Արդիականացվում է մարզային հիվանդանոցային ցանցը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 30, 2011 10:36

Արդիականացվում է մարզային հիվանդանոցային ցանցը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Դումանյանը, 2006 թվականից ծավալուն աշխատանքներ են իրականացվում մարզերի հիվանդանոցային ցանցի արդիականացման ուղղությամբ: Արդեն ամբողջությամբ հիմնանորոգվել եւ վերազինվել են մի քանի հիվանդանոցներ, մասնավորապես` Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի բժշկական կենտրոնները:

Գ. Դումանյանի խոսքով` այս հիվանդանոցներում ոչ միայն բարելավվում են շենքային պայմանները, այլեւ դրանք հագեցվում են նորագույն բժշկական սարքավորումներով: Դրանից բացի, Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է մարզերի բժշկական հաստատությունների անձնակազմի վերապատրաստման հարցը: Հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դա շարունակական գործընթաց է, եւ պարբերար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ` դրանցում ներգրավելով բոլոր մարզերի բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին: Գ. Դումանյանի խոսքով` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդանոցների վերաբացումից հետո զգալիորեն բարձրացել է հիվանդների դիմելիության աստիճանը:

Իրականացվել է արդիականացված բժշկական կենտրոնների 2009թ. (մինչեւ արդիականացման ծրագրի իրականացումը) եւ 2010թ. (ծրագրի ավարտից հետո) հունվար-օգոստոս ամիսների գործունեության ցուցանիշերի համեմատական վերլուծություն: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ նշված ժամանակահատվածում 30-50 տոկոսով աճել է սպասարկված հիվանդների թիվը, վիրահատությունների եւ ծննդաբերությունների քանակը: Իջեւանի բժշկական կենտրոնում 2010 թ. առաջին վեց ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ վճարովի ծառայությունների ծավալն աճել է մոտ 9 անգամ` կազմելով շուրջ 8 միլիոն դրամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 893 հազար 300 դրամի դիմաց:

Գ. Դումանյանը նկատեց, որ ցուցանիշերը թույլ են տալիս ասել, որ հիվանդների մի մասը, որոնք նախկինում վճարովի ծառայություններ էին ստանում Երեւանում, այժմ իրենց առողջապահական կարիքների համար դիմում են մարզային հիվանդանոցներ: Մատուցվող բժշկական ծառայությունների որակի գնահատման նպատակով իրականացվել են նաեւ հիվանդների բավարարվածության գնահատման անանուն հարցումներ: Հարցմանը մասնակցած հիվանդների 97 տոկոսը բավարարված են հիվանդանոցի կողմից մատուցված ծառայություների որակով` գնահատելով այն գերազանց կամ լավ, միայն 66 տոկոսը` գերազանց:

Բարձր է գնահատվել ընդունարանի, ախտորոշիչ ծառայությունների աշխատանքն ու հագեցվածությունը: Հարցված հիվանդների 85 տոկոսը նշել է, որ բուժօգնության անհրաժեշտության դեպքում կդիմեին նույն բուժհաստատություն: Նրա խոսքով` հիմանորոգված հիվանդանոցներում տեղադրված են հատուկ համակարգեր, որոնցով կարիքի պարագայում տեսակապ է հաստատվում մայրաքաղաքի մասնագետների հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն: Մարզային հիվանդանոցների ցանցի արդիականացման ծրագիրը շարունակվում է:

Ընթացքի մեջ են Ապարանի, Գավառի եւ Գյումրիի բժշկական կենտրոնների հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաեւ Մեղրու տարածաշրջանի բժշկական կենտրոնի, Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնների եւ Վանաձորի հիվանդանոցային համալիրի արդիականացման աշխատանքներ: Նշված կենտրոնները կհագեցվեն ժամանակակից բժշկական սարքավորումներով եւ կահույքով: Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում գործում են 255 բժշկական ամբուլատորիաներ եւ 614 բուժակ-մանկաբարձական կետեր: 2000-2010թթ. ընթացքում վերանորոգված եւ նոր կառուցված բժշկական ամբուլատորիաների եւ ընտանեկան բժշկության գրասենյակների ընդհանուր թիվը 145 է, որից 66-ը վերանորոգվել են, 79-ը` կառուցվել:

ՀՀ մարզերի բոլոր ամբուլատորիաները եւ առողջության կենտրոնները հագեցվել են բժշկական սարքավորումներով, կահույքով, պարագաներով եւ համակարգչային սարքավորումներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորմամբ նախատեսվում 2011-2012թթ. կառուցել 13 գյուղական ամբուլատորիաներ: 2011թ. դրությամբ` «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում վերապատրաստվել է 1 548 ընտանեկան բժիշկ եւ 1617 ընտանեկան բուժքույր: Ներկայում եւս 109 ընտանեկան բժիշկ եւ 153 ընտանեկան բուժքույր գտնվում են մասնագիտացման գործընթացում:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply