Թամամյանի գործով հարցաքննված Արաբկիրի փոխոստիկանապետ Արմեն Պողոսյանին ազատել են աշխատանքից
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 18:05
Աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Ոստիկանության մամուլի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը։
Մեր տեղեկություններով, Արմեն Պողոսյանին հարցաքննել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Նշենք, որ Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Թամամյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում էր կայացրել:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
