Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միությունը կոչ է անում քաղաքական գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | March 29, 2011 14:43
Հայաստանի Երիտասարդ Քաղաքական Գործիչների Միությունը (ՀԵՔԳՄ) հայտարարություն է տարածել, որում կոչ է անում քաղաքական գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին:
ՀԵՔԳՄ լրատվական ծառայության “Անկախ”-ին փոխանցած հաղորդագրության մեջ, մասնավորապես նշված է.
“- Ողջունում ենք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, քանի որ քաղաքական այդ ակտն իր մեջ կրում է քաղաքացիական պայքարի բովանդակություն:
Քաղաքացիական պայքարի յուրաքանչյուր նման դրսևորում դրական է անդրադառնում մեր երկրում ժողովրդավարության զարգացման վրա:
– Անընդունելի ենք համարում քաղաքական ու հասարակական ներկայացուցիչների կողմից հացադուլի կապակցությամբ հնչած արհամարհական կամ զրպարտանք պարունակող հայտարարությունները:
Նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն վարկաբեկում է այդ վարքագիծը կրողներին, այլև լուրջ հարվածի տակ է դնում հայաստանյան քաղաքական դաշտում քիչ թե շատ պահպանվող արժեքային համակարգը:
– Միևնույն ժամանակ կոչ ենք անում հայաստանյան քաղաքական ուժերին, կուսակցություններին` այսուհետ, բացի մարդասիրական հորդորներից, նաև քաղաքական գնահատականներ տալ նման երևույթներին:
Անկախ այն բանից, թե հացադուլն ինչ անուն ունի, դասական իմաստով, այն ոչ-բռնի դիմադրության մի մեթոդ է, որով հացադուլավորը քաղաքական բողոքի ակտ է կատարում` սովորաբար խնդիր դնելով հասնել իշխանության քաղաքականության փոփոխությանը”:
Հիշեցնենք, որ ՀԵՔԳՄ մարտի 24-ի ընդլայնված նիստում կառույցը գնահատել էր վերջին շրջանում տեղի ունեցած քաղաքական վերադասավորումները և բարձրաձայնել հայաստանյան քաղաքական դաշտում սերնդափոխության հրամայականը:






Facebook
Tweet This
Email This Post
