UNICEF-ի աջակցությամբ սոցիալական ծրագրեր կիրականացվեն քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում

Պաշտոնական, Օրվա լուր | | March 30, 2011 10:49

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել  է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիին և ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանին։

UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը քաղաքապետին է  ներկայացրել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։  «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներգրավվածությունն ու ջանքերը, որ գործադրում եք երեխաների կրթության, դաստիարակության պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հատկապես ուրախալի  է մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին վերջերս Ձեր կայացրած որոշումը»,- նշել է UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչը` ավելացնելով, որ կարևոր և ողջունելի է նաև նման գործընթացներին գործարար շրջանակներին մասնակից դարձնելու մոտեցումը։

Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է UNICEF-ի հայաստանյան գործունեության շրջանակներում հնարավոր համագործակցության եզրերը` նշելով, որ քաղաքապետարանը, մասնավորապես, ակնկալում է խորհրդատվական աջակցություն առողջապահության և կրթության ոլորտների կառավարման բնագավառում։ «Բիզնեսի ներգրավումը քաղաքային տնտեսության կառավարման որոշ ոլորտներում կբերի նրան, որ բյուջեի ազատված միջոցները կուղղվեն սոցիալական տարբեր ծրագրերի իրագործմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը։

ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Մարտիրոսյանը նշել է, որ առաջին անգամն է, որ համայնքի ղեկավարությունն ինքն է UNICEF-ի հետ գործակցության նախաձեռնություն հանդես բերում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Մաքուր ջուր» ընկերությունը UNICEF-ի աջակցությամբ սոցիալական ծրագիր կիրականացնի Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծննդատներում։

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply