Հայտնի է, թե ովքեր են զբաղվելու դպրոցական դասագրքերի բեռնաթափմամբ
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 30, 2011 17:55
Արդեն հայտնի են այն մարդկանց անունները, ովքեր աշխատելու են միջին դպրոցի դասագրքերը մատչելի դարձնելու ուղղությամբ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, աշխատանքային խմբում ընդգրկված են հիմնականում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ:
Նրանց տրված է հանձնարարական` համապատասխան ժամկետներում ներկայացնելու առաջարկներ, որոնք էլ հաջորդիվ կհանձնվեն տեղական փորձագետների դատին: «Տեղացի մասնագետների քննությունից հետո դրանք կքննարկեն նաեւ եվրոպացի փորձագետները»,- ասաց Ա. Աշոտյանը: Նրա խոսքով` հաճախ հասարակության լայն շերտերից դժգոհություններ էին լսվում այն մասին, որ հանրակրթության կրթական ծրագրերը գերբեռնված են, ոչ մատչելի եւ դժվարամարս: «Այդ իսկ պատճառով ընթացիկ տարում նախարարությունը միջին դպրոցում նախատեսում է բեռնաթափել հիմնական առարկաների ծրագրերը 15-20 տոկոսով»,- տեղեկացրեց Ա. Աշոտյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքը բավականին ռիսկային է, որովհետեւ կրթության բնագավառում մասնագիտական աքսիոմներ չկան. անգամ միեւնույն ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար հակառակ տեսակետներ են հայտնում:
«Բայց մենք գնալու ենք այս քայլին, ինչը թույլ կտա ավելի մատչելի դարձնել հանրակրթական ծրագրերը: Դա կմեծացնի մատուցվող նյութի մարսելիության, ըմբռնման աստիճանը եւ չի առաջացնի երեխայի մոտ վանողականություն, դժգոհություն դպրոցի հանդեպ»,- նշեց ԿԳ նախարարը:
Ա. Աշոտյանը ընդգծեց, որ այդ աշխատանքներում նախարարությանն օգնելու են Եվրոպայի խորհրդի փորձագետները, որոնց հետ ինքը նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերել Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում: «Նրանք կմասնակցեն ծրագրի վերանայման աշխատանքներին եւ կհաղորդեն եվրոպական լավագույն փորձ»,- ասաց նա:






Facebook
Tweet This
Email This Post
