Նոր ընտրական օրենսգիրքը արդա՞ր, թե՞ կեղծիքներով լի ընտրությունների գրավական
Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | March 30, 2011 15:24
«Բնական է, որ ընտրություններից առաջ բարեփոխվում է ընտրական օրենսգիրքը»,- ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին անդրադառնալով` ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Առաջիկայում, մինչև ԱԺ 2-րդ ընթերցմամբ նախագծի քննարկումը, կազմակերպվելու են նաև հասարակական լսումներ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանի կարծիքով էլ ընտրական օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունները դրական են, քանի որ փորձում են լուծել նախորդ ընտրությունների ժամանակ առաջ եկած խնդիրները: Նրա խոսքով` փոփոխված օրենսգիրքը ևս համադարման չի լինելու և չի բացառելու խնդիրները ընտրական գործընթացի ժամանակ, սակայն սա մեկ քայլ առաջ է դեպի արդար և թափանցիկ ընտրություններ:
Զոհրաբյանը առանձնացնում է մի քանի դրույթներ, որոնք ԲՀԿ-ն կարևորում է առաջարկված փոփոխություններում: Ըստ այդմ` ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը կլինի դրոշմակնիքի ձևով` բացառելու ստորագրության կեղծումները: Իսկ բազմակի ընտրությունները բացառելու համար անձնագրերը կկնքվեն օքսիդացող թանաքով, որը որոշժամանակ անց կվերանա:
Խստացվել են նաև պատիժները` ընտրակեղծարարների նկատմամբ: Օրինակ, ընտրակեղծիքի մեջ բռնված պաշտոնյան 5 տարով կզրկվի պաշտոնավարելու իրավունքից:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, սակայն, ասում է, որ կոալիցիայի առաջարկած փոփոխությունները ընտրական օրենսգրքում ոչ միայն չեն ապահովի արդար ընտրություններ, այլև կբերեն ընտրակեղծիքների նոր որակի դրսևորման: Մինասյանն ասում է, որ ընտրական օրենսգրքում սկզբունքային խնդիրներ կան, ինչպիսիք են բազմակի քվեարկության դեմ պայքարելու գործուն մեխանիզմների բացակայությունը, քաղաքական ուժերին քարոզարշավի ժամանակ հավասար պայմանների ապահովման մեխանիզմների անկատարությունը և այլն:
ՀՅԴ և Ժառանգություն խմբակցությունները, հաշվի առնելով իրենց մատնանշած բացերը, ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրենց նախագիծն են ներկայացրել, որը, սակայն, չի ընդունվել:
«Իրականացվող փոփոխությունները վկայում են, որ իշխանությունները պատրաստ չեն արդար ընտրությունների»,- ասում է Մինասյանը` հավելելով, որ փոփոխված օրենսգիրքը դիտորդներին և վստահված անձանց ոչ միայն նոր իրավունքներ չի տալիս, այլ նաև սահմանափկում է նրանց իրավունքները: Որպես այդպիսին Մինասյանը նշում է դրույթը, ըստ որի դիտորդներ կարող են լինել միայն հատուկ մասնագիտական ուսուցում ունեցող մարդիկ, իսկ վստահված անձին էլ ընտրություններից յոթ օր առաջ այլևս փոխել հնարավոր չէ (նախկինում վստահված անձը ցանկացած պահի կարող էր փոխվել):
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը որպես փոփոխությունների նախագծի դրական կողմ նշում է այն, որ վստահված անձինք կարող են տեսաձայնագրել ընտրության ողջ ընթացքը, մինչդեռ նախկինում կարող էին տեսաձայնագրել միայն ձայների հաշվարկի գործընթացը:
Ժառանգության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, նշում է, որ պետության պարտավորությունն է տեսաձայնագրել ընտրությունները, որպեսզի, օրինակ, Երևանի բնակիչը, ցանկացած պահի կարողանա հետևել այլ բնակավայրում ընտրությունների ընթացքին:
« Պետությունը ԵՄ-ից 162 մլն եվրո գումար է ստացել բարեփոխումների համար: Դա հո միայն օրենսդրությունը փոփոխելու համար չէ՞: »,- ասում է Մարտիրոսյանը` հավելելով, որ տեսաձայնագրության ապահովումը 1 մլն դոլարի խնդիր է:
Մարտիրոսյանը նշում է, որ գործուն տարբերակ չէ նաև մասնագիտացված ընտրական հանձնաժողով ձևավորելը, որը որևէ քաղաքական կողմնորոշում չպետք է ունենա: «Իհարկե, ցանկալի է, որ կուսակցությունները իրենց ռեսուրսները ոչ թե վարչարարության վրա ծախսեն, այլ քարոզարշավով զբաղվեն: Սակայն Հայաստանում անկախ մարմին ասվածը գոյություն չունի և դրա մասին խոսելը ժամանակի կորսուստ է»:
Սրանից ելնելով Ժառանգությունը և ՀՅԴ-ն առաջարկում են ընտրական հանձնաժողովները ձևավորել քաղաքական սկզբունքով, որտեղ ընդդիմությունը և իշխանությունը ներկայացված կլինեն 50/50 հարաբերակցությամբ, ինչով հնարավոր կլինի գոնե պսեվդոանկախ մարմին ձևավորել: Այլապես «նոր ընտրական օրենսգիրքը իշխանությունների համար վերարտադրվելու միջոց կլինի»:
ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն էլ ասում է, որ նոր ընտրական օրենսգիրքը և դրա քննարկումները իրականության հետ որևէ առնչություն չունեն: Նրա կարծիքով` քաղաքական կամքի դեպքում արդար ընտրություններ հնարավոր է կազմակերպել նաև վատ օրենսդրության պայմաններում և հակառակը:








Facebook
Tweet This
Email This Post
