ԱՊՀ հայ համայնքներում խառնամուսնությունները հասնում են մինչեւ 60 տոկոսի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 30, 2011 11:20

Տարբեր գնահատականներով` ԱՊՀ երկրներում բնակվում է շուրջ 3 միլիոն հայ, որոնց խնդիրների լուծման համար ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակել է մի շարք քայլեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, Ռուսաստանի Դաշնության եւ այլ պետությունների տարածքում ռուսաց լեզվի ազդեցության ոլորտի առկայությունը եւ մեծ հեռավորությունը հայաշատ, կայուն համայնքներից պարարտ հող են ստեղծում հայկական սփյուռքի ազգային դիմագծի կորստի ու աղավաղումների համար:

Մեծ թիվ են կազմում խառնամուսնությունները. տարբեր գնահատականներով` որոշ տարածաշրջաններում մոտ 60 տոկոս: Առանձին երկրներում`Մոլդովա, Տաջիկստան, Ղրղզստան, ՌԴ հեռավոր դաշնային շրջաններ եւ այլն, թույլ է կապը նաեւ Հայաստանի ու հայաշատ այլ համայնքների հետ: «Հայկական ընտանիքներում ցածր է ծնելիության մակարդակը, առկա են տնտեսական դժվարություններ: Հայաստանի եւ հայության մասին հայերեն տեղեկատվությունը դեռեւս մնում է դժվար հասանելի:

Հայոց լեզվի նկատմամբ հետաքրքրությունն օրավուր նվազում է, եւ դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները»,-նշեց աշխատակազմի ղեկավարը` պարզաբանելով, որ հայերեն հիմնականում սովորում են նրանք, ովքեր մտադիր են վերադառնալ Հայաստան, իսկ շատերը մայրենին սովորելը համարում են անհեռանկարային: Ստեփան Պետրոսյանի տեղեկացմամբ` հայապահպանությունն այդ համայնքներում դեռեւս չի դարձել տեղի բոլոր հայկական կառույցների, այդ թվում` հոգեւոր-մշակութային կենտրոնների, բարեգործական, հայրենակցական եւ այլ հասարակական կազմակերպությունների ու զանգվածային լրատվության միջոցների գերխնդիրը:

«Դեռեւս գործում է միասնական բազմազգ ընտանիքում ապրելու սովետական քաղաքացու մտածողության իներցիան, բացակայում է նոր իրավիճակի համարժեք ընկալումը, եւ որպես հետեւանք` բացակայում է ազգային ինքնության եւ հայապահպանության խորը պահանջն ու գիտակցումը»,-ասաց նա: Տարածաշրջանի որոշ համայնքներում մշակութային կյանքը թույլ է, անկազմակերպ ու մեկուսացված, ինչն իր հերթին պարարտ հող է ստեղծում` յուրացնելու այլ մշակութային արժեքներ` ստորադասելով հայկականը:

Այս ամենի արդյունքում` գնալով մեծանում է հայության լեզվամշակութային ինքնության կորստի վտանգը: Այդ խնդիրների լուծման համար մշակվել է «ԱՊՀ երկրների հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության» ծրագրի նախագիծը, որը ներկայում գտնվում է քննարկման փուլում:

Ծրագրի հիմնական նպատակը ԱՊՀ հայ համայնքներում ազգային ինքնության պահպանումն ու ամրապնդումն է, ծագումով հայ երիտասարդներին հայադարձության նոր լիցքերի հաղորդումը, մայրենի լեզվի ուսուցումը, երիտասարդական կազմակերպությունների միջեւ կապերի ընդլայնումը, հնարավորության շրջանակներում` նրանց մասնագիտական կրթության կազմակերպումը Հայաստանի բուհերում: Ինչպես Ստեփան Պետրոսյանը տեղեկացրեց, ծրագիրը ներառում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են հայեցի կրթության համակարգի ընդլայնմանն ու արդյունավետության բարձրացմանը, ԱՊՀ երկրներում հայ ներուժի հայտնաբերմանը, համախմբմանը, հայ համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը, տարածաշրջանում բնակվող այլալեզու, այլադավան եւ այլակրոն հայերի վերաինտեգրմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը:

Դիտվել է 1237 անգամ:
Print Friendly

Leave a Reply