Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 11.2, ծախսերը` 3.3 մլրդ դրամով
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 17:25
2011 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 114.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 109.5 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 62.9%-ով և 52.4%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 13.9%-ով, ծախսերի գծով` 11.9%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 10.9%-ով կամ 11.2 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 11.7% (11.4 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.2%‑ով (136 մլն դրամով), իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:
Պետական բյուջեի եկամուտների 94.6%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.4%-ը` այլ եկամուտների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 2.2 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 87.5%-ը:
2011 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 109.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 52.4%‑ը: Մասնավորապես` 102.3 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 1.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 40%‑ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 3.1%‑ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է այլ ծախսերի, կենսաթոշակների և պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման ծախսերի աճով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ`2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 4.9 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Հավելուրդը պայմանավորված է պետական բյուջեի ծախսերի նկատմամբ եկամուտների համեմատաբար բարձր կատարողականով, որի արդյունքում բյուջեի տարեսկզբի միջոցներից եռամսյակային ծրագրով նախատեսված 28.6 մլրդ դրամից օգտագործվել է 2.7 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 2.8 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -7.7 մլրդ դրամ:






Facebook
Tweet This
Email This Post
