ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստի հիմնական հարցը վերաբերում է առողջապահական խնդիրներին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | March 30, 2011 14:23

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցող Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության հանձնաժողովի 36-րդ նիստին հայ լրագրողներն ունեցան հիասթափության երեք պատճառ. նախ նիստը պետք է սկսվեր ժամը 10:00-ին, սակայն պարզվեց, որ հետաձգվել է երկու ժամով, երկրորդ՝ լրագրողները հնարավորություն չունեցան հասկանալու ներկայացուցիչների ելույթների իմաստը, քանի որ թարգմանությունը լսելու համար չունեին ականջակալներ և երրորդ՝ Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Նիստը սկսվելուց 15-20 րոպե անց տեղի ունեցավ ընդմիջում, և լրագրողներն իրենց հարցերը նիստի մասնակիցներին ուղղեցին միջանցքում:

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրեց նիստի հիմնական թեման, որն է՝ համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից սահմանված սանիտարական նորմերի պահպանումը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրներում:

Ինչպես նշեց Մինասյանը, թեման արդիական էր երեկ, այսօր և արդիական կլինի միշտ, քանի որ առողջապահական նորմերի պապահպանումն այն հիմնական խնդիրն է, որը կուղեկցի մարդկությանը ստեղծման օրվանից մինչև վերջ:

Նիստի հիմնական զեկուցող ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ  պատգամավոր Վարդան Խաչատրյանը կներկայացնի հիմնախնդրի ընդհանրական պատկերը անդամ երկրներում, այնուհետև ելույթ կունենան ներկա պատվիրակությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով խնդրի վերաբերյալ իրենց տեսակատները, որից հետո կընդուվի հիմնական զեկուցումը: Վերջում կընդունվի հանձնարարական, որը քննարկվող թեմայի հետ կապված հիմնական փաստաթուղթն է: Այն կուղղվի նախագահող երկրների կառավարություններին:

Այս հանձնաժողովի նիստերի արդյունքները կհաստատվեն գարնանային նստաշրջանի վեհաժողովում, որը տեղի կունենա հունիսի 30-ին Կիևում:

«Ես համոզված եմ, որ այս աշխատանքների ամփոփումից հետո մենք կունենաք վեհաժողովի կողմից հաստատված հանձնարարականներ, որոնք իրենց դերակատարումը կունենան նշված թեմայի բնագավառում ողջ տարածաշրջանում,-նշեց Գագիկ Մինասյանը:

Նա կարծում է, որ առողջապահական նորմերի պահպանման առումով Հայաստանը տարածաշրջանում լավագույններից մեկն է, քանի որ իրականացվում են բոլոր այն հանձնարարականները, որոնք ներկայացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը.

«Սա և´ սանիտարական նորմերի պահպանումն է, որին առաջին հերթին ուղղված են մեր քննարկումները, և´ մնացած բոլոր նորմերի պահպանումը»,-ասաց նա:

Վարդան Խաչատրյանը, ներկայացնելով հարցը, նշեց, որ անձամբ լինելով Ժնևում և հանդիպելով Անդրկովկասով և հարակից տարածքներով զբաղվող բաժնի աշխատակիցների հետ, եկել է այն եզրակացության, որ վերջիններս առաջին կարևորագույն խնդիրը համարում են գոյություն ունեցող առողջապահական իրավիճակի ներկայացումը՝ որպես հավաք փաստաթուղթ բոլոր երկրների կողմից.

«Մեր ներկայացրել ենք առաջարկներ, որոնք կապված են առաջին հերթին թռչնի գրիպի մուտացիայի հետ, որը խոզի ժանտախտն է Հայաստանում և որը խիստ մտահոգիչ է՝ մարդուն անցնելու առումով,-ասաց Խաչատրյանը,-ներկայացրել ենք նաև մեր խնդիրները՝ կապված ռեակտիվների, լաբորատորիաների հետ»:

Խաչատրյանի խոսքով, հարցը քննարվել է, սակայն մոտ ժամանակներում համանման օգնություն Հայաստանին ցույց չի տրվի:

Հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվելու է նաև որոշ երկրների կողմից առողջապահական իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն չներկայացնելու հարցը: Խաչատրյանը հայտնեց, որ այդ երկրները չորսն են, սակայն չներկայացրեց, թե կոնկրետ որոնք են: Հայաստանը, բարեբախտաբար, այդ ցուցակում չէ:

Մինասյանը համոզված է, որ այս քննարկումները նոր խթան կհանդիսանան և հնարավորություններ կստեղծեն ոչ միայն տարածաշրջանում, այլ կոնկրետ Հայաստանում այդ խնդիրներն է´լ ավելի արդյունավետ լուծելու համար:

Նիստին մասնակցում էին պատվիրակություններ  Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից Ուկրաինայից, Հունաստանից, Բուլղարիայից: Սերբիայի պատվիրակությունը դետևս չէր ժամանել, սակայն սպասում էին:

Ի դեպ, ՍԾՏՀ անդամ Ադրբեջանից այսօրվա նիստին մասնակիցներ չկային: Գագիկ Մինասյանը դժվարացավ բացատրել Ադրբեջանի պատվիրակության բացակայության պատճառը՝ նշելով, որ իրենց որևէ տեղեկություն չի հաղորդվել բացակայության վերաբերյալ: Մինասյանը նաև հայտնեց, որ մի քանի շաբաթ առաջ Մոսկվայում կայացած տնտեսական հանձնաժողովի նիստին Ադրբեջանի պատվիրակությունը ներկա էր:

Ինչ վերաբերում է Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչներին, ապա նրանք  հրաժարվեցին պատասխանել հայ լրագրողների հարցերին՝ հավանաբար խուսափելով հնարավոր քաղաքական հարցերից:

Նիստը կավարտվի վաղը:

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply