Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել ՀԱԿ ակտիվիստի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2011 18:24

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ` մարտի 29-ին հանդիպել է Հայաստանի նախագա Սերժ Սարգսյանի հետ: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:

«Հանդիպման ընթացքում խոսք է գնացել բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի մասին: Պարոն Ծառուկյանը նախօրեին նախապես ասել էր, որ այդ հարցով դիմելու է նախագահին: Նախագահն ասել է, որ նույնպես հարգանքով է վերաբերվում հայ մարզաշխարհում մեծ ներդրում ունեցող մարզիկներին»,- ասաց Գալստյանը եւ հավելեց. «Կարող եմ ասել միայն այսքանը: Հանդիպման այլ մանրամասների մասին ոչինչ ավելացնել չեմ կարող»:

Մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հանդիպմանը քննարկվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համատեղ ընտրացուցակով հանդես գալու հնարավորությունը, Խաչիկ Գալստյանը նշեց, թե «նման տեղեկություններ չունի»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, բռնցքամարտի Եվրոպայի եւ ԽՍՀՄ չեմպիոն Սամսոն Խաչատրյանին ձերբակալել էին մարտի 13-ին եւ մեղադրանք ներկայացրել ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Հայ ազգային կոնգրեսն ու ինքը` Սամսոն Խաչատրյանը հետապնդումը քաղաքական են որակում:

Դիտվել է 1835 անգամ:
Print Friendly

Leave a Reply