Մանկական գրականությունը և դրա ընդգրկվածությունը դասագրքերում. քննարկում են ուսուցիչները և մանկագիրները

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | March 29, 2011 17:36

Մանկական գրականությունը և դրա ընդգրկվածությունը ժամանակակից դպրոցական դասագրքերում.   Գրողների միությունում ուսուցիչների և գրողների հերթական հանդիպումն այս թեմային էր նվիրված:

Գրողների միության (ԳՄ) նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ մանկագրությունը Հայաստանում գրականության ամենաակիտիվ զարգացող ճյուղերից է, այս ոլորտի գրքեր շատ են հրատարակվում, սակայն  ոլորտը ևս զերծ չէ խնդիրներից: Նախ` բաց է մանկական արկածային գրականության ոլորտը. Վախթանգ Անանյանից հետո արկածային գրականությամբ չեն զբաղվել: Մյուս խնդիրն այն է, որ չկան երիտասարդ մանկագիրներ, մերօրյա մանկագիրների տարիքը 50-ից բարձր է:

Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանն ասում է, որ չնայած ժամանակները և արժեքները փոխվել են, մանկական գրականության առաքելությունը մնացել է նույնը` օգնել նոր սերունդներին հասկանալ կյանքի խոհուրդը, գտնել իրենց տեղը կյանքում և գնահատել համընդհանուր արժեքները: Ըստ նրա` XXI դարի առաջին տասնամյակում Հայաստանում ստեղծվել է «երեխայի հոգու հետ խոսող գրականություն»: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր մանկագրությունը համարում են «պարապ վախտի խաղալիք», և երբեմն նմանների ստեղծագործությունները հայտնվում են դասագրքերում:

Մանկագիր Սուրեն Մուրադյանն էլ  կոչ է անում ծնողներին և ուսուցիչներին ուշադրություն դարձնել գրքի բովանդակությանը և չխաբվել գեղեցիկ պատկերազարդումներով. «Երբեմն գրախանութները հեղեղված են խոտան գրքերով, որոնք, սակայն, լավ արտաքին ձևավորում ունեն ու լավ են վաճառվում»: Նրա կարծիքով` դասագրքերում պետք է տեղ գտնեն միայն կատարյալ ստեղծագործություններ,  և դա պետք է լինի գնահատանքի  դրսևորում տվյալ հեղինակին: Մանկագիրն առաջարկեց կազմել մանկական գրականության քրեստոմատիա, որը տարրական դասարանների ուսուցիչները որպես օժանդակ դասագիրք կօգտագործեն ուսուցման գործընթացում:

Բանաստեղծուհի Անուշ Վարդանյանն էլ նշեց, որ մանկագիրների համար վիրավորական է, երբ դասագիրք  գրելիս իրենց կարծիքը հաշվի չեն առնում: Նրա խոսքով` երեխաների հետ պետք է խոսել այսօրվա լեզվով, ինչի հնարավորությունը իրենց ստեղծագործությունները տալիս են:

Քննարկմանը ներկա ուսուցիչները նշեցին, որ բարձրացված խնդիրը կարևոր է, սակայն իրենք չէ, որ պետք է լուծեն տվյալ խնդիրը. նման իրավասություն ունեն կրթության և գիտության նախարարությունը և Կրթության ազգային ինստիտուտը:

Տարրական դասագրքերի հեղինակներից Վաչագան Սարգսյանն էլ նշեց, որ խնդիրը չափազանցված է, քանի որ դասագրքերում ընդգրկվում են թե՛ հայ, թե՛ համաշխարհային ճանաչում ունեցող մանկագիրները: Նրա խոսքով, սակայն, երբեմն նաև ինքն է դասերի թեմաները գրում, քանի որ որևէ մանկագիր, օրինակ, տողադարձին չի անդրադարձել. «Նյութը պետք է հաշվի առնի երեխայի տարիքային առանձնահատկությունները, լինի հետաքրքիր, հիմնված լինի ազգայի հոգեբանության վրա և բովանդակի համամարդկային արժեքներ: Այսպիսի պատրաստի նյութեր գրեթե անհնար է գտնել: Այդ պատճառով հաճախ եղածը փոփոխությունների ենք ենթարկում, ինքներս ենք գրում»:

Սարգսյանն ասում է, որ դասագրքերի վրա աշխատել է 6 անդամից բաղկացած հեղինակային խումբ, իրենից բացի ընդգրկված են եղել 3 վերապատրաստող ուսուցիչ, մեթոդիստ և հոգեբան: Նա նշում է, որ մարդկության` հազարամյակներ շարունակ կուտակած գիտելիքները երեխաներին մատչելի դարձնելը բարդ խնդիր է և հատուկ շնորհք է պահանջում: Ուստի, դասագրքում ներառվող  յուրաքանչյուր նյութ ուսուցիչները դպրոցում փորձարկում են, ըստ ունեցած արդյունքների վերամշակում, ապա նոր ներառում գրքում: 2006-ին դասագրքերի առաջին հրատարակությունից հետո ուսուցիչների 2000 գրավոր  կարծիք են ստացել, քննարկել և երկրորդ վերահրատարակության ժամանակ դրանք հիմնականում հաշվի են առել:

Անդրադառնալով ծնողների բողոքներին` Սարգսյանը նշում է, որ ծնողները, չգիտես ինչու, կարծում են, որ սովորելը երեխայի համար հեշտ պետք է լինի. «Խաղով սովորեցնել չի նշանակում, որ ուսումը խաղուպար է: Եթե տանք այնքան գիտելիք,  ինչքան երեխան գիտի, էլ զարգանալու տեղ չի ունենա»: Այսուհանդերձ երեխային պետք է տալ միայն կիրառական գիտելիքներ,  որովհետև «մնացյալը երեխայի համար կդառնա լրացուցիչ բեռ (բալաստ)»:

Դիտվել է 2542 անգամ:
Print Friendly

Leave a Reply