Ֆիոլետովոն տեռորի տակ. Ջամվելյանը եզդիներին ճնշելուց հետո անցել է մոլոկաններին

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | August 12, 2009 19:55
24

Ֆիոլետովոն Հայաստանի միակ գյուղն է, որի 1500 բնակիչներն էլ մոլոկաններ են

Մոլոկան Դինան, եթե նախկինում մտահոգվում էր, թե գայլերը նախիրի վրա կհարձակվեն, ապա հիմա կես ժամը մեկ զանգում է արոտավայր՝ իմանալու՝ տղան՝ Ալյոշան, ո՞ղջ է, թե՞ ոչ:

«Արզնի» թռչնատավարախոզաբուծական ընկերության նախագահ Մարատ Ջամվելյանի մի ցուլը կորել է, և նա որոշել է, թե Ֆիոլետովոյի գյուղացիներն են գողացել:

Ջամվելյանի նախրապանները և մի քանի ավտոմատավորներ Ալյոշային սկզբում վախեցրել են` պահանջելով ետ վերադարձնել ցուլին, ապա սպառնացել, որ հետ չտալու դեպքում կբռնաբարեն նրան ու հոմոսեքսուալիստ կդարձնեն: «Տղայիս ասել էին, որ գոլուբոյ կսարքեն, եթե էդ ցուլին մորթել է: Որտե՞ղ պիտի պահեր էդ 80 կգ միսը, – պատմում է Դինան` Ալյոշայի մայրը,- էդ Մարատի ավագ նախրապան Վարուժ Բարսեղյանն էլ ասել էր` ինչ ա եղել որ, մի քանի անգամ նստել եմ, էս անգամ էլ կնստեմ, չեմ վախենում: Նույնիսկ հետո` մառախուղի մեջ, ուր ոչինչ տեսանելի չէ, ավտոմատներով կրակել են, բա որ տղայի՞ս կպներ»:

Ֆիոլետովո գյուղի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն ասում է, որ Ջամվելյանը 10 օր առաջ զանգել է ու զգուշացրել, որ նախրից կորել է 75 կգանոց իր ցուլը ու պահանջել, որ մոլոկաններին ասի, որ հետ վերադարձնեն:

«Հետո սպառնաց, որ եթե չտանք իր ցուլը, իրենից մեկը կկորի, մեզանից`10-ը», –ասում է գյուղապետը:

Ֆիոլետովոն Հայաստանի միակ գյուղն է, որի 1500 բնակիչներն էլ մոլոկաններ են (բնակիչներից միայն 10 տոկոսն ունի Ռուսաստանի քաղաքացիություն, մնացածը` Հայաստանի քաղաքացիներ են): Գյուղն ունի 169 տարվա պատմություն: Այստեղ զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Գյուղը ստեղծման օրից ունի մոտ 3000 հա հող, որից մշակելի է միայն 2500 հաը: Այստեղ աճեցնում են կաղամբ, որը թթու դնելուց հետո վաճառում են Ուրալում, Մոսկվայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Կիևում, Դնեպրոպետրովսկում, Ստավրոպոլում և Վորոնեժում: Ֆիոլետովոն կարող է Հայաստանի 30 %-ը ապահովել կաղամբով:

Մյուս ճյուղն անասնապահությունն է: Գարնանն անասուններին նախրապանները տանում են սարեր և մնում այնտեղ մինչև խոր աշուն:

Գյուղապետն ասում է, որ իրենք միշտ էլ լավ են եղել իրենց նախրապան հարևանների հետ մինչև այս տարի, ինչ Ջամվելյանը վարձակալել է սարի հակառակ կողմը (նախկինում այդ տարածքում ոչ ոք նախիր չի արածացրել): Այժմ անհաշտություն է սկսվել նախրապանների միջև:

«Օդի մեջ սահման են գծել ու մեզ ասում են, որ այդ սահմանը եթե նախրապանները հատեն, կկորչեն, էլ հետ չեն գա»,- ասաց Նովիկովը:

Գյուղի նախրապան Ալեքսեյ Մինասուևն էլ պատմում է, որ ցուլի հետ կապված միջադեպի ժամանակ սարերում նախրին հսկելիս են եղել իր 20-ամյա տղան` Ալյոշան, ու 75-ամյա մայրը (տատը թոռանը հաց սարքելու համար է մնում սարերում):

Ալեքսեյն ասաց, որ 2 օր առաջ սարից գյուղ իջնելիս դեպքի մասին լսելով`գնացել է Մարատ Ջամվելյանի մոտ, խոսել հետը:

«Հետս խոսեց մեքենայի միջից, ուր մի 4 հոգի էլ ավտոմատավոր էին նստած,- ասում է Ալեքսեյը,- ինձ էլ ասաց` դուք` բոլոր մալականներդ, գող եք: Տեսքից երևում էր, որ սթափ վիճակում չէ»:

17

Ֆիոլետովո գյուղի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովն ասում է, որ Մարատ Ջամվելյանի մի ցուլը կորել է, և նա որոշել է, թե Ֆիոլետովոյի գյուղացիներն են գողացել:

Միջադեպի մասին լուրը հասել է Գուգարքի ոստիկանություն: Գյուղապետին 5 օր առաջ հրավիրել են ոստիկանություն` ցուցմունք տալու: Նա ասում է, որ չգիտի` ով է լուրն իրավապահներին հայտնել: Միջադեպի մասին բանավոր տեղեկացվել է նաև Հանրային խորհրդին: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն «Անկախին» ասաց, որ այդ խնդրով իրենք արդեն զբաղվում են:

Կրկնվում է 12 տարի առաջ Ջանվելյանի ահաբեկչությունը, որ եղել էր այն ժամանակ մեկ այլ փոքրամասնության` եզդիների նկատմամբ:

1997-ի օգոստոսի «Այժմ» շաբաթաթերթը հաղորդում է, որ այդ տարվա հուլիսին Աբոեվյան քաղաքի մոտի «Ուչխոզ» կոչվող արոտավայրում Մարատ Ջանվելյանը իր մարդկանց հետ ծեծով ու սպառնալիքներով  Զովունի գյուղի եզդիներին արգելում է իրենց ոչխարներին արածեցնել այդտեղ:

Թերթը հղում է անում ոստիկանությանն ուղղված եզդիների դիմումին, ուր ասված է. «Մարատը երեք տղամարդկանց հետ, որոնց դեմքով ճանաչում ենք, հարձակվել են Սահիդ Կարոյանի (16 տարեկան) վրա և հափշտակել մեկ գառ: 9 օր անց Մարատն իր երեք ընկերներով զինված եկավ Ագիթ Կարոյանի վրանը, ուր նա հիվանդ պառկած էր ու սպառնաց` դուք իրավունք չունեք այստեղ անասուն պահելու, թողե՛ք մեր հողը գնացե՛ք: Մարատը հարձակվեց նրա վրա ու երկու անգամ ոտքով հարվածեցմիաժամանակ, փողոցային հայհոյանքներով, ոտքով հարվածեց կանանց` ԳուլեԹառլան Կարոյաններին, ինչպես նահրապարակավ հայհոյում էր մյուս կանանց: Մարատն ասում էր` ում ուզում եք դիմեք, միևնույն է՝ մեր դեմ խաղ չկա: Համարյա ամեն օր, ինչպես նաև վերոհիշյալ վեճի ժամանակ Մարատն ու իր ընկերներն ատրճանակներով զինված էին և օդ կրակեցին»:

Թերթում ասված է, որ Ջամվելյանին նրա ընկերները ներկայացրել են որպես Վանո Սիրադեղյանի ազգական:

Ինչպես մոլոկանների դեպքում, եզդիներն էլ ասել են, որ 40 տարի այդ սարերում անասուն են արածացրել, և երբեք նման դեպք չի եղել: Այն ժամանակ ոստիկանությունը որևէ պատասխանատվության չենթարկեց Ջամվելյանին, հակառակը` ոստիկանության «02» շաբաթաթերթը մի ծավալուն հոդված հրապարակեց ի պաշտպանություն Ջամվելյանի, թե նա ինչպես է զարգացնում գյուղատնտեսությունը:

 

Դիտվել է 3541 անգամ:
Print Friendly

Leave a Reply