Հաղորդակցության ռազմավարության ծրագիր` ԿԳՆ-ի կողմից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 29, 2011 14:27

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ «ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հաղորդակցության ռազմավարության (2011-2015թթ.)» շնորհանդեսը: Ինչպես բացման խոսքում նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` Հաղորդակցության ռազմավարությունը նախարարության, հետեւաբար եւ կրթության ոլորտում մի ծրագիր է, որն աննախադեպ է իր բովանդակությամբ եւ ուղղվածությամբ:

Նախարարը մասնավորեցրեց, որ ռազմավարությունն իրենից ներկայացնում է համապատասխան միջոցառումների եւ մոտեցումների համախումբ, որտեղ հստակ նշված են թիրախ խմբերը, մասնակիցները, միջոցառման բնույթը, կոմունիկացիոն ինչպիսի ալիք, միջոց պետք է օգտագործել` համապատասխան խնդիրները լուծելու համար:

«Մենք ենթադրում ենք, որ արդեն այս ամառ կկարողանանք կազմակերպել կարճ ամառային դասընթաց-դպրոց` կրթությունը լուսաբանող մեր գործընկեր լրագրողների համար, որպեսզի իրենց ավելի հեշտ լինի հետո հասկանալ այն խնդիրները, մոտեցումները, որ նախարարը կամ այլ պաշտոնյա ասուլիսին արտահայտում է, որպեսզի թյուրըմբռնման կամ թերհասկացվածության խնդիր չլինի»,- նշեց նախարարը` հավելելով, որ կրթության ոլորտը լուսաբանող լրագրողներին պետք է օգնել, որպեսզի նրանց համար մատչելի լինեն միջազգային կրթական զարգացումների նորություններն ու Հայաստանում դրանց իրականացման ընթացքը:

Ըստ Ա. Աշոտյանի` այսպիսով է, որ լրագրողները կդառնան պրոֆեսիոնալներ` բառի ոչ թե միայն կրթական, այլեւ մանկավարժական իմաստով: «Նախարարության նպատակն է եղել այս տարիների ընթացքում, որպեսզի մի կողմից` նախարարության իրականացրած բարեփոխումները եւ նորությունները հասու դառնան հասարակությանը եւ բոլոր շահառուներին, մյուս կողմից` կարողանանք հետադարձ կապի սկզբունքով օպերատիվ կերպով արձագանքել ԶԼՄ-ներում տեղ գտած` կրթության ոլորտին վերաբերող ահազանգերին ու խնդիրներին»,- նշեց նախարարը` տեղեկացնելով, որ այս գործելակերպը նախարարությունը կշարունակի:

Ռազմավարության ծրագիրը նախարարության հակակոռուպցիոն ծրագրի մի մասն է: Ըստ Աշոտյանի` նախարարությունը պետք է օրինակ ծառայի իր աշխատանքով, եւ իրենք հստակ գիտակցում են, որ բարեփոխումները չեն կարող ծառայել իրենց բուն, խորքային նպատակին, եթե չկարողանան հասարակության մեջ ձեռք բերել սատարողների ավելի հոծ բանակ: Այս ծրագիրը, նախարարի խոսքով, նաեւ համընկնում է Կրթության ազգային զարգացման ծրագրի հետ, որը ներկայացված է Ազգային ժողովում:

Ծրագիրը, որը նախօրեին է հաստատվել նախարարի հրամանով, նախարարությանը թույլ կտա ավելի հասկանալի լինել հանրույթի համար, առավել մեծ սատարման կենտրոններ ձեւավորել հասարակության մեջ: Ծրագրի ֆինանսավորման մի շարք հնարավոր աղբյուրներ կան. դրանցից նախարարը թվեց հնարավոր դոնորների ներգրավումը ՄԱԿ-ի կողմից, ՀԿ-ների եւ լրատվամիջոցների աջակցությունը, որոշակի միջոցներ արդեն իսկ նախատեսված են 2011 թ. պետական բյուջեում, հատկացումներ կլինեն նաեւ հաջորդ տարիների պետբյուջեում: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան նշեց, որ այս ռազմավարությունը կազմում է նախարարության կողմից մշակված նոր եւ բավական հավակնոտ ծրագրի մի մասը:

«2011-2015 միջակայքն ընդգրկող այս ծրագիրը նպատակ ունի բարեփոխումների իրականացման: Ծրագրի արդյունքը կախված կլինի նրանից, թե հանրության կողմից ինչպես կընկալվի այն: Ցանկացած բարեփոխում որոշ չափով քաղաքական է, ուստի հասարակության գործոնն այս հարցում խիստ կարեւոր է»,- ասաց Գերչեւան` տեղեկացնելով, որ ՄԱԿ-ում պատրաստ են նախարարության հետ համատեղ հայթայթել բոլոր անհրաժեշտ միջոցները, միեւնույն ժամանակ` պահը չկորցնելով, կփորձեն աջակցություն ցույց տալ այն ծրագրերին, որոնց համար ֆինանսական ներդրումներ չեն պահանջվում:

Դիտվել է 2222 անգամ:
Print Friendly

Leave a Reply