ԼՂՀ-ում նախատեսված միջազգային համաժողովին հրավիրվել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2011 11:36

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մայիսի 5-ին նախատեսված է անցկացնել միջազգային համաժողով, որին հրավիրվել է նաեւ ծրագրին մասնակից Ադրբեջանի ներկայացուցիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Անհայտ կորածների հարազատների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար, «Կանայք հանուն խաղաղության» ծրագրի հայաստանյան պատվիրակության նախագահ Ռիմա Առաքելյանը, համաժողովի ընթացքում կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում` կանանց դերը հակամարտությունների լուծման շրջանում, անհայտ կորածների խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի 1325 բանաձեւի` կանանց հանդեպ սեռական բռնությունների դեմ պայքարի համար նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ հարցեր: Ծրագիրը ղեկավարում է բելգիացի սենատոր Դոմենիկ Թիլմանսը:

Ըստ Ռ. Առաքելյանի` ծրագրի շրջանակներում մի քանի հանդիպումներ արդեն կազմակերպվել են: Բաքվում կայացած հանդիպմանը նա չի կարողացել մասնակցել` ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքների ուշ տրամադրման հետեւանքով: Ներկայում որոշվում է ԼՂՀ-ում անցկացվելիք համաժողովին Ադրբեջանի ներկայացուցչի` «Ազերի-թյուրք» կանանց միավորման նախագահ Թանզիլ Ռուստամխանլիի մասնակցության հարցը:

«Եթե ադրբեջանական իշխանությունները չխոչընդոտեն նրա այցին, հայկական կողմը պատրաստ է ապահովել ադրբեջանցի մասնակիցների անվտանգությունը»,- ընդգծեց Ռ. Առաքելյանը: Վերջինիս առաջարկությամբ այժմ քննարկվում է ծրագրի մասնակիցների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցը:

Դիտվել է 825 անգամ:
Print Friendly

Leave a Reply