Դավիթ Ջամալյան.«Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 16:24
Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներից, նման տեսակետ արտահայտեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ղարաբաղյան բանակցություններին դրական արդյունքներ փոխանցել, ու պատահական չէ, որ այս անգամ ևս պայմանավորվածություն ձեռք բերվեց գերիների փոխանակման հարցում: «Դա ռուսական դիվանագիտության համար փոքր հաղթանակ չէ»,- ասաց Ջամալյանը` ընդգծելով, որ ի տարբերություն Ադրբեջանի` հայկական կողմը շահագրգռված չէ որևէ ռազմական գործողություններով, իսկ հումանիտար յուրաքանչյուր նախաձեռնություն Հայաստանի համար շահեկան է:
«Ադրբեջանական կողմի համար խնդիրն այլ տրամաբանություն ունի: Այդ երկիրը փորձում է գերիների փոխանակման հարցով համագործակցել` միևնույն ժամանակ պահպանելով նաեւ լարումը: Բաքուն լուրջ հիմքեր ունի ձախողելու բանակցային նախաձեռնությունները` մեղադրելով դրա մեջ հայկական կողմին»,- ասաց ռազմական փորձագետը`չբացառելով, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց թե երբ կգնա այդ արկածախնդրությանը, Դ. Ջամալյանի համար դեռեւս պարզ չէ:
Բանախոսը նաեւ նկատեց, որ Բաքվի քաղաքական հաշվարկներում շատ մեծ դեր է հատկացվում դիպուկահարներին եւ դիվերսիոն խմբերին: «Պարզ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում հարգել իր իսկ ստորագրությունները»,- ասաց Ջամալյանը` հավելելով, որ ադրբեջանցի դիպուկահարների ցանկացած գործունեություն կասեցվում է ու համարժեք պատասխան ստանում հայկական զինված ուժերի կողմից:






Facebook
Tweet This
Email This Post
