու բանջարեղենը:

Ի դեպ, շուրջ մեկ տարվա ընթացքում ՊԵԿ-ի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից արձանագրվել է մաքսային կանոնների խախտման 170 դեպք, ինչի  արդյունքում պետական բյուջե է գանձվել ավելի քան 280 մլն դրամ:

Դպրոցի հաշվապահը պետական գումարներ է յուրացրել

Այս օրերին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Լոռու մարզի Լեջան եւ Կաթնաղբյուր գյուղերի միջնակարգ դպրոցների` սոցվճարների մասով առաջացած պարտքերը:

Կուտակած պարտքերի պատճառները ճշտելու նպատակով` վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել է, որ պարտադիր սոցվճարի մասով պարտքը դպրոցում առաջացել է կրթօջախի հաշվապահ, Ստեփանավանի բնակչուհի Լիլիա Ներսիսյանի հանցավոր արարքի հետեւանքով: Վերջինս, 2009-ի փետրվարից մինչեւ 2010-ի սեպտեմբերը Կաթնաղբյուրի դպրոցի պարտադիր սոցվճարների գումարներից փոխանցել է բանկում բացված իր անձնական հաշվին` մեկուկես տարվա ընթացքում  ընդհանուր առմամբ շուրջ մեկուկես միլիոն դրամ, որը Լ.Ներսիսյանն օգտագործել է անձնական կարիքները հոգալու նպատակով:

ՊԵԿ օպերատիվ խումբը զուգահեռ նաեւ այլ տեղեկություն է ստացել, ըստ որի Լ.Ներսիսյանի դուստրը` Ստեփանավանի բնակչուհի Հասմիկ Բարոյանը ձեւակերպված է Լեջանի միջնակարգ դպրոցում  որպես հաշվապահ, սակայն հաշվապահությունը փաստացի վարել է նրա մայրը: Այս դեպքում եւս վերջինս նույն եղանակով յուրացրել է պետական  գումարները, ինչի հետեւանքով Լեջանի դպրոցում նույնպես 2010-ի նոյեմբերին պարտադիր սոցվճարների մասով շուրջ 360 հազար դրամի ապառք է գոյացել:

Փաստի առթիվ ստեղծված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն` հետագա ընթացքը որոշելու նպատակով:

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply